08.10.2018 | 
Ուսանողական, Կրթություն
«ԵՍ ԸՆՏՐԵԼ ԵՄ ԵՊՀ-Ն». ԼԻԼԻ ԱԶԱՏՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿՈՂԲ ԳՅՈՒՂԻՑ Է
«ԵՍ ԸՆՏՐԵԼ ԵՄ ԵՊՀ-Ն». ԼԻԼԻ ԱԶԱՏՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿՈՂԲ ԳՅՈՒՂԻՑ Է
Ես ԵՊՀ ուսանող Լիլի Ազատյանն եմ:

Ծնվել և ապրում եմ Տավուշի մարզի Կողբ սահմանամերձ գյուղում: Սովորել եմ մեր գյուղի դպրոցում: Գյուղում դպրոցական տարիներն ինձ համար հետաքրքիր էին անցնում: Շատ եմ սիրել սովորել: Իմ հիմնական գործը դա էր. սովորելուց ես երբեք չէի ձանձրանում, որոշեցի, որ դպրոցից հետո ուսումս պետք է շարունակեմ: ԵՊՀ ընդունվել ինձ խորհուրդ է տվել իմ ուսուցչուհին, իսկ ֆակուլտետն ընտրել եմ ինքս: Ընդունվեցի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ՝ չիմանալով, թե ուր եմ գալիս. պարզապես շատ էի սիրում աշխարհագրություն առարկան: Բայց չեմ զղջում, հիմա իմ ֆակուլտետն ու իմ բաժինն ինձ համար լավագույնն են:

Մեր գյուղ ուշ-ուշ եմ գնում՝ մի քանի ամիսը մեկ: Գյուղ հազվադեպ գնալու պատճառն այն է, որ երբ գնում եմ գյուղ, հետ վերադառնալ չեմ ուզում: Ճիշտն ասած՝ շատ դժվար համակերպվեցի ու մինչև հիմա էլ չեմ համակերպվում: Շատ եմ սիրում մեր գյուղը, բառերով բացատրել չեմ կարող: Գյուղից կարոտս առնում եմ կուրսեցիներիս շնորհիվ, ովքեր մեր շրջանից են, բայց ընտանիքիս անդամերին շարունակ կարոտում եմ: Երբ հասնում եմ գյուղ, մեր տուն մտնելուց հետո անմիջապես դուրս եմ գալիս ու ժամերով շրջում եմ ինձ հարազատ վայրերով: Մեր գյուղի երիտասարդությունը հիմնականում քաղաքում է ապրում, գյուղում գրեթե մարդ չկա, բայց զբոսանքը պարտադիր է:

Մասնագիտությանս հետ կապված ես տարբեր երազանքներ եմ ունեցել: Օրինակ՝ կար ժամանակ, որ շատ լուրջ մտածում էի դիպուկահար դառնալու մասին: Քանի որ սահմանամերձ գյուղում ենք ապրում, երևի թե յուրաքանչյուր գյուղացու պարտքն է կրակել իմանալը։ Կողբում երեխաների համար տարբեր մրցույթներ էին կազմակերպում և սովորեցնում էին, թե ինչպես օգտվել զենքից: Ես միշտ մասնակցել եմ այդ մրցույթներին: Այդպիսի մրցույթներից մեկի արդյունքում մեր մարզում առաջին տեղն եմ զբաղեցրել։ Ինձ առաջարկեցին հատուկ կրակելու դասընթացների գնալ և աշխատել դիպուկահար: Ես մտածում էի առաջարկն ընդունելու ուղղությամբ, քանի որ այդպես կարող էի գյուղիս օգտակար լինել։ Ցավոք, երազանքս անկատար մնաց. հարազատներս դեմ էին։ Պարարվեստի գծով ևս մտածել եմ շարունակել ուսումս, բայց այդ ցանկությունը նույնպես օդում մնաց։ Դիպուկահար, հետո պարուհի. կարելի է ասել, որ իմ երազանքները ծայրահեղությունից ծայրահեղություն են եղել։

Հիմա, երբ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ ընդունելու երազանքս կատարվել է, այն գիտելիքները, որոնք ստանում ու ստանալու եմ այստեղ, օգտագործելու եմ գյուղիս օգնելու համար: Մեր գյուղում իմ մասնագիտությամբ աշխատանք գտնելը դժվար չէ, սակայն չեմ կարող ասել, թե հետագայում ինչ կլինի: Կձգտեմ գյուղ գնալ ու աշխատել այնտեղ, որովհետև անչափ սիրում ու անասելի շատ կարոտում եմ:

Պատրաստեց

Մարինե Առաքելյանը

 

Այլ նորություններ
ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՎԱԾ ԴԱՍԵՐՆ ՈՒ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ սև շենքի դահլիճում հոկտեմբերի 16-ին ԵՊՀ ուսանողները հանդիպեցին Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ Հրանտ Սարկիսովի, Շուլի Հակոբյանի, Սեյրան Մարգարյանի և քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբոր՝ Ժորա Աբգարյանի հետ:
ՔՆՆԱՐԿԵԼ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԽԹԱՆԵԼ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ. ԵՌՕՐՅԱ ԴՊՐՈՑ՝ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-13-ը Դիլիջան քաղաքում կազմակերպվել է արդեն ավանդական դարձած «Փախստականների իրավունք» խորագրով 9-րդ դպրոցը: