21.10.2019 | 
«ՆՈՒՅՆ ՎԱՅՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼԸ ՄԵԶ ԱՎԵԼԻ ԶԳՈՆ Է ԴԱՐՁՆՈՒՄ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ԱՄՈՒՐ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՎԱՀՐԱՄ ԵՎ ՌԵՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐ
«ՆՈՒՅՆ ՎԱՅՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼԸ ՄԵԶ ԱՎԵԼԻ ԶԳՈՆ Է ԴԱՐՁՆՈՒՄ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ԱՄՈՒՐ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՎԱՀՐԱՄ  ԵՎ ՌԵՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Վահրամ Վարդանյանի և կնոջ՝ Սերվիսի ամբիոնի դասախոս Ռենա Վարդանյանի հանդիպման ճակատագրական վայրը եղել է ԵՊՀ-ն:

«Մեր հարազատ ֆակուլտետում սկզբնավորվեց  մեր մեծ սիրո պատմությունը»:

 

«Երկրաբանության ֆակուլտետն ավարտելուն պես ես աշխատանքի անցա Երկրաֆիզիկայի ամբիոնում, որտեղ աշխատում էի ամբիոնի լաբորատորիայի վարիչ երջանկահիշատակ Ռայա Հակոբյանի հետ,- հիշում է դեկանի տեղակալն ու բացում փակագծերը,- տիկին Հակոբյանին հաճախակի այցելության էր գալիս իր գեղեցկուհի աղջիկը՝ Ռենան»:

 

Հենց այս հանդիպումներից հետո Վահրամ Վարդանյանը որոշում է թույլտվություն հարցնել ապագա զոքանչից՝ Ռայա Հակոբյանից՝ նրա աղջկա հետ հանդիպելու համար:

«Մեր հանդիպումները մեկնարկեցին՝ ֆիլմեր դիտելով, թատրոն գնալով, քայլելով քաղաքի տարբեր փողոցներով, խոսելով ու կիսվելով ամենատարբեր թեմաներից»,-պատմում է Վ. Վարդանյանը:

 

Ռենա Վարդանյանն էլ հիշում է, որ իրենց սիրելի վայրերից էին «Առագաստ» ու «Արաքս» սրճարանները. «Մենք այնտեղ բազմաթիվ քաղցր հիշողություններ ենք թողել»:

«Ռենան հայուհու աչքեր և բացառիկ գեղեցկություն ուներ, ամենակարևորը նաև շատ բարեկիրթ և խելացի էր»:

Կնոջ այսպիսի բնութագիրը «ստիպեց» Վ. Վարդանյանին խնդրել Ռենա Վարդանյանի ձեռքը՝ հավերժ սիրելու և հավատարիմ լինելու խոստում տալով:

Դեկանի տեղակալը նաև անկեղծանում է, որ մի քանի սերեր է ունեցել, բայց իր կնոջ հետ ներդաշնակ և խաղաղ են անցել օրերը. «Ինձ անհրաժեշտ էր այնպիսի մեկը, որի հետ ես մեկ հարկի տակ խաղաղ կապրեի: Ռենան իմ կեսն էր, ու ես չսխալվեցի»:

 

«Մենք մեր համատեղ կյանքի առաջին տարիներին ունեցել ենք նյութական դժվարություններ, որից հետո ստիպված ենք եղել 2 տարի միմյանցից հեռու ապրել»:

Ռենա Վարդանյանը նշում է, որ ինչպես մյուս բոլոր ընտանիքները, իրենք նույնպես մի շարք խնդիրների են բախվել:

«Բոլոր դժվարություններն ու խնդիրները ժամանակավոր են, եթե կողքիդ ունես ամուր ու պաշտպանող մեկին»,- նշում է Ռ. Վարդանյանը:

Իսկ ամուսինն էլ անկեղծանում է, որ սկզբում փոքրիկ տուն ունենալու պատճառով նրանք տեղափոխվել են ապրելու կնոջ մայրիկի տանը, իսկ տարիներ անց զորակոչվել է բանակ:

«Մեր ամենամեծ դժվարությունը սկսվեց այն ժամանակ, երբ ես դարձա Կոմունիստական կուսակցության անդամ, և ինձ՝ որպես երիտասարդ կուսակցականի զորակոչեցին բանակ,- պատմում է պարոն Վարդանյանը և մանրամասնում,- «Ենիսեսկ 15» տեղամասում էի ծառայում, ապրում էի անտանելի ցրտի պայմաններում՝ փայտե բարաքներ, ընտանիքիցս հեռու»:

 

Երկրաբանը պատմեց, որ բանակից զորացրվելուց հետո ամեն ինչ հետզհետե կարգավորվում է, բայց շուտով վրա են հասնում Սպիտակի երկրաշարժը և Արցախյան պատերազմը:

 



«Պատերազմի տարիներին ոմանք դիրքերում էին կռիվ տալիս, իսկ մենք՝ այստեղ՝ ցուրտ ու մութ լսարաններում, պայքարում էինք, որ մեր Մայր բուհը կանգուն մնա»,- ընդգծում է Վ. Վարդանյանը:

Գոյատևման, սեփական հողին ամուր կանգնելու և չհանձնվելու մաքառումները հաջողությամբ են պսակվում:

«Նույն վայրում աշխատելը մեզ ավելի զգոն է դարձնում, պաշտպանված ու ամուր»:

Վ. Վարդանյանի համոզմամբ, նույն վայրում աշխատելը ոչ թե դժվարին, այլ շատ հաճելի ու պարտավորեցնող է:

«Ես առավել ուշադիր եմ իմ խոսքին, հագուստին: Կնոջս ներկայությունն ինձ զգոն է դարձնում և իհարկե, ավելի ուժեղ»,- ասում է պարոն Վարդանյանը:

Իսկ կինն էլ մեկնաբանում է. «Վահրամն իմ աշխատանքային խաղաղ կյանքի երաշխավորն է, ես գիտեմ, որ ամեն հարցում նա ինձ կօգնի ու կաջակցի՝ ապացուցելով, որ անլուծելի խնդիրներ չկան»:

«Ցանկացած ուտելիք, որը պատրաստում է կինս, համեղ է»:

 

Վ. Վարդանյանի խոսքով, այն ամենը, ինչ պատրաստում է իր կինը, յուրահատուկ համ ունի, ուստի չսիրած ուտելիքներ չկան:

Ի պատասխան այս ամենին՝ Ռենա Վարդանյանն էլ ասում է, որ իր պատրաստած ուտելիքներից լոբին չի հավանում: 

Բայց և այնպես, Վ. Վարդանյանը նշում է, որ ցանկացած կենցաղային գործում օգնում է կնոջը. «Ցավոք, մենք աղջիկ չունեցանք, ուստի ես ամեն հարցում կնոջս օգնական ձեռքն եմ»:

«Մեր ընտանեկան խաղաղ կյանքի բանաձևը մշտապես իրար հասկանալն է, անգամ այն ժամանակ, երբ երկուսս էլ լռում ենք»:

 

Այսպես է ասում Վահրամ Վարդանյանը, իսկ կնոջ՝ Ռենա Վարդանյանի կարծիքով, ընտանեկան խաղաղ կյանքի բանաձևը լռելն է այն ժամանակ, երբ ամենաքիչն ես ուզում դա անել:

Երկրաբանի և երաժշտագետ-մանկավարժի կառուցած ընտանեկան տանիքը խաղաղ ու երջանիկ է: Նրանք ունեն երկու որդի և երկու թոռ:

«Վահրամն իմ կյանքի ու օրերի հենարանն է»,- նշում  է տիկին Վարդանյանը։ Իսկ ամուսինն էլ հավելում է. «Ես երջանիկ եմ, որ ունեմ Ռենային»:

 

Անգին Խաչատրյան