09.01.2019 | 
Հասարակություն
«ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ ՍԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է, ԻՆՁ ՀԱՄԱՐ՝ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ՄՇՏԱՏԵՎՈՒԹՅՈՒՆ». ՆՈՒԲԱՐ ՉԱԼԸՄՅԱՆ ԵՎ ԱՆՆԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ ՍԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է, ԻՆՁ ՀԱՄԱՐ՝ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ՄՇՏԱՏԵՎՈՒԹՅՈՒՆ». ՆՈՒԲԱՐ  ՉԱԼԸՄՅԱՆ ԵՎ ԱՆՆԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ  ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Նուբար Չալըմյանի և կնոջ՝ Հայ բանասիրության ֆակուլտետի գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի ավագ լաբորանտ Աննա Նալբանդյանի հանդիպման ճակատագրական վայրը եղել է ԵՊՀ-ն:

«Հայրենադարձները պետք է ամուսնանային հայրենադարձների հետ»

 

Արևմտահայ արմատներ ունեցող Նուբար Չալըմյանը 12 տարի ապրել է Իրաքում: Այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: 

 

Եվ ահա, 33 տարեկանում որոշում է ամուսնանալ, իսկ այն հարցին, թե ինչու հենց այդ տարիքում, պատասխանում է. «Ես անընդհատ շրջագայությունների մեջ էի. անուշադրության էի մատնել անձնական կյանքս»:

 

Բացի դրանից՝ Չալըմյանը պատմում է, որ կար մի կարծրատիպ, ըստ որի՝ հայրենադարձները պետք է ամուսնանային  հայրենադարձների հետ, սակայն ինքը կոտրում է այդ կարծրատիպը. ամուսնանում է արևելյան սովորույթներով, վարքով ու բարքով ապրող Աննայի հետ. «Ես փորձեցի ճեղքել այդ պատնեշը, ամուսնացա Աննայի հետ՝ ամրապնդելով հայրենիք-սփյուռք կապերը»,- կիսակատակ ասում է Չալըմյանը:

 

Նրա կինը՝ Աննա Նալբանդյանը, խոստովանում է, որ հայրենադարձ երիտասարդի հետ ամուսնական դաշինք կապելը մտավախություն էր առաջացրել ծնողների մոտ. «Հանդիպումներից մեկի ժամանակ հայրս Նուբարին հարցրեց՝ արդյո՞ք չի հեռանա հայրենիքից, իսկ այդ հարցից Նուբարը կարծես վիրավորվեց և վստահեցրեց, որ հայրենիքը երբևէ չի լքելու»:

 

Զույգի հանդիպման առաջին վայրը ընկերական և համալսարանական միջավայրում էր

 

Չալըմյանը հիշում է, որ ընկերներից մեկի կողմից կազմակերպված խնջույքի ժամանակ է հանդիպել իր ապագա կնոջը. «Ես կենացներ էի ասում, իսկ աչքերս անընդհատ նայում էին Աննային. մի աննկարագրելի բան կար, որով Աննան առանձնանում էր մյուսներից»:

 

 

Աննա Նալբանդյանն անկեղծանում է. «Նուբարն աչքի էր ընկնում ինչպես արտաքինով, այնպես էլ քաղցրախոսությամբ»:

 

Այդ քաղցրախոսությունը գրավում է Նալբանդյանին, և նա որոշում է հնարավորություն տալ երիտասարդին. «Երբ առաջին անգամ Նուբարը զանգահարեց, ես մերժեցի՝ պատճառաբանելով, որ պատրաստվում եմ քննությունների, բայց քրոջս խորհրդով ու պնդմամբ հաջորդ հրավերն ընդունեցի»:

 

«Ոմանց համար սերը ժամանակավոր հիվանդություն է, ինձ համար՝ անբացատրելի մշտատևություն»

 

Զույգն ամուսնությունից հետո տեղափոխվում է Մոսկվա, որը դառնում է նրանց սիրո ամրապնդման և լավագույն հուշերի քաղաքը:

 

Չալըմյանի վերհուշում տպավորվել է մի դեպք, երբ առաջին անգամ ապրել է խանդի զգացողությունը. «Ես ու կինս ճաշում էինք ռեստորաններից մեկում, երբ կողքի սեղանից մեզ մոտեցավ մի նավաստի: Վերջինս առաջարկեց կնոջս պարել իր հետ, իսկ ես, այդ առաջարկից բարկացած, թույլ չտվեցի պարել Աննայի հետ: Մի քանի րոպե անց նավաստին, հասկանալով իր սխալը, ներողություն խնդրեց և ասաց, որ երբ կովկասցիները փորձում են ընկերանալ ռուս կանանց հետ, ռուս տղամարդիկ չեն խանդում, բայց հայերը երբեք թույլ չեն տալիս, որ ռուսները մոտենան իրենց կանանց»:

 

 

Սեր և համերաշխություն 

 

Չալըմյանի բնութագրմամբ, իրենց ընտանիքն ապրել է խաղաղ ու երջանիկ, քանի որ մայրն ու կինը հանդիպման առաջին իսկ օրվանից մտերմացել են:

 

«Ամուսնուս մայրն ինձ ընդունել է հարազատ աղջկա նման, ես պարտական եմ նրան  իր խորհուրդների, տվածի ու սերմանածի համար»,- նշում է Ա. Նալբանդյանը:

 

«Ընտանեկան խաղաղ կյանքի բանաձևը դաստիարակության մեջ է»

 

Նուբար Չալըմյանի համոզմամբ, դաստիարակությունը փոխանցվում է գենետիկորեն. «Երկուստեք դաստիարակված մարդիկ հարգում, սիրում, նվիրվում և փոխադարձ զիջումների են գնում»,- ասում է ամբիոնի վարիչը:


 

Իսկ  Նալբանդյանը կարծում է, որ իրենց ընտանիքը խաղաղ է, քանի որ մշտապես զիջել և հասկացել են միմյանց: «Ինչպես բոլորը, մենք էլ ունեցել ենք լավ, վատ, տխուր և երջանիկ օրեր, բայց այդ ամենը մեզ ավելի ամուր ու անխոցելի է դարձրել,- ասում է Նալբանդյանն ու հավելում,- ես Նուբարին հասկանում եմ մի հայացքից, մի խոսքից, շարժումից, սիրում եմ ամբողջովին՝ իր փոքրիկ կամակորություններով ու խստություններով. իմ ամուսինն իմ լավագույն ընկերն է»:

 

«Ես գտել եմ իմ բույնը»

 

Չալըմյանը փաստում է՝ առաջարկներ են եղել ապրել օտար երկրներում, սակայն ինքը մնացել է հավատարիմ իր հայրենիքին: «Նա, ով չի պատկանում իր հայրենիքին, մարդկությանը ևս չի պատկանում»,- ասում է ամբիոնի վարիչը:

Չէ՞ որ հենց այդ հայրենիքում Չալըմյանը հանդիպեց իր սիրուն: Երեսունվեց տարի է արդեն, ինչ զույգը միասին է ապրում: Նրանք երջանիկ են իրենց երկու զավակների և չորս թոռների հետ. «Երեսունվեց տարիների ընթացքում մշտապես զգացել եմ այդ սերը: Այդ սիրով  լցվեցին ու երջանկացան նաև երեխաներս»,- ամփոփում է Ն. Չալըմյանը:



Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԴԱՏԱԽԱՂ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել վարչական դատավարության միջհոսքային դատախաղ:
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ՝ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետն իր վրդովմունքն է արտահայտում ԵՊՀ արհեստակցական միության տարածած հայտարարության վերաբերյալ և բացատրում միությունից դուրս գալու պատճառները։