28.11.2007 | 
Գիտություն
ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ ԱՆԳԼԻԱԽՈՍ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ
ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ ԱՆԳԼԻԱԽՈՍ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ
Լույս է տեսել Դորա Սաքայանի նոր դասագիքը, որտեղ առաջին անգամ ՀՀ լեզուն մատուցվում է ոչ թե որպես մայրենի, այլ` որպես օտար լեզու:

Այսօր Երեւանի պետական համալսարանի ռեկտորատում անցկացվեց դասագրքի շնորհանդեսը:
Դ. Սաքայանը ԵՊՀ-ում եղել է ամբիոնի վարիչ, հետագայում տեղափոխվել է Կանադա եւ մինչ օրս աշխատում է Մոնրեալի Մակգիլ համալսարանում: Պատրաստել է տարբեր ձեռնարկներ եւ գերմաներեն դասագրքեր: Վերջին տարիներին նվիրվել է հայագիտությանը: 2000թ-ին տպագրվել է նրա «Ժամանակակից արեւմտահայերենը անգլիախոս աշխարհի համար» դասագիրքը: Այժմ ընթերցողին է ներկայացվում «Արեւելահայերենը անգլիախոս աշխարհի համար (զուգադրական մոտեցմամբ)» բուհական դասագիրքը:

«Այս գիրքն իր մեջ պարփակում է իմ 55 տարվա գիտամանկավարժական փորձը եւ մեծ սերը հայոց լեզվի հանդեպ»:

Դասագրքի ձեռագիր տարբերակը ներկայացնելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, ստացել է առաջարկ այն տպագրել Մայր բուհի միջոցներով:

«Ես գոհ մեկնեցի, որովհետեւ գրքիս արեւելահայերեն տարբերակը պանդուխտ չէր լինելու, ներկայանալու եւ ծնվելու էր իր իսկ հայրենիքում` ԵՊՀ հովանու տակ, որտեղ եւ նրա տեղն էր»:

ԵՊՀ ռեկտորը կարծիքով` թեեւ Դ.Սաքայանը ֆիզիկապես ապրել է արտասահմանում, բայց նրա հոգեւոր գոյությունը երբեք Հայաստանից չի հեռացել: Վերջինիս փայլուն վկայությունը դասագրքի լույս աշխարհ գալն է. «Գրքի ազգային եւ քաղաքական նշանակությունն ակնհայտ է, որովհետեւ կգա ժամանակ, երբ արեւելահայերենը կլինի շփման հիմնական լեզուն հայերի համար»: 

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Գալստյանը, ով մասնակցել է գրքի սրբագրման աշխատանքներին, այն համեմատեց Հովհաննես Մասեհյանի Շեքսպիրյան թարգմանության հետ, որը շատ կարճ ժամանակամիջոցում «ասես պայթյունով գրական մակարդակի բարձրացրեց ջերմոցային պայմաններում գործող հայերենը»: 

566 էջից բաղկացած գիրքը կազմված է երկու մասից: Առաջինն անդրադառնում է հայերեն լեզվի բոլոր մակարդակներին, ներկայացվում են հայերենի եւ անգլերենի միջեւ եղած տարբերությունները եւ ընդհանրությունները: Իսկ երկրորդ հատվածը անդրադառնում է հաղորդակցության համար անհրաժեշտ արտահայտություններին, քերականական աղյուսակներին, հայ դասական գրականության արձակ եւ չափածո ստեղծագործությունների արժեքավոր նմուշներին, հայերեն- անգլերեն եւ անգլերեն-հայերեն բառացանկերին: 

Գիրքն իր մեջ ներառում է նաեւ խտասկավառակ:

Այլ նորություններ
ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ «ՆՅՈՒԹԵՐ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄԵՐՁՍԵՎԾՈՎՅԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ
Երևանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.դ. Հակոբ Հարությունյանն իր հերթական հոդվածն է հրատարակել «Նյութեր հին և միջնադարյան մերձսևծովյան հնագիտության և պատմության վերաբերյալ» հայտնի գիտական հանդեսի հերթական համարում:
«ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԽՆԱՅԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ
Ամբողջ աշխարհն այսօր պայքարում է նոր կորոնավիրուսի (COVID19) դեմ՝ իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված աշխարհավարակի պատճառ դարձած կորոնավիրուսով այսօր աշխարհում վարակված է ավելի քան 1 մլն մարդ: Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված ավելի քան 730 դեպք է գրանցվել: Երկրում հաստատված է արտակարգ դրություն: Ստեղծված իրավիճակի, իրականացվող միջոցառումների արդյունավետության և սպասվող քայլերի մասին զրուցել ենք ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանի հետ: