11.04.2017 | 
Քաղաքականություն
ՄԱՐԵԿ ՄԻԽԱԼԱԿ. «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀՆԱՐԱԾ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ՉԵՆ»
ՄԱՐԵԿ ՄԻԽԱԼԱԿ. «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀՆԱՐԱԾ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ՉԵՆ»
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն այսօր հյուրընկալել էին Լեհաստանի երեխաների իրավունքների պաշտպան Մարեկ Միխալակին:

Լեհ պաշտոնյան այս օրերին Հայաստանում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով: ԵՊՀ-ում կայացած հանդիպման ժամանակ նրան ուղեկցում էր նաև սոցիալական մանկավարժ Բարբարա Սմոլինսկան:

 

«Գաղտնիք չէ, որ պարոն Թաթոյանը մեր ֆակուլտետի դասախոս է և պատեհ առիթն օգտագործում է, որ մեր պրոֆեսորադասախոսական կազմն ու հատկապես ուսանողությունը առնչվի ոլորտի պաշտոնյաների հետ, լսի մարդու իրավունքների պաշտպանության բնագավառի օտարերկրյա փորձը և համեմատական վերլուծություններ անի մեր համակարգի հետ: Իմ կարծիքով՝ շատ կարևոր է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն առանձնացված է, և ուրախ եմ, որ այդ ինստիտուտի մասին լսելու հնարավորություն ունեն նաև մեր ուսանողները»,- ողջունելով հյուրերին՝ նշեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Գևորգյանը:

 

Պարոն Միխալակն իր ելույթում նախ անդրադարձավ հայտնի մանկավարժ Յանուշ Կորչակի գործունեությանը, ում աշխատությունների բազմաթիվ դրույթներ հիմք են ծառայել ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքների կոնվենցիայի» համար: Այնուհետև անդրադարձավ կոնվենցիային, դրա կատարմանն ու այն երկրներին, որոնք այդ կոնվենցիայի անդամ են:

 

«Այդ կոնվենցիայի շնորհիվ երեխայի իրավունքները դարձել են մարդու իրավունքների լիարժեք տեսակ: Երեխաների իրավունքները զուտ բարոյական պնդումներ կամ հնարած գաղափարներ չեն: Դրանք իշխանություններին ուղղված դրույթներ չեն: Դրանք մարդուն հասանելի առարկայական իրավունքներ են՝ տրված յուրաքանչյուր երեխայի: Կոպիտ ասած՝ դրանք պնդումներ են, որոնք պահանջում են իրենց կյանքի կոչել ու գործածել այսօրվա իրականության մեջ»,- նշեց Մարեկ Միխալակը:

 

Ելույթի վերջին մասում լեհ պաշտոնյան ներկայացնում էր արդեն սեփական փորձը՝ իր երկրի ներքին օրենսդրությունը, ոլորտի առանձնահատկությունները և այլն: Մարդու իրավունքների ոլորտի այդ կարևոր թեմայի մասին խոսեց նաև տիկին Սմոլինսկան, ով ներկայացրեց իր փորձը:

 

Մեկ ժամից ավելի տևած հանդիպման մյուս մասն էլ անցավ ուսանողների հետ հարց ու պատասխանով: 

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ. ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և փոխդեսպան Նիդա Դալմանտայտեին:
ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմեդ-Օ-Ջեբուռ Ալ-Մասուդիին: