28.03.2019 | 
Կրթություն
«ՄԱՐԴԸ ՉՊԵՏՔ Է ՎԱԽԵՆԱ ԻՐ ՍԽԱԼՆԵՐԻՑ, ԱՅԼ ԸՆԴՈՒՆԻ ԴՐԱՆՔ ՈՒ ՓՈՐՁԻ ՇՏԿԵԼ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՄԱՐԻԱՆԱ ԲՈՑԻՆՅԱՆԸ
«ՄԱՐԴԸ ՉՊԵՏՔ Է ՎԱԽԵՆԱ ԻՐ ՍԽԱԼՆԵՐԻՑ, ԱՅԼ ԸՆԴՈՒՆԻ ԴՐԱՆՔ ՈՒ ՓՈՐՁԻ ՇՏԿԵԼ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՄԱՐԻԱՆԱ ԲՈՑԻՆՅԱՆԸ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Մարիանա Բոցինյանը «Հանրապետության լավագույն ուսանող-2018» մրցույթում մագիստրոսի կրթական ծրագրով հայագիտության ոլորտում զբաղեցրել է 1-ին տեղը:

ՀՀ ԿԳ նախարարի կողմից նա պարգևատրվել է հավաստագրով և միանվագ անվանական կրթաթոշակով:


Մարիանան մեզ հետ զրույցում կիսվեց իր տպավորությունների, հաջողությունների ու նպատակների մասին:

 

Այս մրցանակն ինձ տրվում էր երկրորդ անգամ, ինչն ինձ համար առավել պարտավորեցնող է։ Ի սկզբանե պետք է նշեմ, որ իմ մասնագիտությունն իմ տարերքն է․ մենք ձուլված ենք իրար։

 

Ինձ համար բանասիրությունն անծայր տիեզերք է, թեև երբեմն խոսում են վերջինիս սահմանափակ լինելու մասին, քանի որ խորությամբ չեն տիրապետում։ Միայն կարող եմ շեշտել, որ ձանձրանալ հնարավոր չէ այն աշխարհում, որը միայն բանասերներին է հասանելի, իսկ այս դարի մարդու համար գերխնդիր է ձանձրույթը հաղթահարելը։ 

 

 

Մասնագիտության ընտրության հարցում սկզբնապես փոքր-ինչ տատանվում էի, սակայն առաջին օրվանից, երբ ոտք դրեցի ԵՊՀ, մասնավորապես՝ Հայ բանասիրության ֆակուլտետ, այլևս երբեք չմտածեցի այդ յուրօրինակ աշխարհից դուրս գալու մասին։ 

 

Իմ ֆակուլտետի դասախոսներից միշտ սեր ու ջերմություն են փոխանցվում, իսկ նրանցից ստացած գիտելիքներն ինձ ամեն վայրկյան ուղեկցում են: Տարիների ընթացքում նրանցից հավաքած գույները խտացրել եմ իմ ներսում, և այժմ ինքս դասավանդում եմ ու փորձում գույներ թողնել իմ ուսանողների մեջ։ 

 

Էությամբ հետաքրքրասեր և ակտիվ լինելով՝ ուսանողական առաջին իսկ տարվանից անդամակցել եմ ֆակուլտետային ուսանողական կառույցներին՝ մասնակցելով ամենատարբեր միջոցառումների, ընդհուպ ՈՒՀԱ։ Երբ ինձ հարցնում են, թե իմ կյանքի ո՞ր օրերն են առանձնահատուկ, ես միանգամից հիշում եմ ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի կազմակերպած յուրաքանչյուր միջոցառում և ցանկանում անվերջ պատմել դրանց մասին։ Ինձ համար չափազանց հետաքրքիր են եղել բանակումները, գիտաճանաչողական այցերը, օլիմպիադաները, գիտաժողովները և այլ տարաբնույթ միջոցառումներ, որոնց կազմակերպիչ եղել եմ նաև ինքս ՈՒԳԸ նախագահ եղած տարիներին։

 

Գիտությամբ զբաղվում եմ մեծագույն սիրով, և ինձ համար ձեռքբերումներ են իմ գիտական հոդվածները։ Առաջիկայում ցանկանում եմ տպագրել նաև պատմվածքների ժողովածու։
Ուսումնառության տարիներին հաղթել եմ տարբեր մրցույթներում և օլիմպիադաներում, սակայն անբացատրելի զգացում ունեցել եմ այն ժամանակ, երբ ճանաչվել եմ ԵՊՀ լավագույն ուսանող։

 


Համալսարանն ինձ համար անձնավորված է․ այն շնչում է, ծաղկում, գեղեցկանում, հոգ տանում իր յուրաքանչյուր մասնիկի նկատմամբ, իսկ ես հպարտության զգացում ունեմ թեկուզ միայն նրա համար, որ ԵՊՀ-ի մի մասնիկն եմ։
Ինձ համար շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու արժեհամակարգը։ Եթե ես կարողանայի աշխարհի բոլոր մարդկանց հետ մի քանի բառ փոխանակել, ապա նրանց անպայման կասեի, որ իրենք կարող են փոխել աշխարհը, ամեն մեկն իր ձևով, միայն թե չի կարելի դոփել, քանի որ դոփում են ունայնության մեջ, իսկ ունայնությունը չարիք է ծնում։


Կարևոր է նաև այն, որ մարդը չվախենա իր սխալներից, այլ ընդունի դրանք, փորձի շտկել, և ամեն անգամ նպատակ ու երազանք պահելիս դուրս է գա անձնականի սահմանից ու մտածի, որ ինքը պետք է ներդրում ունենա աշխարհի ընթացքի, ճշմարի՛տ ընթացքի մեջ։ Հակառակ դեպքում աննշան ու չնչին են մնում մարդկային կյանքեր, որոնք ժամանակի մեջ մոռացվող օրեր են դառնում։ Ինքս ունեմ նպատակների ուղի, և առայժմ անխոտոր շարժվում եմ այդ ուղով։


Իմ հաջողության գրավականն այն է, որ երբ զգում եմ, որ ինչ-որ բան պակաս է կամ սխալ, փորձում եմ լրացնել կամ շտկել նախ իմ ներսում, ապա նաև շրջապատող աշխարհում։


Ես բնությունը կատարյալ եմ համարում, միշտ ձգտում եմ սովորել բնությունից և պահպանել բնությունը։ Իսկ բարությունն ամենակարևոր արժեքն է, երբ բարիք ես գործում, ավելի ապահով ու հանգիստ ես լինում, իսկ բնության մեջ ոչինչ անպատասխան չի մնում։

 

 

Երազանքներիցս մեկը լիակատար երջանիկ մարդու հանդիպելն է, նրա ճանապարհը գծելը և տարածելը։

 

Ուսանողական տարիներիս ինձ համար խնդիր է եղել ծուլությունը, քանի որ նրա վրա ամեն ինչ բարդել հնարավոր է։

 

Կարծում եմ՝ նպատակասլաց մարդը խնդիրների հետ ճիշտ վարվել գիտի։


Իմ կյանքի կարգախոսն է. «Չխեղդվել կենցաղի մեջ, զգալ արևը և ամեն օր ապրել նոր օր»։

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ՔՆՆԱՐԿԵԼ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԽԹԱՆԵԼ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ. ԵՌՕՐՅԱ ԴՊՐՈՑ՝ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-13-ը Դիլիջան քաղաքում կազմակերպվել է արդեն ավանդական դարձած «Փախստականների իրավունք» խորագրով 9-րդ դպրոցը:
«ՆՊԱՏԱԿԸ ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԾԵԼՆ Է»․ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ
Արդեն չորրորդ տարին է, ինչ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնը նախաձեռնում է արտալսարանային դասեր, որոնք, տեսական գիտելիքներից բացի, նաև գործնական հմտություններ ձեռքբերելու հնարավորություն են տալիս: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն այսօր նմանօրինակ դաս են ունեցել Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում: