25.03.2019 | 
Կրթություն
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ «ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ «ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) և «PMI Science»-ի աջակցությամբ Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում մարտի 12-ին տեղի է ունեցել Ասպիրանտների աջակցության ծրագրի մրցանակաբաշխություն: Այդ մրցանակաբաշխությանը ԵՊՀ-ից հաղթող է ճանաչվել Կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ Մերի Արզումանյանը:

Ասպիրանտների աջակցության ծրագրի նպատակն է զարգացնել գիտական և հետազոտական էկոհամակարգը: Տարբեր գիտահետազոտական հաստատությունների և համալսարանների երիտասարդ գիտնականները, ստանալով ամսական կրթաթոշակներ, հնարավորություն կունենան համապատասխանեցնելու իրենց աշխատանքները միջազգային չափորոշիչների պահանջներին։

 

Ծրագրի հաղթող 10 ասպիրանտները շուրջ 1 տարի ստանալու են կրթաթոշակ, ինչպես նաև միջազգային մենթորների աջակցություն:

Նախապես ձևավորված, տեղական և միջազգային փորձագետներից կազմված ժյուրին լավագույն հայտերը գնահատել է ըստ առաջադրված խնդրի բարդության, հետազոտության արդիականության և կիրառելիության ոլորտի, փորձարարական լուծումների ու տեսական մասի համադրման մակարդակի:

 

Մերի Արզումանյանը մրցանակը ստացել է ««Դիլիջան» ազգային պարկի արդյունավետության գնահատումը կենսաբազմազանության պահպանման գործում» թեմայի համար: Մեզ հետ զրույցում Մերին պատմեց թեմայի նպատակների և արդյունքների մասին:

 

 

«Քանի որ պահպանվող տարածքները կարևոր գործոններ են կենսաբազմազանության պահպանման հարցում, անհրաժեշտ է ճիշտ կառավարել մարդկային գործոնի ազդեցությունն այդ տարածքների վրա: Այժմ պահպանվող տարածքներն օգտագործվում են էկոտուրիզմի նպատակով, ինչը կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ տվյալ տարածքի վրա: Իմ թեմայի նպատակն է հասկանալ «Դիլիջան» ազգային պարկի արդյունավետությունը կենսաբազմազանության պահպանման հարցում՝ որպես պահպանվող տարածք՝ օգտագործելով կենսացուցիչ տեսակների բազմազանությունը և խտությունը՝ որպես որոշիչ գործոններ: Ինչպես նաև փորձելու եմ գնահատել՝ արդյոք էկոտուրիզմն ունի բացասական կամ դրական ազդեցություն տեսակների բազմազանության և պահպանվող տարածքի վրա»,- ներկայացրեց ԵՊՀ ասպիրանտը:

 

Նրա խոսքով, ներկայումս ՀՀ-ում կան ավելի քան 30 պահպանվող տարածքներ, իսկ էկոտուրիզմը, ինչպես նաև մարդկային գործոնի ազդեցությունն այդ տարածքներում գնալով աճում է:

 

«Նմանատիպ աշխատանքը հնարավորություն կընձեռի գնահատելու և ճիշտ կառավարելու մարդկանց հոսքը դեպի պահպանվող տարածքներ: Աշխատանքի ընթացքում տվյալների հավաքագրման նպատակով նախատեսում ենք այցելություններ «Դիլիջան» ազգային պարկ: Աշխատանքի ավարտին ակնկալվում է գնահատել մարդկային գործոնի ազդեցությունը «Դիլիջան» ազգային պարկ պահպանվող տարածքի վրա և ստեղծել գնահատման այնպիսի մոդել, որը հնարավոր կլինի կիրառել նաև այլ պահպանվող տարածքների համար»,- հավելեց նա:

 

 

Խոսելով Ասպիրանտների աջակցության ծրագրի կարևորության մասին՝ Մերի Արզումանյանն ասաց, որ ողջունելի է նմանատիպ մրցանակաբաշխությունների անցկացումը, քանի որ շատ կարևոր է աջակցել երիտասարդ գիտնականներին գիտությամբ զբաղվելու հարցում, որն իր նպաստը կարող է բերել Հայաստանում գիտության զարգացման գործում:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
Երևանի պետական համալսարանի Ե․ Չարենցի անվան լսարանում այսօր տեղի ունեցավ Ռուս բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի և բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: