19.02.2020 | 
Հասարակություն
ՓԱՍՏԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ՓԱՍՏԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել վարպետության դաս «Փաստերի և կեղծ տեղեկատվության ստուգում» խորագրով, որը վարում էր փաստերի ստուգման մասնագետ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Հարություն Ծատրյանը:

Վարպետության դասը մեկնարկել է փետրվարի 17-ին, անցկացվում է ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից տրամադրվող դրամաշնորհի ու «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի և Հանրային լրագրության ակումբի կոալիցիայի կողմից իրականացվող «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակում:

 

Վարպետության դասին ներկա էին նաև Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Դոյդոյանը,  Հանրային լրագրության ակումբի ներկայացուցիչ Լիլիթ Հովհաննիսյանը, հյուրեր ԱՄՆ-ն դեսպանատնից, ուսանողներ:

 

Միջոցառման սկզբում ապագա լրագրողներին և  մասնակիցներին ողջունեց  Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը՝ շնորհավորելով գիրք նվիրելու միջազգային օրվա կապակցությամբ, նա նշեց, որ ֆակուլտետը միշտ բաց է նմանօրինակ համագործակցության համար:

 

Մասնակիցներին դիմեցին նաև Լիանա Դոյդոյանը և Լիլիթ Հովհաննիսյանը:

 

Վարպետության դասի ընթացքում, որին մասնակցում էին Ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները, Հարություն Ծատրյանն անդրադարձավ տեղեկատվական դարաշրջանի մի շարք մարտահրավերներին:

 

 

Ըստ բանախոսի՝ փաստերի ստուգումն ամենօրյա լրագրողական աշխատանքի կարևորագույն սկզբունքներից է և լրագրողական առօրյայի անբաժանելի մասը։

 

Դասախոսության ընթացքում բանախոսը ներկայացրեց փաստերն ստուգելու հնարավորություններն ու միջոցները:

 

Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին արագ տեմպերով ավելացել է սոցիալական ցանցերի և ԶԼՄ-ների միջոցով կեղծ տեղեկությունների շրջանառումը, և այսօր արդեն հանրության իրազեկումը մեդիագրագիտության վերաբերյալ կարևոր է, քան երբևէ։

 

Հարություն Ծատրյանը նշեց, որ լրագրողների դերը ժամանակակից մեդիաիրականության մեջ շատ կարևոր է, քանի որ տեղեկատվության նմանօրինակ հոսքի պայմաններում տեղեկատվության ստուգումն ավելի բարդ ու մարտահրավերային է դառնում, և լրագրողները, օգտագործելով փաստերի ստուգման տարբեր գործիքները, պետք է նպաստեն մեդիագրագիտության տարածմանը:

 

 

Վարպետության դասի ընթացքում բանախոսը ներկայացրեց նաև «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակում լույս տեսած «Փաստերի ստուգման ուղեցույց» գրքույկը, դրանում առկա գործիքակազմն ու վերջինիս կիրառության առանձնահատկությունները:

 

Հարկ է նշել, որ վարպետության դասի ընթացքում, հաշվի առնելով օրվա խորհուրդը, մասնակիցները գրքեր նվեր ստացան:

 

Նշենք նաև, որ ֆակուլտետին կփոխանցվեն մասնագիտական ձեռնարկի տասնյակ օրինակներ։


Անի Պողոսյան

Այլ նորություններ
«ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-Ի ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Երևանի պետական և Ուրուգվայի Հանրապետության համալսարանների միջև այսօր տեղի է ունեցել «Արցախյան հակամարտության ընկալման հիմնախնդիրների շուրջ» խորագրով քննարկում:
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ». ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՌՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործություների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության գիտական կոմիտեի աջակցությամբ նոյեմբերի 5-7-ը տեղի է ունեցել «Ցեղասպանությունը ժամանակակից աշխարհում. Ուսումնասիրման հեռանկարները և մարտահրավերները» եռօրյա միջազգային առցանց գիտաժողով: