22.05.2008 | 
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
Այսօր Պալյանների անվան դահլիճում մեկնարկեց «Միջազգային հարաբերությունների եւ քաղաքագիտության արդի հիմնահարցերը» վերնագրով երկօրյա ուսանողական գիտաժողովը:
Գիտաժողովի կազմակերպիչն է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական խորհուրդը: « Հենց տարվա սկզբում մեր առջեւ խնդիր էինք դրել կազմակերպելու նման գիտաժողով, քանի որ շատ ուսանողներ կան, որոնք հետաքրքրված են քաղաքական թեմաներով եւ զեկույցների ու քննարկումների միջոցով ցանկանում էին կարծիքներ կիսել իրենց հասակակիցների հետ: Ասեմ, որ չնայած գիտաժողովի կազմակերպումը մեր ֆակուլտետի նախաձեռնությունն է, գիտաժողովին մասնակցում են նաեւ այլ ֆակուլտետների եւ բուհերի ուսանողներ: Եվ քանի որ միջազգային հարաբերությունների տեսանկյունից քննարկվում են նաեւ հայ պատմության որոշակի փուլեր եւ շուտով էլ նշելու ենք մայիսի 28-ը` որպես հայոց պետականության հիմնադրման օր, ուստի որոշեցինք հենց այս շաբաթվա ընթացում միջոցառումը կազմակերպել»,- ասում է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանը: Գիտաժողովին, բացի ուսանողներից, մասնակցում են նաեւ ԵՊՀ եւ այլ բուհերի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների համապատասխան ամբիոնների դասախոսներից եւ ասպիրանտներից բաղկացած փորձագետների խմբեր: Աշխատանքային օրը բաժանված է երկու հատվածի, որից յուրաքանչյուրը, զեկուցվող թեմաներին համապատասխան, ունի փորձագետների իր խումբը: Այսօր զեկուցողներ կային նաեւ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական եւ Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարաններից: Զեկույցի թեմաներն արդիական են եւ բազմաբովանդակ` «Պատերազմի ֆենոմենը», «Կոսովոյի հիմնահարցը», «Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա», «Եվրոպական հարեւանության քաղաքականությունը», «Տարածաշրջանային ինտեգրացման տնտեսական էտապները ՀՀ շահերի տեսանկյունից» եւ այլն: Յուրաքանչյուր զեկույց իր մեջ ներառում է կոնկրետ խնդրի արծածում, պատճառների վերլուծություն եւ դրանց լուծման եղանակներ: Գիտաժողովի վերջում փորձագետների գնահատականների հիման վրա կազմակերպիչները կորոշեն լավագույն զեկուցողներին, որոնք կստանան մրցանակներ եւ խրախուսական նվերներ: