10.10.2017 | 
Հասարակություն
ԱՐԺԵՎՈՐՎԵՑ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՈՒՂԻՆ
ԱՐԺԵՎՈՐՎԵՑ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՈՒՂԻՆ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանն արժանացել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե հուշամեդալի:

Այսօր Պատմության ֆակուլտետի Ֆ. Նանսենի անվան լսարանում տնտեսագիտ. դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանին հանձնվեց մեծ հայասեր և հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե հուշամեդալը:

 

Միջոցառմանը ներկա էին Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

 

«Նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ Ֆրիտյոֆ Նանսենն առաջիններից էր, ով անձնվիրաբար օգնության հասավ ցեղասպանությունից մազապուրծ եղած հարյուր հազարավոր հայերի: Եվ այսօր՝ մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան օրը, նրա անունը կրող լսարանում պատիվ ունենք նրա անվան ոսկե հուշամեդալ հանձնելու մեծ համալսարանական, գիտնական և փայլուն մանկավարժ Հայկ Սարգսյանին, ում գիտամանկավարժական ուղին օրինակելի է շատերի համար»,- ասաց Էդիկ Մինասյանը:

 

Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Գրիգոր Ղարիբյանն էլ ներկայացրեց Հայկ Սարգսյանի անցած գիտական ուղին և ընդգծեց, որ Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե հուշամեդալը ոգեշնչող և միաժամանակ պարտավորեցնող պարգև է:

 

 

Այնուհետև Ֆելիքս Բախչինյանը հանդիսավորությամբ Հայկ Սարգսյանին հասարակական-քաղաքական, մարդասիրական սկզբունքների հաստատման և Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար հանձնեց Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալը:

 

«Շնորհակալ եմ բոլորին ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար: Ես իմ գիտամանկավարժական ուղին ավարտված չեմ համարում, ավելին՝ ուզում եմ շեշտել, որ այսուհետ շարունակելու եմ նոր եռանդով աշխատել՝ իմ ամբողջ գիտական ներուժը ծառայեցնելով Մայր բուհի և երկրի բարգավաճմանը»,- ասաց դեկան Հայկ Սարգսյանը:

Այլ նորություններ
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Անմահները հրամայում են» խորագրով միջոցառումը:
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ
ԵՊՀ-ի հրատարակած գրքերը ներկայացվեցին Եվրոպական գրահրատարակչական ամենաբարձր հարթակում: