11.05.2017 | 
Քաղաքականություն
ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒՄ ԿԱՆՑՆԵՆ
ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒՄ ԿԱՆՑՆԵՆ
ԵՊՀ բոլոր աշխատակիցներն այս տարվա մայիս-հուլիս ամիսների ընթացքում պետք է անցնեն պարտադիր բժշկական զննում` ֆլյուրոգրաֆիա և թերապևտի կողմից զննում:

Այս մասին հրամանը (10.05.2017 թ.-ի N83§1) ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ստորագրել է՝ հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի պահանջները և ՀՀ Կառավարության՝ 2003 թ.-ի մարտի 27-ի թիվ 347-Ն որոշումը, ինչպես նաև նպատակ ունենալով արդյունավետ դարձնել ԵՊՀ աշխատողների առողջության պահպանման ուղղությամբ տարվող միջոցառումները: Նշենք, որ բուժզննման մեջ մտնում են թերապևտիկ և պալարախտի դեմ ստուգումները:

 

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանի տեղեկացմամբ` գործընթացն իր մեջ ներառում է նաև կազմակերպչական աշխատանքներ, մասնավորապես աշխատողների ցուցակագրում, որը Կադրերի բաժնի հետ իրականացնելու է Արհեստակցական կազմակերպությունը: Դրանից հետո ֆակուլտետների և կառուցվածքային այլ ստորաբաժանումների աշխատողները կտեղեկացվեն պարտադիր բուժզննման օրերի մասին:

 

«Ուզում եմ տեղեկացնել բոլոր աշխատողներին, որ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն` պարտադիր բուժզննումից հրաժարվելու կամ խուսափելու դեպքում գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ և որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, այլ կերպ ասած՝ հեռացնել աշխատանքից: Դրա համար կոչ եմ անում բոլոր աշխատակիցներին, որ պարտադիր բուժզննումը անցնեն նախատեսված ժամկետներում»,- նշում է Արմեն Ավետիսյանը:

 

Տեղեկացնենք, որ աշխատողները ֆինանսական որևէ պարտավորվածություն չունեն, պարտադիր բուժզննումը կատարվելու է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության միջոցով, աշխատանքային օրերին և ժամերին, Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում (Մոսկովյան 13): Ի դեպ, պոլիկլինիկան նույնպես պատահական չի ընտրվել. այն շատ մոտ է համալսարանին, և աշխատակիցները ստիպված չեն լինի հավելյալ տրանսպորտային ծախսեր կատարել այնտեղ հասնելու համար:

 

Բժշկական զննումն իրականացվում է աշխատողի անձնագրի և ապահովագրական ընկերության տրամադրած բժշկական պահովագրության քարտի առկայության դեպքում:

 

Արհեստակցական կազմակերպության նախագահը նշեց, որ բոլոր աշխատողները պետք է անձնական սանիտարական գրքույկներ ունենան, քանի որ նախորդ տարիներին նույնպես պարտադիր բուժզննում անցել են, սակայն կորցրած լինելու կամ ինչ-ինչ պատճառներով չունենալու դեպքում Արհեստակցական կազմակերպությունը դրանք կտրամադրի իր միջոցներով, որպեսզի աշխատակիցները ստիպված չլինեն լրացուցիչ գումար ծախսել:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ. ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և փոխդեսպան Նիդա Դալմանտայտեին:
ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմեդ-Օ-Ջեբուռ Ալ-Մասուդիին: