29.12.2016 | 
Հասարակություն
ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2017 թ.-ից ԵՊՀ աշխատակիցները ևս բուժօգնության դիմելիս կկարողանան օգտվել առողջության ապահովագրությունից:

Դրա մասին որոշումը ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կայացրել է օրերս, սակայն գործընթացը սկիզբ էր առել դեռևս այս տարվա սկզբին: Նախաձեռնողը ԵՊՀ արհեստակցան կազմակերպությունն էր, իսկ ԵՊՀ ռեկտորը հավանություն էր տվել գաղափարին, և նրա հրամանով ստեղծվեց ԵՊՀ աշխատակիցների կորպորատիվ սոցիալական աջակցության և առողջության ապահովագրության տրամադրման մեխանիզմները մշակող հանձնաժողով, որը ղեկավարում է պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

«Ուսումնասիրեցինք սոցիալական ապահովագրության այն փաթեթները, որոնք կային մինչ այժմ, ծանոթացանք առաջարկվող ծառայություններին: Կազմեցինք փաստաթուղթը, որն էլ դարձավ ապահովագրական ընկերություններին առաջարկվող մրցույթի հիմքը»,- նշեց պարոն Մարկոսյանը:

Մրցույթը հայտարարվել է այս տարվա դեկտեմբերի սկզբին: Դիմած երեք կազմակերպություններից հաղթող է ճանաչվել «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը, որի հետ էլ ԵՊՀ-ն կնքելու է պայմանագիր՝ գործընթացն իրականացնելու համար:

ԵՊՀ-ն իր բյուջեից ապահովագրական ծախսերի համար վճարելու է շուրջ 119 մլն դրամ:

«ԵՊՀ-ն յուրաքանչյուր աշխատակցի համար տարեկան վճարելու է 52.000 դրամ, իսկ ապահովագրական ծածկույթը կազմելու է մինչև 6 մլն դրամ: Փաստաթղթում ներկայացված է բժշկական ծառայությունների շատ լայն սպակտր՝ կլինիկական, վիրաբուժական և այլն: Ներառված է նույնիսկ ատամնաբուժությունը, ինչն ապահովագրող շատ քիչ ընկերություններում է հանդիպում: Ասվածը չի վերաբերում խրոնիկ հիվանդություններին»,- ասում է ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը:

Նշենք, որ առողջության ապահովագրությունից օգտվելու են ԵՊՀ-ի միայն հիմնական աշխատողները, իսկ արտաքին համատեղությամբ կամ ժամավճարով աշխատողների դեպքում այն չի կիրառվում: Ապահովագրվող անձանց դեպքում ևս ամեն ինչ հստակ է. ապահովագրական ընկերությունը փոխհատուցում է միայն ԵՊՀ աշխատակցի բուժման ծախսերը: Ընտանիքի անդամներին ևս ապահովագրելու ցանկության դեպքում Արհեստակցական կազմակերպությունը պատրաստ է դիմել ապահովագրող ընկերությանը` նրանց ևս նույն պայմաններով ապահովագրելու համար: Այդ դեպքում, սակայն, վճարումները պետք է կատարեն իրենք` աշխատողները:

ԵՊՀ-ն ապահովագրական ընկերությանն է տրամադրել 2244 աշխատողի տվյալներ, ինչին կհաջորդի կողմերի միջև պայմանագրի ստորագրումը: Եկող տարվա հունվար-փետրվար ամիսներին համակարգում ներառված աշխատողներին կտրամադրվի «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության առողջության ապահովագրության պլաստիկ քարտեր, որոնցով կարող են դիմել ՀՀ և ԼՂՀ տարածքում գտնվող ցանկացած բուժհաստատության:

2017 թ.-ի տարեսկզբին ապահովագրող ընկերության ներկայացուցիչները հանդիպումներ կունենան ԵՊՀ բոլոր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, մանրամասն կներկայացնեն ապահովագրության տրամադրման բոլոր կետերն ու գործընթացները: Մինչ այդ առողջության ապահովագրման հետ կապված բոլոր հարցերով համալսարանականները կարող են դիմել Արհեստակցական կազմակերպությանը, որը համակարգում է ամբողջ գործընթացը:

«Ես պետք է խնդրեմ, որ մեր աշխատակիցները լինեն ակտիվ, գոնե տարին մեկ անգամ պրոֆիլակտիկ ստուգումներ անցնեն, որպեսզի չստացվի այնպես, որ ԵՊՀ-ն վճարի, իսկ իրենք չօգտվեն ապահովագրական ծառայությունից»,- ասաց պարոն Ավետիսյանն ու հավելեց, որ առաջիկայում կհրապարակվի ապահովագրության մեջ ներառվող բոլոր բուժծառայությունների ցանկը:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Հունվարի 13-ին Մայր բուհի ներկայացուցիչները ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկ Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) տուն-թանգարանին նվիրաբերեցին համակարգիչ և գրքեր:
ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Մի քանի օրից բոլորս կամփոփենք անցնող տարին՝ ակնկալելով հույսերով, սիրով ու խաղաղությամբ լեցուն մի նոր տարի: