26.02.2018 | 
Կրթություն
ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Սենշյու համալսարանի պատվիրակությունը հանդիպեց ճապոներեն ուսումնասիրող ուսանողների հետ:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման հիմնական նպատակն էր ճապոներեն սովորող և ճապոնական մշակույթով հետաքրքրվող համալսարանականներին ծանոթացնել իրենց բուհի և ընդհանրապես երկրի ավանդույթներին, մշակութային և լեզվական առանձնահատկություններին:

 

Հյուրերին նախ ողջունեց ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանը. «2005 թ.-ից Մայր բուհում ճապոներենն ուսումնասիրվում է որպես երկրորդ օտար լեզու, և պետք է նշեմ, որ ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ճապոներենի ու ճապոնական մշակույթի հանդեպ»:

 

 

Սենշյու համալսարանի պրոֆեսոր Սատակե Հիրոյասուն շնորհակալություն հայտնեց ֆակուլտետի ղեկավարությանը հնարավորության համար. «Ճապոնացի և հայ ուսանողները հետաքրքրությունների համընդհանուր շրջանակ ունեն. նրանք ուզում են ճանաչել աշխարհը, ծանոթանալ այլ քաղաքակրթությունների և ժողովուրդների ավանդույթների հետ, կապեր ստեղծել, ստեղծագործել միասին՝ հանուն իրենց ապահով ապագայի»:

 

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան երկրորդ քարտուղար, տնտեսական համագործակցության և մշակութային կապերի պատասխանատու Մաէկավա Մեգումին, ով բարձր գնահատեց հայ-ճապոնական համագործակցությունը:

 

«Չնայած նրան, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը սկսել է գործել միայն երեք տարի առաջ, հայ-ճապոնական տնտեսական, առևտրային և մշակութային կապերը տարիների պատմություն ունեն»,- ասաց տիկին Մեգումին:

 

ԵՊՀ ճապոներենի դասախոս Ռուզան Խոչիկյանն էլ հավելեց, որ նմանաբնույթ հանդիպումները շարունակական բնույթ են կրելու:

 

 

Ողջույնի խոսքերից հետո Սենշյու համալսարանի ուսանողները տեսապատկերների միջոցով ներկայացրին իրենց համալսարանը, ճապոնական լեզվի ու մշակույթի յուրահատկությունները և հնարավորություն ստացան ծանոթանալու համալսարանականների պատրաստած՝ ԵՊՀ-ի և Հայաստանի մասին պատմող հոլովակներին:

 

Հանդիպումը հագեցած էր նաև երաժշտական համարներով և ազգային պարի կատարումներով:

Այլ նորություններ
ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆ ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ. «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ Է ՍՆՈՒՑՎՈՒՄ»
Այսօր Մայր բուհի գիտխորհրդի նիստերի դահլիճում ԱՄՆ Մասաչուսեթսի Քլարք համալսարանի պրոֆեսոր, թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը հանդիպեց ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ: Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ:
ԵՊՀ-ՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ. «ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ» ԲԱԺԻՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2018-2019 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության «Նախապատրաստական դասընթացներ» բաժինը կատարում է 2018-2019 ուստարվա դիմորդների ընդունելություն հանրակրթական բոլոր առարկաներից: