20.05.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՆՈՐ ԿԱՊԵՐ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ ԼԻՏՎԱՅԻ ԲՈՒՀԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՆՈՐ ԿԱՊԵՐ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ ԼԻՏՎԱՅԻ ԲՈՒՀԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ-ում այսօր հյուրընկալվել են Լիտվայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, որոնց հետ քննարկվել են համագործակցություն հաստատելու հնարավոր ուղիները, կոնկրետ ոլորտներն ու զարգացման հեռանկարները։

Լիտվայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն իրենց նախագահի պատվիրակության կազմում երկօրյա պաշտոնական այցով գտնվում են Հայաստանում՝ ամրապնդելու երկկողմ համագործակցությունը և հաստատելու գործընկերային նոր կապեր։

 

Հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրերին ներկայացրեց ԵՊՀ գործունեության հիմնական ուղղությունները, բարեփոխման իրագործվող ծրագրերը, առաջնային նպատակներն ու նախագծերը, որոնք միտված են կրթության որակի բարելավմանն ու հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը։

 

 

Լիտվացի գործընկերներին ներկայացվեցին ԵՊՀ-ի և Լիտվայի համալսարանների միջև արդեն իսկ հաստատված համագործակցությունները և դրանց շրջանակում իրականացված ծրագրերը։ ԵՊՀ ռեկտորը փաստեց, որ համալսարանը պատրաստակամ է հաստատելու նոր կապեր, կյանքի կոչելու արժեքավոր գաղափարներ՝ միտված ուսանողների, դասախոսների և հետազոտողների կարողությունների բարձրացմանը, փորձի փոխանակմանն ու նրանց միջև հաղորդակցության ամրապնդմանը։

 

Լիտվայի պատվիրակության ղեկավարը՝ Լիտվայի Հանրապետության նախագահի կրթության, գիտության և մշակութային հարցերի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասը, հանդիպման ընթացքում խոսեց իրենց երկրի բարձրագույն կրթության ոլորտի քաղաքականության, իրականացվող գործընթացների և ռազմավարական նպատակների մասին՝ փաստելով, որ Հայաստանն այն երկիրն է, որի հետ Լիտվան ցանկանում է ընդլայնել և առավել խորացնել առկա համագործակցությունը։ Բուհերի ներկայացուցիչներն էլ հանդիպման ընթացքում խոսեցին իրենց համալսարանների գործունեության հիմնական ուղղությունների և այն ոլորտների մասին, որոնց շրջանակում կարելի է փոխգործակցություն ծավալել։

 

 

Կողմերն արձանագրեցին, որ համատեղ կրթական, հետազոտական ծրագրերի իրագործումը, փոխանակման ծրագրերի իրականացումը, ամառային դպրոցների, կոնֆերանսների և այլ միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև հետագայում կրկնակի դիպլոմով կրթական ծրագրերի իրականացումը արդյունավետորեն կխթանեն համագործակցությունը ինչպես բուհերի, այնպես էլ երկու երկրների միջև։

 

Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները եղան ԵՊՀ այն ֆակուլտետներում և կենտրոններում, որոնց հետ կցանկանային համագործակցություն հաստատել՝ տեղում ծանոթանալով դրանց գործունեությանը և իրականցվող աշխատանքներին։

Այցելեցին ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն, ծանոթացան բակալավրի և մագիստրոսական ծրագրերին, եղան նաև ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում, արյունաբանական լաբորատորիայում, էկոլոգիայի և բնության պահպանության, կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի, կենդանաբանության, բուսաբանության և սնկաբանության ամբիոններում:

 

 

Տեղեկացնենք, որ Լիտվայի Հանրապետության բուհերի պատվիրակության կազմում ընդգրկված էին նախագահի՝ կրթության, գիտության և մշակութային հարցերի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասը, Միկոլաս Ռոմերիս համալսարանի պրոռեկտոր Ռեգինա Վալուտիտեն, Վիտաուտաս Մագնուսի համալսարանի ռեկտոր Յուոզաս Աուգուտիսը, Կլայպեդայի համալսարանի հաղորդակցության և մարքեթինգի բաժնի ղեկավար Ինգա Պետրաուսկիենեն, Վիլնյուսի համալսարանի կրթության որակի և զարգացման բաժնի ղեկավար Անդրիուս Ուժդանավիչուսը, Վիլնյուսի Գեդեմինասի տեխնիկական համալսարանի Անտանաս Գուստայնիսի ավիացիոն ինստիտուտի դեկան Յուստաս Նուգարասը և Լիտվայի սպորտի համալսարանի ռեկտոր Դիանա Ռեկլայտիենեն։

 

 

Նրանց հետ համագործակցային կապեր հաստատելու, դրանց արդյունքում նոր ծրագրեր ու գաղափարներ իրագործելու վերաբերյալ քննարկմանը ԵՊՀ ռեկտորի հետ մասնակցում էին պրոռեկտորներ Ռաֆայել Բարխուդարյանը, Միքայել Հովհաննիսյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վահագն Ագլյանը, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը, ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Շուքուրյանը, կենսաբանության ֆակուլտետի ամբիոնների վարիչներ Աննա Կարապետյանը և Աննա Փոլադյանը։

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «POLYCHAR 28» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ
«PolyChar 28» միջազգային ամենամյա կոնֆերանսին աշխարհի տարբեր ծայրերից մասնակցում են ոլորտի առաջատար գիտնականներ՝ պոլիմերների սինթեզման ու բնութագրման մեջ ժամանակակից միտումներին ծանոթանալու նպատակով:
«ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՐԵՆՈՒ ՊՏՈՒՂՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ C ՎԻՏԱՄԻՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿ»․ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ՀԱՅ ԲՈՒՅՍ» 8-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի աշխատակիցներն ու բակալավրիատի ուսանողները մասնակցել են Տավուշի մարզի Ենոքավան գյուղում անցկացված «Հայ բույս 2022» 8-րդ փառատոնին՝ ներկայացնելով թեյեր, բուսական կոսմետիկա և բույսերից պատրաստված տիկնիկներ: