07.05.2019 | 
Կրթություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԲՈՒՐԳՈՒՆԴԻԱՅԻ ՖՐԱՆՇ-ԿՈՄՏԵ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՎՈՂ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ 16 ԾՐԱԳՐԵՐԸ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԲՈՒՐԳՈՒՆԴԻԱՅԻ ՖՐԱՆՇ-ԿՈՄՏԵ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՎՈՂ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ 16 ԾՐԱԳՐԵՐԸ
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում այսօր կազմակերպվել էր հանդիպում Ֆրանսիայի Բուրգունդիայի Ֆրանշ-Կոմտե համալսարանի (UBFC) ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էր Միջազգային համագործակցության վարչությունը:

 

Ֆրանսիայի Բուրգունդիայի Ֆրանշ-Կոմտե համալսարանի (UBFC) պրոֆեսոր, միջազգային մագիստրոսական ծրագրերի և դրամաշնորհների պատասխանատու    Եվգենյա Փաշայան-Լեզուան ներկայացրեց իրենց համալսարանում անգլերենով դասավանդվող մագիստրոսական 16 ծրագրերը: Նա նշեց, որ անգլերենին գերազանց տիրապետող և բակալավրիատն ավարտած ուսանողներին կտրամադրվի կրթաթոշակ: Եվգենյա Փաշայան-Լեզուան նաև պատմեց, թե հայ ուսանողները ինչպես կարող են դիմել իրենց համալսարան՝ ուսումը շարունակելու և կրթաթոշակ ստանալու նպատակով: «Մենք մեր համալսարանի ուսանողներին աջակցում ենք յուրաքանչյուր հարցում՝ կեցության, վիզա ստանալու և այլն»,- ասաց նա:

 

Ֆրանսիայի Բուրգունդիայի Ֆրանշ-Կոմտե համալսարանի (UBFC) դասախոս Կլոդ Լեղուան պատմեց իրենց համալսարանի «Ֆիզիկա, ֆոտոնիկա և նանոտեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի մասին:

 

Կլոդ Լեղուան նշեց, որ «Ֆիզիկա, ֆոտոնիկա և նանոտեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի տևողությունը երկու տարի է. ուսանողները մեկ տարի ուսումնասիրում են տեսական դասընթացներ, իսկ երկրորդ տարվա ընթացքում միջազգային գիտահետազոտական լաբորատորիաներում կատարում են գիտական հետազոտություններ: Այս մագիստրոսական ծրագրի շրջանակում լավագույն ուսանողները ստանում եմ դրամաշնորհ, իսկ մագիստրատուրայի լավագույն շրջանավարտները հնարավորություն են ստանում ուսումը շարունակելու նաև Բուրգունդիա Ֆրանշ-Կոմտե համալսարանի ասպիրանտուրայում:

 

Եվգենյա Փաշայան-Լեզուայի խոսքով, իրենց համալսարանի մագիստրոսական ծրագրում սովորելու ընթացքում հայ ուսանողները ցուցաբերել են բարձր առաջադիմություն: «Ես հպարտանում եմ հայ ուսանողներով, քանի որ նրանք միշտ մի քանի քայլ առաջ են և գերազանցում են մյուս ուսանողներին թե՛ իրենց գիտելիքներով, թե՛ անգլերեն լեզվի գերազանց իմացությամբ: Նրանք ուսման մեջ այնքան լավ առաջադիմություն են ունենում, որ մեր համալսարանն առաջարկում է ուսումը շարունակել նաև ասպիրանտուրայում»,- հավելեց նա:

 

Նրա խոսքով, անցյալ ուստարում Ֆրանսիայի Բուրգունդիայի Ֆրանշ-Կոմտե համալսարանի տարբեր ֆակուլտետներ է ընդունվել 14 հայ ուսանող: «Այս ուստարվա համար մեր համալսարան են դիմել արդեն մի քանի հայ ուսանողներ և ակնկալում ենք, որ նրանց թիվը մինչ այս ուստարվա վերջում կավելանա»,- ասաց նա և հավելեց, որ այժմ իրենց համալսարանում կան մի քանի հայ ուսանողներ, որոնք իրենց կրթությունը շարունակում են նաև ասպիրանտուրայում:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան 

 

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԹԻՄԸ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ Է ՆՎԱՃԵԼ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
Ավարտվել է Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում անցկացվող 26-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան։ Օլիմպիադային Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը՝ նվաճելով 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ։
ԵՊՀ-Ի ԵՎ ՊՈԼ ՎԱԼԵՐԻ ՄՈՆՊԵԼՅԵ 3 ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
«Erasmus+» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Ֆրանսիայի Պոլ Վալերի Մոնպելյե 3 համալսարանի միջև հաստատված համագործակցությունն ամրապնդվում է: Այն շարունակվելու է մինչև 2020 թվականը: