19.04.2019 | 
Ուսանողական
ԲԱՐՁՐԱՁԱՅՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ԵՎ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ. ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ԲԱՐՁՐԱՁԱՅՆԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ԵՎ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ. ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ՈւԽ-ի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ ուսանողների հանդիպումը ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի հետ:

Հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի դեկանի տեղակալներ Գևորգ Ասլամաջյանը և Էդվարդ Դանոյանը, ինչպես նաև ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը:

 

Ֆակուլտետի ՈւԽ նախագահ Էլմիրա Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Վահրամ Դումանյանին, որ համաձայնեց նման  ձևաչափով հանդիպում անցկացնել և քննարկել ֆակուլտետի խնդիրները: Վահրամ Դումանյանն էլ նշեց, որ ուսանողների հետ հանդիպումներ հաճախ են կազմակերպվում, բայց առավել հաճելի է, երբ դրանց  նախաձեռնողները հենց ուսանողներն են. «Դա նշանակում է, որ նրանք անտարբեր չեն և իսկապես մտահոգված են ֆակուլտետի խնդիրներով»: Վահրամ Դումանյանն առաջարկեց պարբերաբար կազմակերպել նմանօրինակ հանդիպումներ:

 

Հանդիպման ընթացքում  3-րդ կուրսի ուսանող Դավիթ Պետրոսյանը բարձրաձայնեց այն խնդիրը, որ դասախոսությունների ընթացքում շատ դասախոսներ թելադրում են նյութը, ինչն այդքան էլ արդյունավետ չէ, և առաջարկեց նյութերը նախօրոք տրամադրել ուսանողներին, իսկ լսարանում արդեն քննարկել դրանք:

 

Վահրամ Դումանյանն ի պատասխան ասաց, որ հարցը բարձրաձայնվում է տարիներ շարունակ: Ըստ նրա՝ խնդիրն ունի տարբեր պատճառներ՝ կախված դասախոսներից, ուսանողներից և առարկայի նյութի ուղղվածությունից:

 

«Եկեք ընդունեք, որ մեր ուսանողության մոտ դեռևս բացակայում է գրադարանից օգտվելու մշակույթը: Ուսանողները գերադասում են գրել դասախոսությունը, քան փնտրել գրականությունը, կարդալ օտար լեզուներով և մեծ ծավալով գրքերը: Դասախոսների մոտ էլ կարծրատիպ կա. իներցիայով տարիներ ի վեր թելադրում են: Կարծում եմ՝ եթե հավաքական կարծիք ձևավորվի ուսանողների շրջանում, խնդիրը կլուծվի»,- բացատրեց ֆակուլտետի դեկանը:

 

Վահրամ Դումանյանը պարզաբանեց, որ դասախոսներն ամեն տարի փոփոխում են իրենց նյութերը, ավելացնում կամ պակասեցնում որոշ բաներ, փոխում աղբյուրները, և այդ դեպքում գուցե դժվար լինի հաստատուն որևէ բան կազմելը, և դասերից առաջ այն ուսանողներին փոխանցելը. «Բայց ես ողջունում եմ ձեր առաջարկությունը և կարծում, որ այն առաջադեմ է: Մենք կքննարկենք ամբիոններում և կառաջարկենք դասախոսներին»:

 

ՈւԽ նախագահության անդամ Կարինե Թադևոսյանը նշեց, որ տարեվերջին՝ քննաշրջանի ընթացքում, շատ ուսանողներ խնդիրներ են ունենում՝ չիմանալով, թե հարցաշարի այս կամ այն հարցը գտնելու համար որտեղից պետք է օգտվեն: Նա առաջարկեց ամեն կիսամյակի սկզբում ուսանողներին ուղարկվեն դասավանդվող առարկաների ծրագրերը, հարցաշարերն ու գրականության ցանկը:

 

Վահրամ Դումանյանն ասաց, որ համապատասխան ուղեցույցում, որը հասանելի է նաև էլեկտրոնային եղանակով, նշված է, թե ուսումնառության ընթացքում ուսանողներն ինչ ծրագրի շրջանակում են սովորելու՝ փաստելով, որ հարցաշարերն էլ կազմվում են հենց դրա հիման վրա:

 

«Քննական տոմսերը կազմելիս կարող է որևէ հարցի ձևակերպումը չհամընկնի ուղեցույցում  նշված ձևակերպման հետ, բայց իմաստը նույնը լինի: Այսինքն՝ եթե ուսանողը յուրացրել է թեման, ապա նրա համար որևէ բարդություն չի առաջանա»,- ասաց դեկանը:

 

«Մենք պետք է այնպես անենք, որ միջին և վատ սովորողները ձգտեն հասնելու լավագույնին, այլ ոչ հակառակը: Սա սկզբունքային հարց է, մեր հաջողության քաղաքականության դրույթներից մեկը: Համալսարանի ուսանողը պետք է ձգտի լավագույնին, և մենք պետք է նպաստենք դրան»:

 

Ուսանողներից մեկն էլ բարձրաձայնեց այն խնդիրը, որ երրորդ կուրսի ուսանողների ուսումնական ծրագրով նախատեսված է արտադրական պրակտիկա, որը չի իրականացվում: Վահրամ Դումանյանը պատասխանեց, որ ըստ նրա՝ պետք է վերանայվի ուսումնական պլանը, քանի որ միջինում երկու հարյուր ուսանողի պարտադիր պրակտիկա կազմակերպելն այսօրվա պայմաններում բազմաթիվ պատճառներով իրատեսական չէ:

 

«Ուսումնական պլանում պրակտիկայի առկայությունը եթե պարտադիր պահանջ է, ապա պետք է հստակեցվի, թե ինչ է այն իրենից ենթադրում: Տարիներ շարունակ այս հարցը կա: Այս տարի մեր ֆակուլտետ ընդունվել է երկու հարյուրից ավելի ուսանող: Մենք նրանց որտե՞ղ ուղարկենք պրակտիկայի: Ո՞ւմ ասենք՝ այս քանակությամբ ուսանողների հետ աշխատի և նախատեսված ժամաքանակ տրամադրի»,- ասաց Վահրամ Դումանյանը:

 

Նա ասաց, որ ԵՊՀ գիտխորհրդի նիստի ժամանակ էլ առաջարկել է, որ որոշ մասնագիտությունների դեպքում վերանայվի պրակտիկայի պարտադիր բաղադրիչի պահանջը:

 

 

Ուսանողներից մեկի դիտարկմանը, թե բոլորին հայտնի է, որ այսօր կրթության որակը ցածր է, Վահրամ Դումանյանը առարկեց և ասաց, որ ամեն ինչ գնահատվում է համեմատության մեջ: Նրա հավաստմամբ, Հայաստանում թեև այսօր կան առաջատար մի քանի բուհեր, բայց ԵՊՀ-ի ԻԿՄ ֆակուլտետն է, որ աննախադեպ քանակությամբ դիմորդներ է ընդունել այս տարի. «Այդ փաստն արձանագրում է հասարակության գնահատականը մեր գործունեությանը և արված աշխատանքին»:

 

«Բացի դրանից՝ տարիներ շարունակ մեր ուսանողները մրցութային տարբեր հարթակներում մշտապես բարձր հորիզոնականներ են զբաղեցնում: Միջազգային օլիմպիադաներում ևս ԻԿՄ ֆակուլտետի թիմերն առաջատար դիրքեր են գրավել, իսկ մեր շրջանավարտներն աշխատում են աշխարհի տարբեր հեղինակավոր կազմակերպություններում»,- նշեց ֆակուլտետի դեկանը:

 

Հանդիպման ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին իրենց հուզող այլ հարցեր, որոնց մանրամասնորեն պատասխանեց Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը և ասաց, որ դրանք առաջիկայում առավել մանրամասն կքննարկվեն և կառաջարկվեն լուծումներ:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ ԵՊՀ մի շարք ուսանողներ այսօր Նուբարաշենի զորամասի հրաձգարանում մասնակցել են կրակային պատրաստության գործնական պարապմունքի:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ ՊՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱՄԱՍ
ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ մասնակցել են ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվող տեսական պարապմունքների շարային և կրակային պատրաստություններից: