05.02.2018 | 
Քաղաքականություն
ՄԱՐԶԱՅԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԱՆԱՁՈՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ ԷՐ
ՄԱՐԶԱՅԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԱՆԱՁՈՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ ԷՐ
Փետրվարի 2-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ներկայացուցիչները հանդիպեցին Վանաձորի ավագ դպրոցների աշակերտների հետ:

Ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու, իրազեկվածության մակարդակը բարձրացնելու և դեպի Մայր բուհ ուղղորդելու նպատակով ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ կազմակերպված հերթական հանդիպումը տեղի ունեցավ Վանաձոր քաղաքի Գևորգ Չավուշի անվան հ. 24 միջնակարգ դպրոցում:

 

ԵՊՀ-ն ներկայացնում էին Արևելագիտության ֆակուլտետի դեկան, բան. գիտ. թեկնածու Ռուբեն Մելքոնյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. թեկնածու Հայկ Քոչարյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկնածու, Վարդան Ոսկանյանը, Թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ, պատմ. գիտ. թեկնածու Մհեր Աբրահամյանը և Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Արեն Պետունցը։ Հանդիպմանը ներկա էին նաև համայնքի  ավագ և հիմնական դպրոցների ավարտական դասարանների աշակերտներ և մանկավարժներ։ 

Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հանդես եկավ դասախոսությամբ՝ ներկայացնելով համաշխարհային, մասնավորապես հայկական արևելագիտության սկզբնավորման և զարգացման, արևելագիտական կարևոր կենտրոնների ստեղծման և գործունեության պատմությունը։ Ռուբեն Մելքոնյանը խոսեց նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ստեղծման ու զարգացման, ֆակուլտետում իրականացվող բազմաբնույթ գիտակրթական գործունեության մասին։

 

Դեկանը կարևորեց այն հանգամանքը, որ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնագիտական բարձր պատրաստվածության և փորձի շնորհիվ ուսանողները հնարավորություն ունեն ստանալու որակյալ և ներկայիս աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն։

 

«Աշակերտների հետ հանդիպումը մեզ ավելի շատ ոգևորեց, քանի որ հանդիպեցինք շատ գիտակից, նաև բավականին լավ գիտելիքներ ունեցող աշակերտների»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը:

 


Արաբագիտության և իրանագիտության հիմնահարցերի մասին առանձին ելույթներով հանդես եկան Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը և Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը: Թուրքագետ Մհեր Աբրահամյանը և ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Արեն Պետունցը խոսեցին թյուրքագիտության զարգացման առանձնահատկությունների և աշխատաշուկայում ֆակուլտետի շրջանավարտների ներկայացվածության մասին։

 

Ապագա դիմորդները դասախոսներին հարցեր ուղղեցին ԵՊՀ-ում կրթության կազմակերպման, Արևելագիտության ֆակուլտետում ներկայացված կրթական ծրագրերի և մասնագիտացումների վերաբերյալ։

 

Հանդիպման ավարտին Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը դպրոցականներին կոչ արեց լավ սովորել, տիրապետել տարբեր լեզուների, հատկապես հակառակորդ երկրների լեզուներին:

 

«Զենք վերցնելուց բացի՝ հարկավոր է զինվել գիտելիքներով և ձեռք բերված գիտելիքները ծառայեցնել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ամուր անվտանգության ապահովմանը: Լավ գիտնականը ևս լավ զինվոր է»,- նշեց Գուգարաց թեմի առաջնորդը:

 

Սրբազանը պատանիներին և աղջիկներին հորդորեց մտածել այդ ամենի մասին, քանի որ հայրենիքին ծառայություն կարելի է մատուցել՝ մասնագիտանալով նաև այս ուղղություններով:

Այլ նորություններ
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԻԾԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Մերուժան Հարությունյանն այսօր ԵՊՀ-ում հանրային քննարկմանը ներկայացրեց իր կազմած «Բարոյակարգ հաստատելու դրույթները» վերնագրով 18-էջանոց առաջարկությունների ձեռնարկը:
ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ Է ՎԵՐԸՆՏՐՎԵԼ ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆԸ
Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհրդի նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ, 32 կողմ և 3 անվավեր ձայների հարաբերակցությամբ ֆակուլտետի դեկան է վերընտրվել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը: