12.12.2018 | 
Մշակույթ
«ԶՈՀԱԲԵՐՈՒՄ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆԻՆ, ԳԵՂԵՑԻԿԻՆ, ԱՆՄԵՂԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ՓՈՔՐՈԳԻ, ՃՂՃԻՄ ՄԱՐԴԸ ՆԱԽԱՆՁՈՎ Է ԼՑՎՈՒՄ ԴՐԱՆՑ ՀԱՆԴԵՊ». ՑՈՒՑԱԴՐՎԵՑԻՆ «ՍՊԻՏԱԿ ԳԱՌԱՆ ԵՐԱԶԸ» ԵՎ «ԼՈՒՅՍԻ ՁԱՅՆԵՐ» ՖԻԼՄԵՐԸ
«ԶՈՀԱԲԵՐՈՒՄ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆԻՆ, ԳԵՂԵՑԻԿԻՆ, ԱՆՄԵՂԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ՓՈՔՐՈԳԻ, ՃՂՃԻՄ ՄԱՐԴԸ ՆԱԽԱՆՁՈՎ Է ԼՑՎՈՒՄ ԴՐԱՆՑ ՀԱՆԴԵՊ». ՑՈՒՑԱԴՐՎԵՑԻՆ «ՍՊԻՏԱԿ ԳԱՌԱՆ ԵՐԱԶԸ» ԵՎ «ԼՈՒՅՍԻ ՁԱՅՆԵՐ» ՖԻԼՄԵՐԸ
Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը» և «Լույսի ձայներ» ֆիլմերն այսօր ցուցադրվեցին ԵՊՀ մշակույթի կենտրոնում:

Ցուցադրությանը ներկա էին ֆիլմերի ռեժիսոր Հրանտ Վարդանյանը, «Սպիտակ գառան երազը» ֆիլմի օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը, «Լույսի ձայներ» ֆիլմի օպերատոր Արեգ Հակոբյանը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ»  երգչախմբի գեղարվեստական ղեկավար, խմբավար, մանկավարժ Տիգրան Հեքեքյանը, նկարիչ Աշոտ Համբարձումյանը:

 

15 րոպե տևողությամբ «Սպիտակ գառան երազը» ֆիլմի առանցքում զոհաբերության թեման է: Ֆիլմը ստեղծված է գրոտեսկային տրագիֆարս ժանրային ձևաչափով:

 

Ֆիլմի գլխավոր հերոսը Բեբեն անունով սպիտակ գառն է, որին մարդիկ ցանկանում են զոհաբերել: Զոհաբերման երազի այս տեսարանով էլ սկսվում է ֆիլմը: Սպիտակ գառը հավատում է իրեն սնած և պահած հովվին ու հույս ունի, որ հովիվը թույլ չի տա՝ իրեն զոհաբերեն: Սակայն իրականությունն այլ է. հովիվը գառանը վաճառում է 30 հազար դրամով, ինչպես Հուդան դավաճանում է Հիսուսին 30 արծաթով: 

 

Ահա, երեսունի խորհրդանշանով, սպիտակ գառով, երազով և հասարակության անդրադարձով էլ  խտանում է ֆիլմի գաղափարը: 

 

Ռեժիսորի խոսքով, ֆիլմի գաղափարը ծնվել է ակնթարթորեն. «Ես համաձայն չեմ ստրկացման այս երևույթին: Ոչ-ոք իրավունք չունի որևէ մեկին զոհաբերելու, քանի որ և՛ մարդիկ, և՛ կենդանիները ազատ են»:

 

Ի հավելումն այդ մտքի՝ Տիգրան Հեքեքյանն ընդգծեց. «Զոհաբերում են լավագույնին, գեղեցիկին, անմեղին, քանի որ փոքրոգի, ճղճիմ մարդը նախանձով է լցվում դրանց հանդեպ»:

 

Գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմի ուղերձն է վերանայել բարոյական արժեքներն ու պատկերացումները, ինչպես նաև մարդ-կենդանի, մարդ-բնություն հարաբերությունները։

«Լույսի ձայներ» ֆիլմը պատմում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասին:

Ֆիլմում ներկայացվում է երգչախմբի  շրջագայությունները, հաջողությունները, ինչպես նաև խմբավար ու մանկավարժ Տ. Հեքեքյանի կատարած աշխատանքները:

 

Ըստ էության՝ երգչախմբի անդամները լույսեր են, որոնք սփռված են ամենուրեք և լույս են բաշխում մարդկանց:

 

Ֆիլմերը տպավորեցին ներկաներին: 

 

Ցուցադրությանը ներկա ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Մարատ Սարգսյանի խոսքով, այս կարճամետրաժ ֆիլմերը ստիպեցին մտածել, երազել, հուզվել, ծիծաղել, և որ ամենակարևորն է՝ ապրել:

Անգին Խաչատրյան

 

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵՑ  «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում ավարտին մոտեցավ երիտասարդ ստեղծագործողների մշակութային մրցույթ-փառատոնը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:
«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ  ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ . ՕՐ 4-ՐԴ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում ավարտին է մոտենում երիտասարդ ստեղծագործողների մշակութային մրցույթ-փառատոնը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: