25.03.2019 | 
Կրթություն
ԿՈՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՒՄԸ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ ԿՈՐԵԵՐԵՆ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԿՈՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՒՄԸ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ ԿՈՐԵԵՐԵՆ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Եգիպտոսի անվան լսարանում կորեերեն սովորող ԵՊՀ ուսանողների համար այսօր կազմակերպվել էր հանդիպում-դասախոսություն «HWPL» հայաստանյան կազմակերպության ներկայացուցչի հետ, որն ուսանողներին պատմեց կորեական մշակույթի առանձնահատկությունների մասին:

ԵՊՀ-ում կորեերենի դասավանդումը սկսվել է 2018 թվականի նոյեմբերի 1-ից: Մեզ հետ զրույցում ԵՊՀ-ում կորեերենի համակարգող Արթուր Իսրայելյանը փաստեց, որ վաղուց կար նախաձեռնություն ԵՊՀ-ում կազմակերպել ասիական երեք լեզուների (չինարեն, ճապոներեն և կորեերեն) դասավանդումը:

 

«Երկու լեզուների դասավանդումն արդեն իրականացվում էր, իսկ կորեերենը համակարգելու և նախաձեռնությունն ամբողջացնելու համար սկսեցինք համագործակցել Հայաստանում Կորեայի մշակութային կենտրոն հիմնադրամի հետ՝ հանդես գալով միասնական ծրագրով, որի շրջանակում ԵՊՀ ուսանողների համար ստեղծեցինք փորձնական կուրս»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Իսրայելյանը:

 

Նրա հավաստմամբ, այդ կուրսին նախապես գրանցվել էին ավելի քան 250 ուսանողներ տարբեր ֆակուլտետներից. «Այս պահին կորեերեն սովորում են շուրջ 125 ուսանողներ: ԵՊՀ ռեկտորի աջակցությամբ նոյեմբերին մեկնարկել է ծրագիրը, և դիմում-հայտերի արդյունքում ձևավորվել է 3 խումբ: Դասընթացը վարում է Հասմիկ Ճաղարյանը, որը սովորել է Սեուլի համալսարանում: Նրան օգնում է Հայաստանում Կորեայի մշակութային կենտրոն հիմնադրամի ներկայացուցիչ Փաք Հի Սուն: Բացի դրանից՝ Հայաստան գործուղված լեզվակիրներին նույնպես փորձում ենք ներգրավվել այս գործընթացին»:

 

 

Արթուր Իսրայելյանի փոխանցմամբ, կորեերենով հետաքրքրված ուսանողներին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տրամադրվել է լսարան, որը հետագայում նախատեսվում է դարձնել կենտրոն. «Կորեերեն սովորող ուսանողների համար կազմակերպված դասընթացն ավարտվելու է հունիսի վերջին: Ուսանողները կհանձնեն քննություն և կստանան հավաստագրեր»:

 

Հանդիպում-դասախոսության սկզբում Արթուր Իսրայելյանը ներկայացրեց «HWPL» կազմակերպության գործունեությունը և հույս հայտնեց, որ այս միջոցառումն էլ ավելի կբարձրացնի ուսանողների հետաքրքրությունը Կորեայի նկատմամբ:

 

 

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը փաստեց, որ կորեագիտության ուսումնասիրությունը բավականին մեծ հետաքրքրություն և նշանակություն ունի. «Մենք ծրագրել ենք ֆակուլտետում, բացի մեզ համար ավանդական ուղղվածություններից, ավելացնել նորերը, որոնցից կորեագիտությունն առաջնահերթություններից մեկն է: Ֆակուլտետի անունից ուզում եմ վերահաստել, որ մենք պատրաստ ենք մեր բոլոր ջանքերը ներդնելու այս ուղղության հաստատման և զարգացման համար»:

 

«HWPL» կազմակերպության ներկայացուցիչը հանդիպում-դասախոսության ընթացքում ներկայացրեց կորեական մշակույթի առանձնահատկությունները, խոհանոցի յուրահատկությունները, խոսեց կորեական պատերազմի, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև խաղաղության ձգտման մասին:

 

 

Հանդիպման վերջում ԵՊՀ-ում կորեերեն ուսումնասիրող ուսանողները հնարավորություն ստացան կորեերենով ուղղելու իրենց հարցերը և ստանալու դրանց պատասխանները հենց լեզվակրից։

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: