Իրավական պետության և բարձր իրավագիտակցությամբ օժտված հասարակության կերտման գործում իրավաբանական որակյալ կրթությունն անհրաժեշտ նախադրյալ է: Արդյունքում՝ արհեստավարժ իրավաբանների առկայությունը դառնում է երաշխիք միջազգային իրավական չափանիշներին համահունչ օրենսդրության ձևավորմանը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ամրապնդման ու զարգացման համար:
Հաշվի առնելով ԱրՊՀ-ի՝ Արցախի Հանրապետության կայացման և զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, իրավաբանական կրթության երաշխավորման գործում կարևոր դերակատարությունը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը կնքված հուշագրի շրջանակում կաջակցի և մասնագիտական օգնություն ցույց կտա գործընկեր բուհին:
Այդ նպատակով մարտի 17-19-ը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը, ամբիոնի վարիչներ, պրոֆեսորներ Վահրամ Ավետիսյանը, Սամվել Դիլբանդյանը և դոցենտ Սերգեյ Մեղրյանը այցելեցին ԱրՊՀ: Արցախի Հանրապետություն է այցելել և հուշագրի կնքմանը ներկա գտնվել նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը փաստում է, որ այս հուշագիրը, ի տարբերություն նման այլ փաստաթղթերի, ենթադրում է բովանդակային օգնություն և կոնկրետ գործողությունների իրականացում:
«Անհրաժեշտ է, որպեսզի Արցախի պետական համալսարանում ստեղծվեն բոլոր պայմանները որակյալ և կայացած իրավագետների պատրաստման համար: Այս բարդ ու երկար գործընթացում մեր իրավագիտության ֆակուլտետը պատրաստ է գործընկեր ֆակուլտետին տրամադրել ամեն տեսակի օգնություն՝ մասնագիտական խորհրդատվությունից մինչև դասախոսների պատրաստում և վերապատրաստում»,- նշեց ռեկտորը և հույս հայտնեց, որ մյուս ֆակուլտետները նույնպես կհետևեն Իրավագիտության ֆակուլտետի օրինակին:
Նշենք, որ ծրագիրը ներառում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կողմից ուսումնական գործընթացի և համատեղ մասնագիտական միջոցառումների կազմակերպում, գրականության հատկացում, հեռավար դասախոսություններ, դասավանդման մեթոդիկայի ներդրում, պրոֆեսորադասախոսական կազմի անդամների վերապատրաստում, փոխայցելություններ և այլն:
«Այս գործընթացի ազդակը եղավ այն, որ սահմանադրական փոփոխությունների պատրաստվող Արցախի Հանրապետությանը հարկավոր էր մասնագիտական օգնություն և խորհրդատվություն: Քանի որ ԱրՊՀ-ում բարձրորակ իրավաբան կադրերի պակաս կա, ուստի նրանք ստիպված էին դիմել ՀՀ մասնագետների օգնությանը: Արդյունքում՝ որոշվեց աջակցել ԱրՊՀ-ին՝ պատրաստելու որակյալ իրավաբաններ,- ասում է Գագիկ Ղազինյանը և ավելացնում,- նոր կայացող պետության համար, ինչպիսին Արցախի Հանրապետությունն է, ներկայումս ամենակարևոր գործոններից է պատշաճ իրավակարգավորումներն ու բազմաշերտ իրավական ոլորտի մշակումը, ինչը երկարատև գործընթաց է և պահանջում է որակյալ կադրերի առկայություն, ինչը, ցավոք, այսօր բացակայում է: Սա է, թերևս, մեծագույն խնդիրը»:
Դեկանն ընդգծեց, որ ներկայումս Արցախի պետական համալսարանում գործում է Պատմության և իրավագիտության ֆակուլտետ, ուստի մեկ ամբիոնը (Իրավունքի ամբիոն) բազմաճյուղ բնագավառում օբեկտիվորեն չի կարող պատճաշ մակարդակով իրականացնել որակյալ իրավաբան կադրերի պատրաստում:
«Արցախի Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում շեշտել ենք, որ նորաստեղծ պետության առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար կադրերի պատրաստման հզոր դարբնոց է հարկավոր, և մենք՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ամբողջ կազմը, պատրաստակամ է սատարել ԱրՊՀ-ին՝ նշված խնդիրները լուծելու համար»,- ասաց Գագիկ Ղազինյանը և հավելեց, որ առաջիկայում գործընկեր ֆակուլտետի պատվիրակությունը կայցելի Մայր բուհ՝ մշակելու և կնքելու գործողությունների իրականացման ժամանակացույցը:
Հավելենք, որ այցելության շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պատվիրակության անդամները հանդիպել են ԱրՊՀ իրավունքի ամբիոնի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ, ներկայացրել ծրագիրը, նպատակները և դրանց իրականացման գործընթացը, ինչպես նաև հետագա անելիքները: