14.10.2019 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «MENDELEEV LAB» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «MENDELEEV LAB» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հոկտեմբերի 12-ին աշխարհի ավելի քան 30 երկրների բուհերում և գիտակրթական այլ կենտրոններում անցկացվել է «Mendeleev Lab» համաշխարհային կրթական ծրագիրը՝ նվիրված Դ. Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակին:

2019 թվականը ՄԱԿ-ի ընդհանուր վեհաժողովի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Քիմիական տարրերի պարբերական աղյուսակի միջազգային տարի, իսկ կրթական ծրագիրն անցկացվել է Քիմիական տարրերի պարբերական աղյուսակի 150-ամյակի կապակցությամբ:

 

Ի դեպ, կրթական ծրագրի անցկացման օրը ևս պատահական չէ ընտրված. համարվում է, որ հենց հոկտեմբերի 12-ին է Պետերբուրգի գիտությունների ակադեմիայում Միխայիլ Լոմոնոսովի կողմից ստեղծվել քիմիական առաջին լաբորատորիան:

 

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի ու Երևանում Ռուսական կրթության և մշակույթի կենտրոնի համագործակցությամբ ամենամյա «Mendeleev Lab» կրթական ծրագիրն անցկացվել է նաև ԵՊՀ-ում: Միջոցառման նպատակն էր խթանել գիտության հանդեպ հետաքրքրությունը:

 

 

Երևանի մի շարք դպրոցների ավելի քան 200 աշակերտ մասնակցել է ծրագրի ընթացքում կազմակերպված վիկտորինային: Կազմակերպիչների հավաստմամբ, հարցերը տարբեր էին՝ ըստ տարիքային բաժանման: 6-12 տարեկան աշակերտներին տրվել է 15, իսկ 13 տարեկանից բարձր աշակերտներին՝ 40 հարց: Տրված հարցերն առնչվել են այն ոլորտներին, որտեղ որևէ քիմիական միացություն կամ տարր կիրառություն է գտել:

 

Կազմակերպիչների նախաձեռնությամբ ծրագրի մասնակից աշակերտները դարձել են լաբորատոր խմբում աշխատող լաբորանտներ, իսկ լաբորատորիայի ղեկավարը՝ ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Նիկոլայ Կնյազյանը:

 

 

Առաջադրված հարցերին պատասխանելու համար մասնակիցներին տրվել է 30 րոպե, որից հետո «լաբորատորիայի ղեկավար» Նիկոլայ Կնյազյանը քննարկում է անցկացրել իր «լաբորանտների» հետ:

 

Քննարկումից հետո, ամփոփելով վիկտորինայի արդյունքները, 6-12 տարեկանների ենթախմբում 11 և ավելի, իսկ 13-ից բարձր տարիքային խմբում 38 և ավելի միավոր հավաքած 10 «լաբորանտ» ստացել է «աստղային լաբորանտի» հավաստագիր:

 

Ծրագրի երկրորդ հատվածում Քիմիայի ֆակուլտետի ուսանողներ Միքայել Թորոսյանը և Շուշաննա Վարդանյանն աշակերտների համար հետաքրքրաշարժ փորձեր են ցուցադրել:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ ԼՈՒՆԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Շվեդիայի Լունդի համալսարանի քաղաքական և տնտեսական ասոցիացիայի անդամներին:
«ԱՐՑԱԽԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ԿԱՅՔԻ ՆՊԱՏԱԿԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՑԱԽՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՆ Է
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության անդամներն «Արցախի էլեկտրոնային գրադարան»-ի հանրայնացման նպատակով հանդիպել են ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: