Իսկ դրա նախաձեռնողը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնն է: Արդեն 5-րդ տարին է, ինչ ամբիոնը կազմակերպում և իրականացնում է «Տեսական և կիրառական հոգեբանության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը: Այս անգամ այն անցկացվելու է հոկտեմբերի 23-25-ը:
Եռօրյա գիտաժողովն իրականացվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ՝ համագործակցելով միջազգային և ՀՀ հոգեբուժական ասոցիացիաների հետ: Բացման արարողությանը ներկա էին նշված կազմակերպությունների ներկայացուցիչներ, արտասահմանյան գիտնականներ, դասախոսներ, ուսանողներ և ուրիշներ:
«Ինքս տեսել եմ, թե վերջին ամիսների ընթացքում ինչ հսկայածավալ աշխատանք է կատարվել այս գիտաժողովին պատրաստվելիս: Եվ ուրախալին այն է, որ այդ ամենին մասնակցել են նաև մեր ուսանողները, իսկ ասպիրանտները հանդես են գալիս որպես զեկուցողներ: Դա կարծես գեղեցիկ ավանդույթ է դարձել մեր ֆակուլտետում»,- ուրախությամբ նշեց Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը` գիտաժողովի մասնակիցներին փոխանցելով նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ողջույնն ու ուղերձը:
Գիտաժողովի կազմակերպիչները որոշել են այս տարի այն նվիրել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Այդ պատճառով էլ ծրագրում ներառվել է նաև ֆրանսիահայ ռեժիսոր Ժակ Քեբաբջյանի «Հայկական հիշողություն» (Ցեղասպանության վկաների հուշեր) ֆիլմի դիտումը և քննարկումը:
Այս տարվա նորություններից մեկն էլ ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ տպագրված «Հայ հոգեբանների միջազգային ներուժը» ձեռնարկի շնորհանդեսն է, որում ներկայացված են արտերկրում բնակվող, միջազգային ասպարեզում մեծ ավանդ ունեցած հայ հոգեբանների կենսագրությունները և նրանց գիտական նվաճումները: Շնորհանդեսը նպատակ ունի լուսաբանելու և արժևորելու այն ներդրումը, որը նրանք ունեցել և շարունակում են ունենալ հոգեբանության զարգացման գործընթացում:
«Այս տարի Առողջապահության համաշխարային կազմակերպությունը հոկտեմբեր ամիսը հայտարարել է հոգեկան առողջության պահպանման ամիս: Այդ կապակցությամբ մեր նստաշրջաններից մեկին հրավիրել ենք նաև Համաշխարհային և Հայկական հոգեբուժական ասոցիացիաներին: Սա նշանակում է, որ այս հոգեբաններն ու հոգեբույժները մեկ խնդիր են լուծում` ազգաբնակչության հոգեկան առողջության հիմնախնդիրները»,- նշում է Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը:
Արդեն ավանդական դարձած գիտաժողովն ընդլայնել է նաև աշխարհագրությունը: Այս տարի զեկուցումներով հանդես կգան մասնագետներ Ռուսաստանից, Արգենտինայից, Իրանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լիտվայից, Վրաստանից: Միայն Ռուսաստանը ներկայացված է տարբեր քաղաքների 12 համալսարաններով:
Ծրագրում ընդգրկված զեկուցումները վերաբերում են հոգեբանության տարբեր ճյուղերի արդի հիմնախնդիրներին, իսկ հատուկ նստաշրջանը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության արձագանքների հոգեբանական հիմնախնդիրների գիտական քննարկմանը:
Գիտաժողովը ներառում է հետևյալ նստաշրջանները՝ «Հոգեբանության տեսություն», «Մեթոդաբանություն», «Փորձարարական հոգեբանություն», «Անձի հոգեբանություն», «Կրթության և զարգացման հոգեբանություն», «Կառավարման հոգեբանություն», «Սոցիալական հոգեբանության էթնիկական և մշակութային հայեցակետերը», «Սպորտի և առողջ ապրելակերպի հոգեբանություն», «Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները»: Նստաշրջանների ընթացքում կներկայացվեն 60-ից ավելի զեկուցումներ:
«Հոգեկան առողջությունը միայն հոգեբույժների, հոգեբանների կամ սոցիալական աշխատողների մենաշնորհը չէ: Դրանում պետք է բոլոր մասնագետները ներգրավվեն: Հենց դրա համար որոշեցինք այս ձևաչափով անցկացնել գիտաժողովը»,- նշեց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:
Գիտաժողովի 3-րդ օրը կկազմակերպվեն հատուկ գիտագործնական սեմինարներ երիտասարդ հոգեբանների՝ ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների համար: Դրանք կվարեն արտասահմանից հրավիրված մասնագետները: