20.05.2019 | 
Կրթություն
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼՈՒ Է ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑ՝ «ՄԻԳՐԱՑԻԱ ԵՎ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ»
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼՈՒ Է ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑ՝ «ՄԻԳՐԱՑԻԱ ԵՎ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ»
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին այսօր ներկայացվեցին «Միգրացիա և լրագրություն» դասընթացի ծրագիրը և նպատակը:

Հանդիպմանը ներկա էին Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի ղեկավար Կառլ Հոֆստրան, նույն ծրագրի համակարգող, ԵՊՀ դասախոս, Հանրային խորհրդի անդամ Գագիկ Եգանյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

 

Նշենք, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսումնական ծրագրում «Միգրացիա և լրագրություն» դասընթացը նախատեսվում է ներդնել հաջորդ ուստարի: Այն դասավանդվելու է մեկ կիսամյակ, ունենալու է 16 դասախոսություն և 14 գործնական պարապմունք:

 

ԵՊՀ դասախոս, Հանրային խորհրդի անդամ Գագիկ Եգանյանը նշեց, որ «Միգրացիա և լրագրություն» դասընթացը մշակվել է «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի շրջանակում:

 

Նրա խոսքով, վերոնշյալ դասընթացը հնարավորություն է տալու ուսանողներին համակարգված տեղեկություններ ստանալու միգրացիոն գործընթացների կառավարման հիմունքների վերաբերյալ:

 

«Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի ղեկավար Կառլ Հոֆստրայի խոսքով, շատ կարևոր է, որ այսօր լրագրողները ճիշտ և գրագետ լուսաբանեն միգրացիային վերաբերող խնդիրները: «Համոզված եմ, որ այս դասընթացն օգնելու է մեր ապագա լրագրողներին ավելի տեղեկացված և նոր գիտելիքներով զինված լուսաբանել ոլորտը»,- ասաց նա:

 

Խոսելով «Միգրացիա և լրագրություն» դասընթացի ներդրման կարևորության մասին՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում ուսումնական ծրագրերը թարմացնելու և նոր դասընթացներ ներմուծելու անհրաժեշտությունը մշտապես զգալի է, քանի որ լրագրության ոլորտում այնքան արագ են տեղի ունենում լուրջ տեղաշարժեր, որ հաճախ ուսումնական գործընթացը պետք է կառուցել այնպես, որ այն համապատասխանի մեդիա դաշտի իրողություններին:

 

Նրա խոսքով, «Միգրացիա և լրագրություն» դասընթացի թեմաները դեռևս լրամշակման փուլում են, այդ իսկ պատճառով նպատակահարմար է դասընթացի ծրագիրն այսօր ներկայացնել ֆակուլտետի դասախոսներին և ստանալ նրանց առաջարկություններն ու դիտարկումները:

 

«Ես համոզված եմ, որ այս դասընթացն իր ուրույն տեղն է ունենալու Ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատի ուսումնական պլանում, իսկ ուսանողները հնարավորություն են ստանալու ծանոթանալու ոլորտի իրողություններին և հավուր պատշաճի ներկայացնելու ոլորտը»,- հավելեց նա:

 

 

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, բան. գիտ. թեկնածու Տաթև Հարությունյանը, որը դասավանդելու է առարկան, հանդիպմանը ներկայացրեց դասընթացի ծրագիրը և նպատակները:

 

Դասընթացի նպատակն է ուսանողին ներկայացնել միգրացիոն գործընթացները, տեսությունները, վիճակագրությունը, միտումները, միգրացիոն վիճակը ողջ աշխարհում և Հայաստանում, միգրացիոն գործընթացների արտացոլումը մեդիայում և ազդեցությունը հասարակական կարծիքի ձևավորման գործընթացում:

 

Տաթև Հարությունյանի ներկայացմամբ, դասընթացի շնորհիվ ուսանողներն ընդհանուր պատկերացում են ունենալու միգրացիոն գործընթացների վերաբերյալ, ծանոթանալու են միգրացիայի միջազգային միտումներին, սովորելու են աշխատել վիճակագրական տվյալների հետ, ծանոթանալու են միգրացիոն գործընթացներում լրագրության դերի սահմանմանը, ինչպես նաև ձեռք են բերելու համացանցում միգրացիոն թեմաներով ընդլայնված հետազոտության իրականացման հմտություններ:

 

Նրա խոսքով, Ժուռնալիստիկայի ֆակուլտետում «Միգրացիա և լրագրություն» դասընթացի անհրաժեշտությունը կար, քանի որ այսօր գործող լրագրողները նույնպես բարձրաձայնում են, որ ունեն վիճակագրական տվյալների վերլուծության, համացանցում դրանց որոնման, տարբեր իրավական փաստաթղթեր ուսումնասիրելու փորձառության պակաս. «Այս դասընթացի միջոցով փորձելու ենք լրացնել վերոնշյալ բացերը և սովորեցնելու ենք ապագա լրագրողներին միգրացիայի հետ կապված խնդիրները գրագետ լուսաբանել»:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԹԻՄԸ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ Է ՆՎԱՃԵԼ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
Ավարտվել է Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում անցկացվող 26-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան։ Օլիմպիադային Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը՝ նվաճելով 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ։
ԵՊՀ-Ի ԵՎ ՊՈԼ ՎԱԼԵՐԻ ՄՈՆՊԵԼՅԵ 3 ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
«Erasmus+» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Ֆրանսիայի Պոլ Վալերի Մոնպելյե 3 համալսարանի միջև հաստատված համագործակցությունն ամրապնդվում է: Այն շարունակվելու է մինչև 2020 թվականը: