06.10.2017 | 
Գիտություն
«ՄԻԳՐԱՑԻԱՆ ԱՅՍՕՐ ՇԱՏ ԱԿՏՈՒԱԼ Է ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՄԱՐ»
«ՄԻԳՐԱՑԻԱՆ ԱՅՍՕՐ ՇԱՏ ԱԿՏՈՒԱԼ Է ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՄԱՐ»
Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց «Միգրացիա, ինքնություն, մուլտիկուլտուրալիզմ» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը:

Ամենամյա միջազգային գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կողմից և նպատակն է գտնել սոցիոլոգիական ժամանակակից կարևոր հարցերի պատասխաններ:

 

Գիտաժողովի բացման արարողության ժամանակ ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, ողջունելով հյուրերին և մասնակիցներին, հույս հայտնեց, որ կարևոր հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովը արդյունավետ կանցնի. «Արդյունավետ համագործակցություն եմ ցանկանում և հուսով եմ՝ վերջնական արդյունքը կգոհացնի բոլորիս»:

 

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, գիտաժողովի գլխավոր կազմակերպիչ Արթուր Աթանեսյանը նույնպես ողջունեց և հաջողություն մաղթեց գիտաժողովի մասնակիցներին և նշեց, որ ըստ զեկուցման թեմաների՝ գիտաժողովը կանցկացվի 4 բաժանմունքներում. «Այսօր աշխատանքները կշարունակվեն «Միգրացիան և միջմշակութային հաղորդակցությունը» և «Ժամանակակից միգրացիոն գործընթացները և միգրացիոն քաղաքականության հիմնախնդիրները», իսկ գիտաժողովի երկրորդ օրը՝ «Միգրացիա, ինքնություն և առօրեականություն» ու «Միգրացիա, տարածաշրջանային քաղաքականություն և անվտանգություն» բաժանմունքներում»:

 

 

Մեզ հետ զրույցում Արթուր Աթանեսյանը փաստեց, որ գիտաժողովի խորագիրը և թեմատիկան պատահական չեն ընտրվել. «Միգրացիան այսօր շատ ակտուալ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրոպայի համար, իսկ այդ միգրացիոն գործընթացների հետևանքով փոխվում է ինքնությունը, որը սոցիոլոգիայի բուն հիմնախնդիրներից մեկն է, և մուլտիկուլտուրալիզմը (տարբեր մշակույթների ներկայացուցիչների համակեցությունը, բախումը և այլն)»:

 

Արթուր Աթանեսյանը հավելեց նաև, որ գիտաժողովին մասնակցում են հիմնականում ֆակուլտետի գործընկեր համալսարանների ներկայացուցիչները. «Մասնակցում են Ռուսաստանի ավելի քան տասը բուհերի ներկայացուցիչներ, մասնակիցներ են ներգրավված նաև Գերմանիայից, Վրաստանից և, իհարկե, Հայաստանից, որոնց մեծ մասը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի մասնագետներն են: Զեկուցումներով հանդես են գալու նաև ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակից-վերլուծաբաններ, ԱԱԾ մասնագետ և ՀՀ ՊՆ ներկայացուցիչ»:

 

Գիտաժողովում ներկայացված զեկուցումները հոդվածների տեսքով կտպագրվեն ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված գիտական ամսագրերում:

 

Տեղեկացնենք, որ միջազգային գիտաժողովը կամփոփվի վաղը:

Այլ նորություններ
«ԴԱՎԻԹ ԱՆԱՆՈՒՆԻ ՄԵՋ ԳԻՏՆԱԿԱՆԸ ՄԻՇՏ ՄՆՈՒՄ ԷՐ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ». ՀՈՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Հովիկ Գրիգորյանի ներկայացրած «Դավիթ Անանունի կյանքը և պատմագիտական ժառանգությունը» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:
«ԳՐԱԲԱՐՅԱՆ ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ». ԱՆՆԱ ԱԲԱՋՅԱՆ
Բանասիրական գիտությունների պրոֆեսոր,ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանի «Գրաբարյան դարձվածքների ձևաիմաստային և կառուցվածքային քննություն. դրանց դրսևորումները արդի արևելահայերենում» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման: