18.04.2019 | 
Գիտություն
«ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ». ԵՐԿՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ՀՀԻ-ՈՒՄ
«ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ». ԵՐԿՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ՀՀԻ-ՈՒՄ
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում այսօր մեկնարկեց «Ցեղասպանագիտության զարգացման ժամանակակից միտումները» թեմայով երկօրյա երիտասարդական գիտաժողովը:

Ապրիլի 18-19-ը տեղի ունեցող երիտասարդական գիտաժողովը կազմակերպվել է Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի նախաձեռնությամբ: Բաժնի վարիչ, պատմ. գիտ. թեկնածու Սուրեն Մանուկյանը փաստեց, որ դրա նպատակն է տարածել ցեղասպանագիտությունը և ստեղծել հարթակ ոլորտով հետաքրքրվող մարդկանց համար՝ միմյանց ճանաչելու, հետագա համագործակցության հեռանկարներ ուղենշելու և ամփոփելու արված աշխատանքները:

 

Գիտաժողովի մեկնարկին Սուրեն Մանուկյանը նշեց, որ Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնահարցը հռչակել է արտաքին քաղաքականության կարևորագույն ուղենիշներից մեկը. «Այդ առումով բնական է, որ այս թեման կարող է կարևոր գործիք դառնալ այն իրացնելու համար»: Նրա հավաստմամբ, կարևոր է շեշտել, որ վերջին տարիներին Հայաստանը դուրս է եկել միայն Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի շրջանակից, և փորձում է հարցը դիտարկել ավելի լայն համատեքստում, որը շատ կարևոր է:

 

«Ցավալիորեն ցեղասպանությունները զուտ պատմական երևույթներ չեն: Դրանց մենք ականատես ենք լինում նաև այսօր, և ցավոք մարդն առ այսօր իր քաղաքական խնդիրների մի մասը փորձում է լուծել՝ դրանք վերացնելով: Իսկ տվյալ դեպքում, երբ մենք խոսում ենք ցեղասպանության մասին, որպես խնդիր դիտարկվում են փոքրամասնությունները՝ կրոնական, էթնիկ կամ ռասայական խմբերի մեջ»,- ասաց Ցեղասպանության բաժնի ղեկավարը:

 

Նրա տեղեկացմամբ, ոլորտի ուսումնասիրությունն արդիական է, քանի որ մարդկությունն ամեն օր մի նոր նյութ է տալիս հետազոտելու. «Աշխարհի տարբեր անկյուններից մենք գրեթե ամեն օր ահազանգեր ենք ստանում մարդկության դեմ կատարվող զանգվածային հանցագործությունների, մարդու իրավունքների լայնամասշտաբ խախտումների մասին, որոնք հաճախ վերաճում են ցեղասպանությունների»:

 

Իր ելույթի ժամանակ Սուրեն Մանուկյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և ընդհանրապես ցեղասպանությունների դեմ մղվող պայքարը ՀՀ-ի առաջնահերթություններից են, որոնցից էլ բխում է տրամաբանական հաջորդ քայլը, թե արդյոք ՀՀ-ն ընդունակ է իրականացնելու այդ հռչակված դերը:

 

«Որպեսզի ընդունակ լինի, պետք է ունենա ներուժ: Խոսքն առաջին հերթին մարդկային ներուժի մասին է: Մարդիկ, որոնք հետաքրքրված են թեմայով, որոնք մասնագիտանում են, հետևում են աշխարհում տեղի ունեցող գործընթացներին, փորձում են ահազանգել, հետազոտություններով փաստել կատարվածները և ցույց են տալիս կանխարգելման ճանապարհները»:

 

Սուրեն Մանուկյանի պնդմամբ, Հայաստանում ցեղասպանագիտական դպրոցը դեռևս վերջնականապես կայացած չէ. «Այսօր գործում է երկու խոշոր կենտրոն, որտեղ պատրաստում են ցեղասպանագետներ: Առաջինը և ամենախոշորը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն է, և մենք ենք՝ ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանագիտության բաժինը: Այստեղ պատրաստում ենք կադրեր մագիստրոսական կրթության ճանապարհով: Ընդ որում՝ մենք ձգտում ենք, որ մեր շրջանավարտները հետագա գործունեություն ծավալեն և բարձրաձայնեն ու արծարծեն ոլորտի հիմնախնդիրները»:

 

Նա փաստեց, որ երիտասարդական գիտաժողովին զեկուցումներով  հանդես են գալիս երիտասարդ հետազոտողներ, որոնք առաջին քայլերն են անում այս ոլորտում. «Սա հիանալի հարթակ է, որ նախ ճանաչեն միմյանց, քանի որ դաշտի առավելություններից և առաքելություններից մեկը համագործակցությունն է: Բացի դրանից՝ զեկուցումների նյութերն իրենց բնույթով եզակի են: Կան թեմաներ, որոնք Հայաստանում երբեք չեն արծարծվել»:

 

Ցեղասպանության բաժնի ղեկավարը ներկայացրեց ցեղասպանագիտության էությունը՝ փաստելով, որ այն երիտասարդ և միջգիտակարգային գիտաճյուղ է. «Ցեղասպանության էությունը հասկանալու համար պետք է գիտելիքներ ունենալ պատմական փաստերի վերաբերյալ, կարողանալ կիրառել սոցիոլոգիայի մեթոդաբանությունը, հասկանալ մարդկային հոգեբանությունը, սոցիալական երևույթների տնտեսական պատճառները, իմանալ իրավական եզրույթներ և այլն»:

 

«Այսօր արդեն՝ 21-րդ դարի առաջին քառորդի ավարտին, մենք համոզվում ենք, որ ցեղասպանագիտությունը կայացած գիտաճյուղ է: Հազարավոր մարդիկ զբաղվում են այս թեմայով, հարյուրավոր համալսարաններում կան ամբիոններ, մագիստրոսական ծրագրեր, համալսարանական դասընթացներ ցեղասպանության ուսումնասիրության վերաբերյալ, աշխարհի տարբեր մասերում տեղի են ունենում գիտաժողովներ: Կարող ենք ասել, որ սա արդեն ձևավորված համքարություն է, որի շրջանակում մարդիկ իրենց կյանքը նվիրում են սարսափելի երևույթի ուսումնասիրմանը՝ հասկանալով, որ դա անհրաժեշտ է»,- իր ելույթը եզրափակեց Ցեղասպանագիտության բաժնի ղեկավարը:

 

Երկօրյա գիտաժողովի առաջին օրը հնչեցին 7 զեկուցումներ, որոնք վերաբերում էին ինչպես Հայոց, այնպես էլ Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանություններին,  Թեշքիլաթը Մահսուսայի և գերմանական «Էսէս»-ի ցեղասպան գործունեության համեմատական վերլուծությանը, Զմյուռնիայի հայերի դեպի Հունաստան տարագրությանը և այլն:

 

Մեզ հետ զրույցում գիտաժողովի մասնակից, ԵՊՀ ՀՀԻ ասպիրանտ Աստղիկ Ստեփանյանն ասաց, որ «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրին դիմելու հետաքրքրությունն առաջացել էր դեռևս բակալավրիատում սովորելու տարիներին.«Ծրագիրը գերազանցեց իմ սպասելիքները: Այն շատ լավ կառուցվածք ունի: Ուսումնասիրում ենք գիտական մի քանի ուղղություններ՝ տարբեր տեսանկյուններից հետազոտելու Հայոց ցեղասպանության խնդիրը»:

 

Աստղիկ Ստեփանյանը գիտաժողովին ներկայացրեց «Ատելության քարոզչությունը Ռուանդայում» թեմայով զեկուցումը, որի շրջանակում անդրադարձավ մեդիայի դերին այդ գործընթացում. «Մամուլը շատ կարևոր դերակատարություն ունի նման գործընթացներին ժամանակ՝ և՛ ցեղասպանության քարոզչության, և՛ կանխարգելման տեսանկյուններից: Այստեղ մենք տեսնում ենք, թե ինչպես են իշխանության եկած մարդիկ ծառայեցնում մեդիան՝ իրենց նպատակներին հասնելու համար»:

 

Հիշեցնենք, որ վաղը տեղի է ունենալու գիտաժողովի երկրորդ նիստը:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐՀԱՆՈՒՄ, ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ. ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի ամենամյա գիտաժողովը, որի ժամանակ հնչել են զեկուցումներ` նվիրված արդիականություն ունեցող իրավագիտական հիմնահարցերին:
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական երկօրյա նստաշրջանը: