18.03.2019 | 
Գիտություն, Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ջանքերով 2019 թ. ապրիլի 18-19-ին տեղի է ունենալու «Ցեղասպանագիտության զարգացման ժամանակակից միտումները» խորագրով երիտասարդական գիտաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ, ԱՀ և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսերի ուսանողները, մագիստրանտները և ասպիրանտները:

Գիտաժողովի զեկուցումները կարող են առնչվել տարբեր ոլորտների՝ պատմություն, քաղաքագիտություն, իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, հոգեբանություն, սոցիոլոգիա և այլն: Զեկուցումները կարող են ընդգրկել ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլև Հոլոքոստին, Կամբոջայի, Ռուանդայի, Բանգլադեշի և այլ ժողովուրդների հանդեպ գործած ցեղասպանություններին, ինչպես նաև մարդկության դեմ գործած այլ հանցագործություններին վերաբերող թեմաներ:

Գիտաժողովի կազմակերպիչներն են Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պատմ. գիտ. թեկնածու Սուրեն Մանուկյանը, ՀՀԻ անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին և Ցեղասպանագիտության բաժնի ասպիրանտ Նելի Աբրահամյանը։

Ysu.am-ին տված հարցազրույցում գիտաժողովի կազմկոմիտեի անդամ, ՀՀԻ-ի ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը պարզաբանեց նման գիտաժողովի անցկացման նպատակը, կարևորությունն ու ցանկալի արդյունքները։

- Մենք մի խնդրի առաջ ենք կանգնած, որը լուծում է պահանջում. այդ խնդիրը ցեղասպանագետների փոքր քանակն է Հայաստանում։ Հենց սրա համար ՀՀԻ-ի ցեղասպանագիտության բաժնի հիմնական առաքելություններից մեկն այս ոլորտում հետաքրքրվող մարդկանց ներգրավելն է, և քանի որ հետաքրքրությունը ձևավորվում է հենց ուսանողական տարիներից, մենք որոշեցինք նման գիտաժողով կազմակերպել։

Ցեղասպանագիտությունը հատուկ ոլորտ է և Հայաստանի համար շատ կարևոր։ Այն նաև քաղաքական թեմա է, և Հայաստանը, որդեգրելով Հայոց ցեղասպանության ճանաչման արտաքին քաղաքական առաջնահերթությունը, միաժամանակ որդեգրել է ամբողջ աշխարհում ցեղասպանությունների դեմ պայքարի ու կանխարգելման ռազմավարություն։ Այդ առումով մենք պարտավորություն ունենք ոչ միայն մեր ազգի առաջ՝ պատրաստելու համապատասխան որակի և քանակի մասնագետներ, այլև աշխարհի առաջ, քանի որ ցեղասպանությունները դեմ պայքարի և դրանց կանխարգելման հարցերում առաջամարտիկը լինելով՝ պետք է ունենանք ցեղասպանագիտական դպրոց, որը կզբաղվի ոլորտին առնչվող հարցերով։ Բայց վերջին տարիներին մենք նկատում ենք, որ թեման ուսումնասիրող հայ մասնագետների թիվը նվազում է, ու սրան զուգահեռ աճում է ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը թուրքերի մոտ։ Բազմաթիվ թուրք մասնագետներ կան, որոնք աշխարհի տարբեր համալսարաններում զբաղվում են ցեղասպանագիտությամբ։ Այս մրցակցության մեջ մենք պետք է ունենանք մասնագետներ՝ հավասար պայմաններում մրցելու համար։

- Ներգրավելով ուսանողներ նաև արտասահմանյան բուհերից՝ նպատակ ունե՞ք ընդլայնել այս թեման։

- Այո՛, մեր կարծիքով, լավ կլինի, որ գիտաժողովին մասնակցեն ոչ միայն ԵՊՀ-ի, այլև Հայաստանի ու Արցախի բուհերի ուսանողները, ինչպես նաև ուսանողներ արտասահմանյան կրթական հաստատություններից: Արդեն հայտարարել ենք, որ գիտաժողովի աշխատանքային լեզուները երեքն են՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Մենք ուրախ կլինենք հյուրընկալել բոլոր մասնակիցներին ԵՊՀ-ում։ Այս գիտաժողովը լավ հարթակ կլինի ծանոթություններ ձևավորելու, նոր կապեր հաստատելու և համատեղ ծրագրեր իրականացնելու համար։

- Արդյո՞ք գիտաժողովն ամենամյա դառնալու միտում ունի։

- Սա այս ձևաչափով առաջին գիտաժողովն է։ Այս տարի նախընտրել ենք գիտա-ողովն անցկացնել այսօրինակ ձևաչափով՝ նպատակ ունենալով այն հետագայում շատ ավելի ընդգրկուն դարձնել։ Կարևորը լավ մեկնարկն է, որ այն դառնա համալսարանում կազմակերպվող ամենամյա գիտաժողովներից մեկը։ Հետագա գիտաժողովների ընթացքում կփորձենք հասկանալ, թե ինչքանով է հետաքրքիր այս թեման ուսանողների համար, որքանով են ուսանողները ներգրավված նման հետազոտությունների մեջ և կցանկանան այս թեմայով զբաղվել իրենց գիտական գործունեության ժամանակ։

- Ո՞ր ֆակուլտետների ուսանողները կարող են զեկուցումներ ներկայացնել գիտաժողովին։

- Ցեղասպանագիտությունը միջառարկայական գիտաճյուղ է։ Բնականաբար, հիմնականում զեկուցումներ են ներկայացնելու պատմաբանները, քաղաքագետները, միջազգայնագետներն ու իրավաբանները, բայց Սոցիոլոգիայի, Փիլիսոփայության և հոգեբանության, Ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողները նույնպես կարող են զբաղվել ոլորտի ուսումնասիրությամբ։

- Գիտաժողովի արդյունքում լավագույն զեկուցումները տպագրվելո՞ւ են արդյոք։

- Եթե դրանք լավը լինեն և իսկապես արժանի տպագրության, ապա միգուցե լույս տեսնի այդ զեկուցումները ներառող գրքույկ։

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թ. ապրիլի 1-ը ներկայացնել զեկուցումների թեմաների առաջարկությունները հակիրճ նկարագրականով (շուրջ 250 բառ), ինչպես նաև զեկուցողի CV-ն ուղարկել ysu.genocide.studies@gmail.com էլ. հասցեին:


Մարինա Առաքելյան


Այլ նորություններ
ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԴԱՏԱԽԱՂ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել վարչական դատավարության միջհոսքային դատախաղ:
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ՝ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետն իր վրդովմունքն է արտահայտում ԵՊՀ արհեստակցական միության տարածած հայտարարության վերաբերյալ և բացատրում միությունից դուրս գալու պատճառները։