03.09.2019 | 
Հասարակություն
ԵՊՀ ԹԻՄԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԴԱՏԱԽԱՂԻՆ ԵՎ ՏՊԱՎՈՐԻՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԳՐԱՆՑԵԼ
ԵՊՀ ԹԻՄԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԴԱՏԱԽԱՂԻՆ ԵՎ ՏՊԱՎՈՐԻՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԳՐԱՆՑԵԼ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում հուլիսի 23-ից 28-ը մասնակցել է միջազգային քրեական իրավունքին նվիրված ամենամյա միջազգային դատախաղ-մրցույթին:

Միջազգային դատախաղ-մրցույթը բաղկացած է եղել երկու փուլից՝ գրավոր և բանավոր: Գրավոր փուլին մասնակցել է աշխարհի տարբեր երկրների 100 համալսարան: ԵՊՀ թիմն այդ փուլի արդյունքներով հավաքել է 100 հնարավորից 81 միավոր, ինչը ԵՊՀ-ի գրանցած ամենաբարձր արդյունքն է երբևէ:

 

Ընդհանուր հաշվարկում զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը՝ ԵՊՀ թիմը հնարավորություն է ստացել Նյուրնբերգ քաղաքում մասնակցելու մրցույթի բանավոր փուլին: Բանավոր փուլին մասնակցել են այնպիսի համալսարանների թիմեր, ինչպիսիք են Նիդերլանդների Մաաստրիխտի, Օսլոյի, Վարշավայի, Ռեգենսբուրգի, ԱՄՆ Քրեյթոնի, Ռիո դե Ժանեյրոյի, Սինգապուրի ազգային և այլ համալսարանները:

 

Բանավոր փուլի առաջին մրցակցության ժամանակ ԵՊՀ թիմը Ռիո դե Ժանեյրոյի համալսարանի հետ մրցել է որպես մեղադրող կողմ, իսկ երկրորդ մրցակցության ժամանակ ԵՊՀ թիմը՝ որպես պաշտպանական կողմ, հանդես է եկել Պրիշտինայի համալսարանի դեմ:

 

Երկրորդ մրցակցության արդյունքում ԵՊՀ թիմին շնորհվել է հաղթանակ մրցույթում աննախադեպ արդյունքով՝ 20 հնարավորից 19 միավորով: Երկու խաղերի արդյունքում ԵՊՀ թիմը հավաքել է 31.5 միավոր և թիմերի ընդհանուր հաշվարկում զբաղեցրել 8-րդ հորիզոնականը:

 

ԵՊՀ թիմի կազմում ընդգրկված են եղել Իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Հարություն Հովհաննիսյանը, Լուսինե Հովհաննիսյանը, Մանե Մարկոսյանը, Մարիա Պետրոսյանը և Սաթիկ Ղիմոյանը: Թիմի մարզիչը եղել է ֆակուլտետի ասիստենտ Գևորգ Պողոսյանը:

 

Նրանց փոխանցմամբ, մրցույթի ընթացքում ժյուրիի անդամները, որոնք միջազգային և միջազգային քրեական իրավունքի հայտնի մասնագետներ են, բազմիցս գովեստի խոսքեր են ասել ԵՊՀ թիմին և ոգևորել:

 

ԵՊՀ թիմի անդամները փաստում են, որ մրցույթի արդյունքում անփոխարինելի փորձ են ձեռք բերել, որը պատրաստ են փոխանցել իրենց ուսանող ընկերներին և մասնագետներին՝ Հայաստանում միջազգային, մասնավորապես՝ միջազգային քրեական իրավունքի նկատմամբ հետաքրքրվածությունը բարձրացնելու նպատակով:

 

Հիշեցնենք, որ հեղինակավոր մրցույթին ԵՊՀ-ն մասնակցում է 2016 թվականից և պարբերաբար գրանցում բարձր արդյունքներ:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ԱՄՓՈՓՎԵԼ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Տեղի է ունեցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային առցանց դպրոցի փակման արարողությունը։
ՀՀ- ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն այսօր «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային դպրոցի մասնակիցների համար հանդես է եկել հեռավար դասախոսությամբ։