14.06.2019 | 
Կրթություն
ԴԱՏԱԽԱՂԸ՝ ՈՐՊԵՍ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ. ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ԱՅԼԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԴԱՏԱԽԱՂԸ՝ ՈՐՊԵՍ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ. ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ԱՅԼԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի է ունեցել դատախաղ՝ փաստի հարցերով դատարանի կողմից քննվող հիպոթետիկ գործով:

Դատախաղը կազմակերպվել էր Իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս Դավիթ Խաչատուրյանի կողմից կազմված և դասավանդվող «Իրավաբանի մասնագիտական հմտություններ» առարկայի շրջանակում՝ որպես եզրափակիչ քննություն:

 

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Դավիթ Խաչատուրյանը, դատախաղն ուսանողներին հնարավորություն է տալիս հանդես գալու որպես դատավարության պաշտպանության և մեղադրանքի կողմերի իրավաբան մասնակիցներ և վկաներ, ինչպես նաև կիրառելու իրենց հմտությունները:

 

«Դատախաղի շնորհիվ պարզ է դառնում, թե ինչպես են ուսանողները ձևակերպում իրենց դիրքորոշումը՝ հաշվի առնելով օրենքի պահանջները, ինչպես են կիրառում փաստարկման և հակափաստարկման հմտությունները, այդ թվում՝ սեփական դիրքորոշումը դիմացինի դիրքորոշումը դարձնելու տեխնիկան, որդեգրված դիրքորոշման համար բարենպաստ և ոչ բարենպաստ վկաների հարցաքննությունն ինչպես են անցկացնում և ինչպես են առաջ քաշում դատարանին ներկայացվող կողմի պահանջները և այլն»,- պարզաբանեց Դավիթ Խաչատուրյանը: 

 

Նրա փոխանցմամբ, այս քննությանը պատրաստվելիս ուսանողները նախապես խմբային աշխատանք են տանում՝ միմյանց միջև բաժանելով դերերը, հստակեցնելով որդեգրված դիրքորոշումը, պատրաստելով հարցեր իրենց թիմի համար բարենպաստ և հակառակ կողմի վկաների համար, փորձելով կանխատեսել հակառակ կողմի հարցերը, ինչպես նաև պատրաստելով բացման խոսքերը և դատական ճառերը և այլն: 

 

 

«Յուրաքանչյուր ուսանող գնահատվում է թիմային աշխատանքի համախմբվածությանը, թիմային դիրքորոշման ամբողջականությանը և հետևողականությանը նպաստելու, անհատապես իր դերը պատրաստելու և դատական նիստի ընթացքում արհեստավարժ ներկայանալու համար: Առավել գնահատելի են ուսանողների կողմից տրվող այն հարցերը, պատասխանները, բերվող փաստարկներն ու հակափաստարկները, որոնք պատրաստելու համար նախապես ժամանակ չի եղել, և որոնցով հանդես գալու անհրաժեշտությունը պայմանավորված է հենց դատական նիստի ընթացքում հակառակ կողմի դրսևորած վարքագծով»,- մեզ հետ զրույցում նշեց Դավիթ Խաչատուրյանը: 

 

Դատախաղը կառուցված է եղել իրական սցենարի հիման վրա, որում ներառվել են բազմաթիվ այնպիսի մտացածին փաստեր, որոնք ճիշտ օգտագործվելու դեպքում կարող էին հաջողություն բերել կողմերից յուրաքանչյուրին:

 

«Դատախաղի ամբողջ ընթացքում ուսանողները գործնականորեն տեսնում են, թե ինչու են կարևոր փաստերը՝ որպես իրավունքի կիրառման օբյեկտ, ինչպես պետք է հասնեն նրան, որ գործով իրենց թիմի դիրքորոշումը, որի մասին հայտնում են բացման խոսքում, հաստատվի գործով առկա ապացույցներով, որոնց  պատշաճ և օրենքի շրջանակում ներկայացնելը գտնվում է իրենց մասնագիտական իրավասության ներքո»,- փաստեց Դավիթ Խաչատուրյանը: 

 

Նրա հավաստմամբ, քննական այս մեթոդը շատ արդյունավետ է, քանի որ ստուգվում են ոչ միայն ուսանողների տեսական գիտելիքները, այլև գործնական հմտությունները:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ՀԱՆԴԻՊՈԻՄ ԱՍԱԼԱ-Ի ԱՆԴԱՄ ՎԱԶԳԵՆ ՍԻՍԼՅԱՆԻ ՀԵՏ
Երևանի պետական համալսարանի «Վարդանանք» ՌՀԴԱ-ի և Պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության համատեղ նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր հանդիպում ԱՍԱԼԱ-ի անդամ, «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանի հետ։
ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Երևանի թիվ 190 և 148 ավագ դպրոցների աշակերտներին։