25.03.2019 | 
Հասարակություն
ԵՊՀ ԹԻՄԸ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԻՆՆ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐԲԻՏՐԱԺ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ ԹԻՄԸ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԻՆՆ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ.  ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐԲԻՏՐԱԺ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԸ
Մարտի 23-24-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում Եվրոպայի խորհրդի և «ԷյԴիԱր փարթներս» ընկերության կողմից կազմակերպված արբիտրաժ դատախաղ-մրցույթին մասնակցել են համալսարանական երկու թիմեր, որոնցից մեկը զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Քաղաքացիական ոլորտին վերաբերող արբիտրաժ դատախաղ-մրցույթը բաղկացած է գրավոր և բանավոր փուլերից: Գրավոր փուլը հաջողությամբ հաղթահարել և բանավոր փուլին մասնակցելու իրավունք էին ստացել հայաստանյան տարբեր բուհեր ներկայացնող 9 թիմեր:

 

Արդեն ավանդական դարձած մրցույթի առաջին օրը թիմերն անցկացրել են երկուական խաղեր՝ հանդես գալով մեղադրական և պաշտպանական դիրքորոշումներով: Այնուհետև արբիտրների գնահատմամբ, առավելագույն միավորներ հավաքած 4 թիմեր անցել են կիսաեզրափակիչ փուլ:

 

Ըստ վիճակահանության՝ ԵՊՀ երկու թիմերը կիսաեզրափակիչ փուլում մրցել են միմյանց դեմ, և ինչպես մեզ հետ զրույցում ասացին մրցույթի մասնակիցները, բավականին թեժ պայքար է ծավալվել, ինչը փաստել են նաև դատախաղի արբիտրները՝ նշելով, որ այն մրցույթի ամենադիտարժան ու դինամիկ խաղն է:

 

Միավորների չնչին տարբերությամբ ԵՊՀ թիմերից մեկը դուրս է եկել եզրափակիչ փուլ և մրցել  Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմի դեմ: Արբիտրաժային դատարանի անդամները, հիմնվելով բանավոր լսումների արդյունքում թիմերի ներկայացրած իրավական դիրքորոշումների և փաստարկների վրա, միջբուհական դատախաղում հաղթող են ճանաչել ԵՊՀ ուսանողներին:

 

Հաղթող թիմի կազմում են եղել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներ Վազգեն Բարբարյանը, Տաթև Մարտիրոսյանը, Տաթև Փանոսյանը, Լիա Հայկյանցը և թիմի ավագ Դավիթ Բակլաչյանը: Թիմի մարզիչներն են եղել ֆակուլտետի դեկանի տեղակալ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հայկյանցը և իրավ. գիտ. թեկնածու Արսեն Թավադյանը:

 

Ի դեպ, բացի նրանից, որ ԵՊՀ թիմն արդեն 5-րդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել մրցույթում, թիմի անդամ Տաթև Մարտիրոսյանն արժանացել է «Լավագույն բանախոս» մրցանակին:

 

Տեղեկացնենք, որ դատախաղի ընթացքում երիտասարդ իրավագետների քննարկման առանցքում իրական գործ է եղել, որի կարգավորմանն էր ուղղված ուսանողների դիրքորոշումներն ու ճառերը:

 

ԵՊՀ հաղթող թիմին այսօր հանդիսավոր կերպով շնորհավորեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ամբիոնի վարիչներն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:

 

Գագիկ Ղազինյանն ուսանողներին մաղթեց առաջիկայում նորանոր հաղթանակներ գրանցել՝ բարձր պահելով նախևառաջ իրենց, ապա նաև ֆակուլտետի և համալսարանի պատիվը. «Մեր այցեքարտը հենց դուք եք: Ձեր հաջողություններն են փաստում, որ մենք իզուր չենք աշխատում»:

 

Թիմի ավագ Դավիթ Բակլաչյանն էլ մասնակիցների անունից շնորհակալություն հայտնեց թիմի մարզիչներին և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին՝ փաստելով, որ հաջողությունը պայմանավորված էր նախևառաջ ֆակուլտետում տիրող մթնոլորտի և կրթության բարձր որակի հետ:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՁԵԶ ՏՎԵԼ Է ԳԻՏԵԼԻՔ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ. «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի 2018-2019 ուստարվա շրջանավարտներն այսօր ստացան իրենց դիպլոմները:
ԵՊՀ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ. ԱՇՈՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Աղբյուրագետ-պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանի մասին պատմում է նրա ուսանողը՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, քաղաքագետ Հենզել Մանուչարյանը: