20.02.2019 | 
Քաղաքականություն
«ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐՎԱ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ-ԱԿԱՆՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ԴՊՐՈՑՆԵՐ
«ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐՎԱ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ-ԱԿԱՆՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ԴՊՐՈՑՆԵՐ
Փետրվարի 21-ը Հայաստանի պետական տոնացույցում իր արժանի տեղն ունի, այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է «Մայրենիի օր»: Տոնի առթիվ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունն այսօր կազմակերպել էր դասախոսություններ Երևանի «Հերացի», N 114, N 182 և N 195 դպրոցներում:

Մայրենի լեզուն ազգի պահպանման և գոյատևման հիմքն է, ակունքը:

Դիմագրավելով համաշխարհայնացման մարտահրավերներին՝ մայրենի լեզուն է, որ  պետք է դառնա ազգային ինքնության պահպանման առհավատչյան, հայ ժողովրդի միասնականության, համախմբվածության գրավականը:

 

Մայրենի լեզվի կարևորության և արժեհամակարգի պահպանման մասին խոսեցին Երևանի N 114 դպրոցում հյուրընկալված ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը և ամբիոնի ասիստենտ Ռուզաննա Շաբոյանը: 

 

Ա. Աբաջյանը նախ անդրադարձավ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումներին, գրողի վաստակին, հայանպաստ գործունեությանը:

 Դոկտորը շնորհավորեց աշակերտներին «Մայրենիի օրվա» առթիվ և մեջբերեց անվանի հայագետ Խաչատուր Աբովյանի խոսքերը. «Մեկ ազգի պահողը, իրար միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի՛ր, հավատդ ուրացի՛ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՞ր ազգիցն ես»:

 

Հանդիպման ընթացքում Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչը հանդես եկավ բայական համակարգերի մասին դասախոսությամբ:

 

N 114 դպրոցի ավարտական դասարանի աշակերտները Ռուզաննա Շաբոյանի օգնությամբ գրաբարից արևելահայերեն թարգմանեցին Աստվածաշնչի «Երգ երգոցի» փոքրիկ հատված:

 

Շաբոյանը նշեց, որ աշակերտների այդչափ ներգրավվածությունն ու հետաքրքրությունն ուրախալի և գովելի է. «Ի վերջո, ես հանդես եկա կարևոր հորդորով այն է՝ համացանցում գրել ու հաղորդակցվել հայերեն, զերծ մնալ օտարամոլ բառերից, անաղարտ պահել հայերենը»:

 

«Հերացի» ավագ դպրոցում հայերենի պատմական զարգացման մասին խոսեց Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Ալվարդ Խաչատրյանը, որը նաև գրաբար է դասավանդում «Հերացի» ավագ դպրոցում:

 

Մեզ հետ զրույցում Ա. Խաչատրյանը նշեց, որ աշակերտների մեծամասնությունը հստակ կողմնորոշվել է մասնագիտության ընտրության հարցում. «Կան և՛ Հայ բանասիրության ֆակուլտետն ընտրող դիմորդներ, և՛ Պատմության»:

 

N 182 դպրոցում հյուրընկալված Հայոց լեզվի ամբիոնի դասախոս Արևիկ Քամալյանն աշակերտներին ներկայացրեց համացանցային լեզուն, ինչպես նաև անդրադարձավ հայոց լեզվի առանձնահատկություններին և  լեզվում առավել շատ տարածված սխալներին:

 

N 195 դպրոցում հյուրընկալված Հայ նորագույն գրականության ամբիոնի դասախոս Մարինե Ղազարյանը, խոսելով հայերենի նշանակության և պահպանության կարևորության մասին, աշակերտներին ներկայացրեց «Մայրենիի օրվա» խորհուրդը. «Փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է «Մայրենի լեզվի» միջազգային օր, որը  նվիրված է Մայրենի լեզվի իրավունքների համար պայքարողների և պայքարի արդյունքում զոհվածների հիշատակին: 2000 թ.-ից այդ օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և   գործածության աջակցման օր»:

 

Անգին Խաչատրյան

 

 

 

 

 

Այլ նորություններ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՇՈՇԱՓԵԼԻ. ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Արգավանդի միջնակարգ դպրոցի 8-11-րդ դասարանների աշակերտներին:
ԵՊՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐՄԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով ԵՊՀ գնումների պլանավորման վարչության պետ Արման Մալխասյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր: