12.05.2015 | 
Մշակույթ
ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻՆ
ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻՆ
ԵՊՀ երգչախմբի անհատ կատարողներից 3-ը ելույթ ունեցան գալա համերգում:

«Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնը և «Առնո Բաբաջանյան» հիմնադրամը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առիթով կազմակերպել էր «Ռուսական մարտական երգեր» («Русские военные песни») խորագրով ուսանողական հանրապետական երաժշտական մրցույթ-փառատոն, որի եզրափակիչ գալահամերգը տեղի ունեցավ մայիսի 9-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Համերգային ծրագրին մասնակցում էին նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները:

 

Ուսանողական հանրապետական երաժշտական մրցույթ-փառատոնին Մայր բուհից մասնակցում էին Մշակույթի կենտրոնի անհատ կատարողներ Արևիկ Պռազյանը, Մարիաննա Վարոսյանը, Մարիցա Թելիքյանը, Տաթև Թելիքյանը, Լիլիթ Պետրոսյանն ու Գայանե Գևորգյանը: 

 

Մրցութային փուլերի ընթացքում մասնակիցները ներկայացան հեղինակավոր երաժշտագետների այն ստեղծագործություններով, որոնք նվիրվել են պատերազմներին: Մրցույթի կազմկոմիտեի կազմում էին Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը, կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանն ու երաժիշտ, «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ Աիդա Հարությունյանը:

 

Մրցույթին մասնակցում էին Երևանի, ՀՀ մարզերի, Արցախի և Ախալքալաքի տարբեր բուհերի, երաժշտական և արվեստի դպրոցների, քոլեջների սաներ ու բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատությունների ուսանողներ: Ընդհանուր առմամբ՝ իրենց կատարումներով առաջին փուլում հանդես են եկել 65 մասնակիցներ, երկրորդ փուլը հաղթահարել են միայն 38-ը, որոնցից 22-ին էլ հաջողությունը ժպտացել է. նրանք մասնակցել են եզրափակիչ գալա համերգին: Հիշեցնենք, որ ամենամյա այս մրցույթ-փառատոնը, որն անցկացվում է ՌԴ-ի ֆինանսական աջակցությամբ, տեղի է ունենում երկու տարին մեկ պարբերականությամբ: Հիմնականում հնչում են հայերեն և ռուսերեն երգեր:

 

Տեղեկացնենք նաև, որ ԵՊՀ երգչախմբի 6 անհատ կատարողներից 3-ը՝ Արևիկ Պռազյանը, Մարիաննա Վարոսյանը ու Մարիցա Թելիքյանը, մասնակցել են գալա համերգին, և նրանց տրամադրվել են պատվոգրեր ու մրցույթի խորհրդանիշ խոսափողներ: Իսկ ահա լավագույն համագործակցության համար պատվոգրի է արժանացել նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

Այլ նորություններ
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
ԱՄՓՈՓՎԵՑ  «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում ավարտին մոտեցավ երիտասարդ ստեղծագործողների մշակութային մրցույթ-փառատոնը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: