18.03.2013 | 
Մշակույթ
«ՌՈՄԱՆՏԻԿ ԿՈՄԵԴԻԱ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«ՌՈՄԱՆՏԻԿ ԿՈՄԵԴԻԱ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մարտի 17-ին ԵՊՀ ուսանողներին կրկին հյուրընկալել էր Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի և Երևանի պետական դրամատիկական թատրոնի համագործակցությունն արդեն ավանդական է դարձել: 3 տարի է, ինչ դերասանները ներկայացումից հետո դարձյալ վերադառնում են բեմ` համալսարանականների հետ այն քննարկելու համար:


Այս անգամ ԵՊՀ ուսանողներին թատրոն էր բերել Ժան Նշանյանի «Ռոմանտիկ կոմեդիա» 2 գործողությամբ կատակերգությունը: Այն բեմադրվել է Բեռնարդ Սլեյդի պիեսի հիման վրա և առաջին անգամ բեմ է բարձրացել 2012 թ-ի մարտի 23-ին: Գլխավոր դերերում ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանն ու դերասանուհի Լուիզա Ղամբարյանն են:


Հենց այս ներկայացումն էր ընտրվել համալսարանականների դիտման համար, քանի որ, ինչպես ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն է ասում, մինչև այժմ հանդիսատեսը ճանաչում է միայն դերասան Ժան Նշանյանին, իսկ այս ներկայացման մեջ նա երևում է որպես բեմադրիչ:


Ներկայացման ավարտից հետո համալսարանականները, ներկայացման բեմադրիչն ու դերասանները հանդիպեցին դահլիճում: Ուսանողներն իրենց կարծիքներն ու դիտարկումներն էին ներկայացնում, հարցեր ուղղում, իսկ դերասանները պատասխանում էին ու իրենց տեսակետները հայտնում:


«Ես դիտեցի, հետաքրքիր թվաց, ու մտածեցի, որ այս գործը պետք է երիտասարդներն էլ տեսնեն: Եթե այս ծրագրի արդյունքում մենք կարողացել ենք թատրոն բերել այդքան երիտասարդություն, ինչը նշանակում է ծրագիրը գործել է»,- նշում է Կարինե Դավթյանը: Բեմադրիչ Ժան Նշանյանն էլ ասում է, որ եթե ներկայացումը մեկին հուզել է կամ ինչ-որ բան է հիշեցրել, իրենք միայն ուրախ են: Ի վերջո, դերասանները դրա համար են բեմ բարձրանում:


Նշենք, որ թատրոնի և համալսարանի միջև գործող համաձայնության հիման վրա` ԵՊՀ ուսանողները, ներկայացնելով ուսանողական տոմսը, ներկայացումների տոմսերը կարող են ձեռք բերել 20% զեղչով: Ինչպես թատրոնի դիտարկումներն են ցույց տվել, վերջին 2 տարիների ընթացքում ուսանողների այցելությունները թատրոն աճել են շուրջ 70%-ով:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։