23.05.2019 | 
Կրթություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԺՆԵՎՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ ԲԱՆԱՎՈՐ ՓՈՒԼԻՆ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԺՆԵՎՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ ԲԱՆԱՎՈՐ ՓՈՒԼԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել է Նելսոն Մանդելայի անվան մարդու իրավունքների համաշխարհային դատախաղ-մրցույթի գրավոր փուլին, գրանցել լավ արդյունքներ և հնարավորություն ստացել 2019 թ. հուլիսի 15-20-ը Ժնևում մասնակցելու մրցույթի բանավոր փուլին:

Նելսոն Մանդելայի անվան մարդու իրավունքների համաշխարհային դատախաղ-մրցույթը կազմակերպվում է Մարդու իրավունքների կենտրոնի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կողմից Մարդու իրավունքների «Գլոբալ Կամպուսի» միջազգային կազմակերպության հետ համագործակցության շրջանակում:

 

Դատախաղ-մրցույթը բաղկացած է երկու փուլից. առաջին փուլը ենթադրում է կողմերի դիրքորոշումների գրավոր ներկայացում, իսկ երկրորդ փուլում թիմերը մասնակցում են բանավոր փուլին և ներկայացնում իրենց դիրքորոշումները:

 

Այս տարի դատախաղ-մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 150 համալսարանների թիմեր, որոնց թվում՝ այնպիսի հեղինակավոր համալսարաններից, ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Յելի համալսարանը:

 

ԵՊՀ թիմն առաջին փուլի արդյունքներով հայտնվել է աշխարհի 48 լավագույն թիմերի շարքում և հնարավորություն ստացել 2019 թ. հուլիսի 15-20-ը Ժնևում մասնակցելու բանավոր փուլին:

 

ԵՊՀ թիմը ներկայացնում են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ Դավիթ Ղարիբյանը և Դիանա Քառյանը: Թիմի մարզիչն է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական ամբիոնի ասպիրանտ Սոսե Բարսեղյանը:

 

Ի դեպ, այս տարի դատախաղ-մրցույթի գործում ներառված են արդիական բազմաթիվ հիմնախնդիրներ, մասնավորապես արհեստական ինտելեկտի օգտագործումը քրեական դատավարության շրջանակում, զենք կրելու իրավունքը, անձնական տվյալների պաշտպանություն և այլն:

 

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

 

Այլ նորություններ
«ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում այսօր մեկնարկել է «Բացահայտելով մանրէաբանությունը» խորագրով եռօրյա դասընթացը, որին մասնակցում են բարձր դասարանների աշակերտներ և բակալավրիատի ուսանողներ։
ԴԱՏԱԽԱՂԸ՝ ՈՐՊԵՍ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ. ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ԱՅԼԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի է ունեցել դատախաղ՝ փաստի հարցերով դատարանի կողմից քննվող հիպոթետիկ գործով: