22.05.2019 | 
Կրթություն
«ՎԱՐՉԱԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ». ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
«ՎԱՐՉԱԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ». ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնում ուսանողներն այսուհետ հնարավորություն կունենան ուսանելու «Վարչագործարարական թարգմանություն» մագիստրոսական ծրագրում:

Մեզ հետ զրույցում Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզան Ղազարյանը նշեց, որ այս մագիստրոսական ծրագիրը կրթական գործընթացում կարևոր և սպասված նորություն է:

«Մագիստրոսական ծրագրի ընտրության հարցին պետք է լուրջ վերաբերել»,- փաստեց տիկին Ղազարյանը,- «ուսանողը պետք է հասկանա մագիստրոսական այդ կրթությամբ կարողանալու է արդյոք իր տեղը գտնել աշխատաշուկայում»:

Չթերագնահատելով թարգմանության  գործի գիտական արժեքը՝ ամբիոնի վարիչը նշեց, որ այն նաև պրակտիկ գործառույթ է ենթադրում:

 

«Երբ գործընկերներով քննարկում էինք նոր մագիստրոսական ծրագիր ունենալու հարցը, մեզ համար միանշանակ էր, որ կարող ենք նոր կրթական «արտադրանք» ստանալ՝  լեզվաբանական հենքին միացնելով մեկ ուրիշ մասնագիտություն»,- մեկնաբանեց Ռուզան Ղազարյանը:

 

Այսպիսով՝ ուսանողները, որոնք ունեն լավ լեզվական հիմք, մագիստրոսական ծրագրի շրջանակում ստանալու են նաև հիմնավոր գիտելիքներ իրավագիտության և տնտեսագիտության ոլորտներից՝ դրանով զարգացնելով նաև ոլորտային անգլերենի իմացությունը:

«Մենք պատրաստելու ենք կադրեր, որոնք կարողանալու են ճիշտ ըմբռնել իրավաբանական տեքստերը ՝ իմանալով այնտեղ առկա տերմինների և գործընթացների բացատրությունները»,- նշեց ամբիոնի վարիչը:

«Վարչագործարարական թարգմանություն» մագիստրոսական ծրագրի շրջանակում Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնը համագործակցում է Իրավագիտության ու Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների հետ:

 

«Մեծագույն ուրախությամբ պետք է նշեմ, որ հատկապես Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը պատրաստակամություն դրսևորեց մասնագետներ տրամադրելու հարցում, որոնք շատ լավ տիրապետում են անգլերենին»,- ասաց Ռուզան Ղազարյանը,- «ես շեշտում եմ հատկապես Իրավագիտության ֆակուլտետը, քանի որ մագիստրոսական ծրագրի միայն հինգ առարկա իրավաբանական բլոկից են»:

«Վարչագործարարական թարգմանություն» մագիստրոսական ծրագրի ստեղծման հարցում մեծ աջակցությունն է ցուցաբերել նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ այն համարելով արդիական և կարևոր:

«Նախ պետք է նշեմ, որ ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը միշտ  պատրաստ է լսել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների և ամբիոնների  առաջարկությունները, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել, և բացառություն չէ նաև մեր ամբիոնը,- ասաց Ռուզան Ղազարյանը,- դրա վառ ապացույցը մեր ամբիոնում մասնագիտացված համաժամանակյա (սինքրոն) թարգմանության երկու լսարանների բացումն էր անցած տարվա դեկտեմբերի 12-ին, որոնք հագեցած են վերջին սերնդի ժամանակակից սարքավորումներով: Այս փաստը կարևորվում է հատկապես նրանով, որ լսարանները բացվել են բացառապես համալսարանի միջոցներով»:

Տիկին Ղազարյանը փաստեց նաև, որ համաժամանակյա (սինխրոն) թարգմանության լսարանները մեծ հետաքրքրություն են վայելում ուսանողների շրջանում, քանի որ նրանք ստանում են սինխրոն թարգմանչի որակավորում:

Հատկանշական է նաև այն, որ թարմացվել են նաև բակալավրիատի և մագիստրատուրայի գործող ծրագրերը:

Ավելացնենք, որ ծրագրի դասավանդման լեզուն անգլերենն է, իսկ ընդունելությունը կատարվում է հարցազրույցով:

 

Անի Պողոսյան

Այլ նորություններ
ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Երևանի թիվ 190 և 148 ավագ դպրոցների աշակերտներին։
«ԼՍԵ՛Ք ՁԵԶ, ՃԱՆԱՉԵ՛Ք ՁԵԶ ՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԴՈ՛ՒՔ ԿԱՏԱՐԵՔ»․ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելել է Երևանի թիվ 198 ավագ դպրոց։