20.05.2019 | 
Քաղաքականություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ. ԿՆՔՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ. ԿՆՔՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-ի և «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության միջև այսօր կնքվեց համագործակցության հուշագիր:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ-ի նախագահ Ավետիք Հարությունյանի կողմից ստորագրված հուշագրի հիմքում երկու կառույցների միջև գիտակրթական և գործնական ոլորտներում առկա համագործակցության ամրագրումն է:

 

«Մեր կազմակերպության ձևավորման և կայցման գործում շատ մեծ է ԵՊՀ-ի ներդրումը: Մենք պարտական ենք և շատ շնորհակալ, որ մեր ծրագրերն իրականացնելիս միշտ մեր կողքին եք»,- իր խոսքում ասաց Ավետիք Հարությունյանը:

 

«Կարծում եմ՝ այս համագործակցությունը շատ օգտակար է: Համալսարանը շահագրգիռ է՝ հասցնելու նման համագործակցությունն էլ ավելի բարձր մակարդակի: Հուշագիրը ստորագրելուց հետո մենք կաշխատենք անպայման նոր հաջողություններ գրանցել այս համագործակցության շրջանակում»,- նշեց ԵՊՀ ռեկտորը:

 

Կնքված հուշագրի համաձայն՝ կողմերն իրականացնելու են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող գիտակրթական բնույթի ծրագրեր, կազմակերպելու են գիտաժողովներ, սեմինարներ, խորհրդակցություններ, փոխանակելու են գիտական, մասնագիտական գրականություն, մեթոդական ձեռնարկներ, աշխատություններ, պարբերականներ և այլ նյութեր, հրատարակելու են կողմերի գործունեությանն առնչվող համապատասխան նյութեր և համատեղ իրականացնելու են նորարարական, դրամաշնորհային ծրագրեր:

 

Բացի դրանից՝ համագործակցության հուշագրի շրջանակում ԵՊՀ-ն իր աջակցությունն է ցուցաբերելու «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ-ին` ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում ընդգրկված «Գիտական Արցախ» պարբերականի գրախոսման և տպագրության երաշխավորման աշխատանքներում:

 

Տեղեկացնենք, որ «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ-ի նպատակն է միավորել Արցախի երիտասարդ գիտնականներին և մասնագետներին, նպաստել Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների գիտական և ստեղծագործական զարգացմանը, ձևավորել նրանց մասնագիտական աճի համար բարենպաստ մթնոլորտ, աջակցել Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միջազգային ինտեգրմանը, ինչպես նաև ՀՀ-ի և Արցախի հասարակական կյանքին նրանց ակտիվ մասնակցությանը:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ  ԿՐԹՈՒԹՅԱՆ  ՈԼՈՐՏՈՒՄ
Հայաստանի անկախացումից հետո հանրապետության կրթական ողջ համակարգի բարեփոխումը ժամանակի հրամայականն էր և առաջնահերթ նշանակություն պետք է ունենար երկրի հետագա զարգացման համար: Այս համատեքստում անհրաժեշտ էր ԵՊՀ-ի ընդհանուր գործունեությունն աստիճանաբար արմատապես վերափոխել, որն էլ սկիզբ առավ ՀՀ նախագահի 1992 թ. հրամանագրով: Համալսարանին շնորհվեց կրթական, գիտական և մշակութային ինքնավար հաստատության կարգավիճակ:
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ԵՊՀ-Ն ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ
1956 թ. փետրվարին տեղի ունեցած ԽՄԿԿ 20-րդ համագումարը, որ դատապարտեց անհատի պաշտամունքը, ԽՍՀՄ պատմության մեջ մտցրեց աննախադեպ բեկում. սկսվեց մի ժամանակաշրջան, երբ փոխվեց մարդկանց մտածելակերպը, աստիճանաբար ձևավորվեց այլախոհական մթնոլորտ: