16.04.2019 | 
Կրթություն
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԵՐԴՆԵԼ ՆՈՐ ԱՌԱՐԿԱ
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԵՐԴՆԵԼ ՆՈՐ ԱՌԱՐԿԱ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվում էին «Սոցիալական աշխատանք երիտասարդների հետ» առարկայի ներդրման համար անհրաժեշտ մոդուլները և դասախոսության թեմաները:

Հանդիպմանը ներկա էին Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանը, ՀՀ կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր մասնագետներ մի շարք ՀԿ-ներից:

 

Նշենք, որ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի հետ համատեղ մշակում է «Սոցիալական աշխատանք երիտասարդների հետ» առարկայի թեմաները և մոդուլները «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ hմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

 

Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նշված առարկայի ներդրման հարցը դեռևս քննարկման փուլում է, ԵՊՀ-ում գործում է հստակ ընթացակարգ, և ամեն ինչ պետք է իրականացվի այդ ընթացակարգին համապատասխան: «Առաջիկայում այս հարցի վերաբերյալ նախատեսվում է նորից կազմակերպել աշխատանքային հանդիպում համապատասխան մասնագետների հետ, ինչպես նաև քննարկումներ են կազմակերպվելու ֆակուլտետում, որից հետո նոր պարզ են դառնալու վերջնական արդյունքները»,- հավելեց դեկանը: 

 

 

Արթուր Մկրտիչյանի խոսքով, «Սոցիալական աշխատանք երիտասարդների հետ» առարկայի դասավանդումը նախատեսվում է իրականացնել Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի բաժնի 3-րդ կամ 4-րդ կուրսի ուսանողների համար, որի արդյունքում ուսանողները ձեռք են բերելու համապատասխան գիտելիքներ և հմտություններ երիտասարդների հետ տարվող աշխատանքի ոլորտում:

 

Դեկանը հայտնեց, որ քննարկումները բարեհաջող ավարտելուց հետո նախատեսում են վերոնշյալ առարկայի դասընթացները սկսել 2019-2020 ուստարում՝ մեկ կիսամյակ տևողությամբ։

 

Դասընթացի ավարտին ուսանողները պատկերացում են ունենալու երիտասարդների հետ սոցիալական աշխատանքի մեթոդաբանության վերաբերյալ, ինչպես նաև կարողանալու են սահմանել «երիտասարդական աշխատող» հասկացությունը:    

  

Աշխատանքային հանդիպման ընթացքում ներկայացվեցին «Սոցիալական աշխատանք երիտասարդների հետ» առարկայի անհրաժեշտության հիմնավորումը և կապը սոցիալական աշխատանքի հետ, ինչպես նաև առարկայի թեմաների նախնական տարբերակը:

 

«Սեյվ դը չիլդրեն» հայաստանյան կազմակերպության ներկայացուցիչ Արսեն Սիմոնյանը նշեց, որ հանդիպման ընթացքում տարբեր մասնագետների կողմից արված առաջարկները և դիտարկումները որպես արդյունքներ օգտագործվելու են առարկայի նկարագրի վերջնական տարբերակի և դասախոսությունների նյութերի մշակման համար։

 

«Առարկայի ավարտից հետո ուսանողները կարողանալու են խոցելի խմբի երիտասարդների հետ սոցիալական աշխատանք իրականացնել: Երիտասարդական աշխատանքի մասին գիտելիք ունեցող սոցիալական աշխատողը պետք է կարողանա արձագանքել երիտասարդի առանձնահատուկ խնդիրներին: Առայժմ առարկայի դասավանդման հետ կապված հարցերը գտնվում են քննարկման փուլում»,- հավելեց նա:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

 

 

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: