04.10.2017 | 
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՂ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱԳԵՑԱԾ Է ԼԻՆԵԼՈՒ ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ
ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՂ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱԳԵՑԱԾ Է ԼԻՆԵԼՈՒ ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում իրականացվում է «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն» ծրագիրը:

2011 թ.-ին Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ գործող «Կրթության բարելավում» ծրագրի՝ բուհերին տրամադրվող դրամաշնորհների շրջանակում պետական և ոչ պետական բուհերից 2015 թվականին ընտրվել են 6 բուհեր, որոնք ստացել են դրամաշնորհ: Այն 2 տարով է և նախատեսվում է ավարտել 2017 թվականի դեկտեմբերին:

 

«Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն» ծրագրի նպատակն է բարելավել կրթական, գիտահետազոտական և նորարարական գաղափարները մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտում, ինչպես նաև եվրոպական չափանիշներին համապատասխան մրցունակ կադրեր պատրաստել մանրաբանության և կենսատեխնոլոգիաների ոլորտներում:

 

«Հայաստանը ընդունել և հետագայում էլ շարունակել է զարգացնել Բոլոնիայի գործընթացը, ինտեգրվել Եվրոպայի միասնական կրթական տարածքին: Այս ամենը միայն խոսքով չէ. պետք է ժամանակակից նորագույն սարքավորումներ գնենք, տարբեր կրթական ծրագրեր վերանայենք կամ բարելավենք և ստեղծենք նորերը, ընդհանուր առմամբ բարձրացնենք տրամադրվող կրթության որակը, որպեսզի կարողանանք գոնե ձգտել հասնել այդ չափանիշներին, լինել մրցունակ ու համապատասխանել աշխատաշուկայի պահանջներին»,- ասում է ԵՊՀ կենսաբանությանԳՀինստիտուտիփոխտնօրեն, գիտաշխատող, ԵՊՀ ծրագրի համակարգող Կարեն Թռչունյանը:

 

Ծրագրի շրջանակում արդեն վերանորոգվել է կենտրոնի համար նախատեսված, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքում գտնվող տարածքը, ձեռք են բերվել և տեղադրվել գերժամանակակից նորագույն սարքավորումներ (անթթվածնային խցիկ, գերցածր ջերմաստիճանային տիրույթի սառնարան, փուլացայտերանգային մանրադիտակ, գազային և հեղուկ քրոմատագիրներ և այլն), ինչպես նաև կենսագործընթացների կառավարման համակարգը:

 

«Հիմա ուսանողին տրվում է հնարավորություն ոչ միայն ստանալու տեսական, այլև գործնական գիտելիքներ: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Գրեթե ամեն շաբաթ սեմինարները անցկացվում են հիմնականում անգլերենով, որովհետև այսօր բոլոր սարքավորումները և համակարգչային ծրագրերը անգլերեն են»,-նշում է Կարեն Թռչունյանը:

 

 

Նախագծի իրականացման ընթացքում կատարվել են մշտադիտարկումներ բուհի, կոնսորցիումի անդամների և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների կողմից: Կենտրոնի աշխատանքներին արդեն իսկ հասցրել են ծանոթանալ ուսանողներ, երիտասարդ գիտնականներ, դասախոսներ, ինչպես նաև տարբեր դպրոցների աշակերտներ:

 

Սեպտեմբերի 1-ից իրականացվում են նաև «Մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա» մագիստրոսական ծրագրով նախատեսված որոշ դասընթացներ, որոնք կազմվել են և ներդրվել նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) ծրագրի շրջանակներում: Կազմակերպվում են սեմինարներ և քննարկումներ բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների համար:

 

Հ.Գ.: Ծրագրի ավարտին նախատեսվում է ունենալ նոր մագիստրոսական ծրագիր, որը կսկսի գործել հաջորդ ուսումնական տարվանից:

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Դեկտեմբերի 7-8-ը ԵՊՀ-ում անցկացվեց Իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական երկօրյա նստաշրջանը:
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԱԿԱՆԱՎՈՐ ԼԵԶՎԱԲԱՆԻՆ
Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Աբեղյանական ընթերցումներ» խորագրով հանրապետական գիտաժողովը: