23.12.2016 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ՆՈՐ ՀՅՈՒՐԱՏՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ ՈՒՆԻ
ԵՊՀ-Ն ՆՈՐ ՀՅՈՒՐԱՏՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ ՈՒՆԻ
Այսուհետ ԵՊՀ ուսանողները ֆիզկուլտուրայի պարապմունքներն անցկացնելու են վերանորոգված դահլիճներում, հրաձգարանում ու մարզասրահում:

ԵՊՀ ֆիզդաստիարակության ամբիոնի մասնաշենքի վերակառուցումը սկսվել էր շուրջ մեկ տարի առաջ: Այսօր այն լիովին նոր տեսքով ու կահավորանքով հանձնվեց շահագործման: Առաջին այցելուները ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներն էին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

 

ԵՊՀ մարզահամա­լիրի և հյուրերի տան կառուցապատման և գույքի ձեռքբերման համար ծախսվել է շուրջ 1.3 մլրդ դրամ:

 

 

Մարզահամա­լիրի դահլիճներն ամբողջությամբ վերակառուցվել են, վերանորոգվել, փոփոխվել են կոյուղու, տաք և սառը ջրամատակարարման, էլեկտրականության և լուսավորման համակարգերը: Ամբողջ մասնաշենքի առաստաղով՝ 12 մ բարձրության վրա, կառուցվել է ջերմամեկուսացնող շերտը, ինչը հնարավորություն է տվել տեղադրելու օդափոխության, ջեռուցման, հովացման ավտոմատ համակարգեր: Վերակառուցվել են նաև տրիբունաները, փոխվել են մարզադաշտի հատակները, դռները, պատուհաններն ու տանիքը:

 

Դահլիճների մասնաշենքի 1-ին հարկում կառուցվել է ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան կաթսայատուն, որտեղ տեղադրված են 1.000 Կվտ և 400 Կվտ հզորությամբ, ավտոմատ համակարգով աշխատող եվրոպական արտադրության կաթսաներ: Կաթսայատունը ջերմային ցանցով միացված է մարզահամալիրին, ինչի արդյունքում ապահովվում է ջեռուցումն ու տաք ջրամատակարարումը:

 

 

Նախկին չգործող լողավազանի հիմքի վրա կառուցվել է հրաձգարանի նոր մասնաշենք, որտեղ առկա է համապատասխան օդափոխության, ջեռուցման, հովացման ավտոմատ, ինչպես նաև  հատուկ լուսավորության համակարգեր: Հրաձգարանն ունի 2 սրահ, որոնցից մեկը գործելու է որպես էլեկտրոնային հրաձգարան, մյուսը՝ պնևմոհրաձգարան: Սրահներից յուրաքանչյուրն ունի իր զենքի պահեստային մասը՝ կառուցված հատուկ մետաղական ամրացումով:

 

ԵՊՀ մարզահամալիրի մասնաշենքերից մեկն էլ ամբողջությամբ վերակառուցվել է՝ որպես եռահարկ հյուրատուն (19 սենյակ, կոնֆերենս դահլիճ, ճաշարան):

 

Մեծ դահլիճին ու հյուրանոցին կից կառուցվել է նաև ջեռուցմամբ, տաք ջրամատակարարմամբ, սանհանգույցներով և ավտոմատ հակահրդեհային ահազանգման համակարգով համալրված եռահարկ մասնաշենք, որտեղ տեղակայված են 10 աշխատասենյակներ, 8 լսարան և մոտ 200 քմ դահլիճ:

Այլ նորություններ
ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼ ԵՆ ԱՆՑԱԾ ՈՒՍՏԱՐԻՆ
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես բոլոր ֆակուլտետներում տեղի են ունեցել գիտխորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստեր, որոնց ընթացքում դեկանները հանդես են եկել հաշվետվությունների ներկայացմամբ:
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅՑԵՐԸ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը շարունակում է Մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների այցելությունները մարզային դպրոցներ: