02.02.2018 | 
Քաղաքականություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
ԵՊՀ ռեկտորն այսօր հյուրընկալել էր ՀՀ-ում (նստավայրը՝ Մոսկվա, ՌԴ) Մեքսիկայի Միացյալ Նահանգների դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոյին:

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը:

 

Հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը դեսպանին ներկայացրեց Մայր բուհի պատմությունը, կառուցվածքը և ներկայիս գործունեությունը. «Մեր բուհը դասական համալսարան է: Այստեղ գործում են 19 ֆակուլտետներ: Դրանք հենց այն ֆակուլտետներն են, որոնք բնորոշ են դասական բուհին՝ բացի նախկին Բժշկական ֆակուլտետից, քանի որ տարիներ առաջ այն անջատվել և դարձել է առանձին համալսարան: Բայց դրա փոխարեն մեզ մոտ գործում է Ֆարմացիայի ինստիտուտը, որը հագեցած է ժամանակակից տեխնիկայով»:

 

Արամ Սիմոնյանը խոսեց նաև բուհում գործող կենտրոնների, իրականացվող հետազոտական աշխատանքների, արտասահմանյան ուսանողների  աշխարհագրության ու միջազգային գործընկերների մասին. «Մեր գործընկերների մեծ մասը Ռուսաստանի Դաշնությունից են: Ունենք բազմաթիվ գործընկերներ Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և աշխարհի տարբեր երկրներից»:

 

Նորմա Պենսադո Մորենոն, շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար, նշեց, որ մեքսիկական համալսարանները ցանկանում են ընդլայնել միջազգային համագործակցությունների շրջանակը և միջազգային ճանաչում ձեռք բերել, ընդ որում՝ ոչ միայն մայրաքաղաք Մեխիկոյի, այլև ամբողջ երկրում տեղակայված բուհերը:

 

«Շատ կցանկանայի, որ մեր համալսարանները համագործակցեն ձեզ հետ: Հուսով եմ՝ մենք միասին կկարողանանք դնել այդ համագործակցության հիմքը և առաջին քայլերն իրականացնել»,- ասաց դեսպանը:

 

Հասմիկ Բաղդասարյանը և Ալեքսանդր Մարգարովը նույնպես հայտնեցին իրենց կարծիքները երկկողմ փոխհամագործակցությունն արդյունավետ սկսելու և զարգացնելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում կապեր հաստատելու վերաբերյալ:

 

Հանդիպման ավարտին ԵՊՀ ռեկտորը և Նորմա Պենսադո Մորենոն միմյանց գրքեր նվիրեցին:

Այլ նորություններ
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԱՊԱԳԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր Երևանի և մարզերի ավագ դպրոցների բարձր դասարանցիները մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելել էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ:
ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Այսօր Երևանի հ. 195, հ. 189, հ. 65, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ և Ստեփանակերտի հ. 11 ավագ դպրոցների աշակերտները հյուրընկալվել էին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում: