06.11.2009 | 
Գիտություն
ՖԻԶԻԿՈՍՆԵՐԻ ՀԵՏ` ՈՉ ՖԻԶԻԿԱՅԻ ԼԵԶՎՈՎ
ՖԻԶԻԿՈՍՆԵՐԻ ՀԵՏ` ՈՉ ՖԻԶԻԿԱՅԻ ԼԵԶՎՈՎ
«Հայկական Stonehenge-ի առեղծվածը բացահայտված է. Քարահունջ»:

Այսօր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերենց դահլիճում հենց այս թեմայով զեկուցում կարդաց Ռուս-հայկական պետական համալսարանի դասախոս, մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը: Սեմինարը կազմակերպել էր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը: Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Իշխան Վարդանյանը նշեց, որ Վաչագան Վահրադյանի հետ հանդիպումը կազմակերպվել է ֆակուլտետի աստղաֆիզիկայի բաժնի ուսանողների նախաձեռնությամբ:

 

Նույն զեկուցումը Օքսվորդի համալսարանում կարդալու հրավեր ստացած գիտնականը ուրախությամբ ընդունել է համալսարանականների առաջարկը: Բանախոսը նշեց, որ դեռեւս փոքր հասակից փորձում էր գտնել խոսուն փաստեր այն մասին, որ հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում: Ստացված մի շարք փաստերի վերաբերյալ արված հետազոտությունները հետագայում դասախոսությունների առիթ դարձան:

 

Վաչագան Վահրադյանը «Հայերը եւ համաշխարհային պատմությունը» խորագրի ներքո նկարահանել է 1 րոպեանոց տեսահոլովակներ, որոնք նվիրված են համաշխարհային պատմության մեջ նշանակալի դեր ունեցած իրադարձություններին կամ անձանց, որ առնչվում են հայ ազգին: Դասախոսությունից առաջ ներկաները հնարավորություն ունեցան տեսնելու նկարահանված երեք ֆիլմերը: Հեղինակը տեղեկացրեց, որ ֆինանսական աջակցության բացակայության պատճառով ժամանակավորապես ընդհատված շարքը շուտով կշարունակվի: «Այս շարքում ներկայացված փաստերից մեկի ուսումնասիրությունն էլ հետագայում ինձ հասցրեց Stonehenge-ի ու Քարահունջ-ի միջեւ կապի հետազոտությանը»,- ասաց Վաչագան Վահրադյանը:

 

Հիմնական դասախոսությունը հանդիսականին ներկայացվեց էլեկտրոնային տեսաշարի միջոցով: Հեղինակները (համահեղինակը`Մարինե Վահրադյան) մանրամասն ներկայացնում էին Stonehenge-ի կապը հայերի ու Քարահունջի հետ, փորձում գիտականորեն ապացուցել դրա աստղագիտական նշանակությունն ու կիրառությունը: Վերջում հեղինակը պատասխանեց ուսանողների հարցերին: Իր տեսակով ոչ նեղ մասնագիտական դասախոսությունը տարաբնույթ հարցերի ու երկար հարցուպատասխանի առիթ տվեց:

Այլ նորություններ
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ն. ՍԻՍԱԿՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «Կենսաքիմիայի, ճառագայթային և տիեզերական կենսաբանության արդի միտումները. մեծ Սիսակյանը և նրա հետազոտությունների կարևորությունը» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ-Ի ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության ամենամյա գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակին: