07.12.2017 | 
Մշակույթ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶԸ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶԸ
Դեկտեմբերի 6-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Հին հայկական տարազը» թեմայով զրույց-դասախոսություն:

«Մշակութային դաստիարակություն» ծրագրի շրջանակում Մշակույթի կենտրոնում հյուրընկալվել էր ՀՀ վաստակավոր նկարիչ, գեղանկարիչ, թատերանկարիչ Աշոտ Համբարձումյանը:

 

«Տարազները նկարիչները չեն պատրաստել: Հեղինակները մեր տատիկներն են, մեր մայրերը: Նրանց կողքին չի եղել ոչ մի նկարիչ: Այսօր ամեն մի տանն էլ կարող ենք տարազի մի մասունք հայտնաբերել: Դա և՛ ժառանգաբար է փոխանցվում, և՛ գենետիկորեն սերնդից սերունդ: Արյան կանչի ուժն է դա»,- ասաց ՀՀ վաստակավոր նկարիչը:

 

Հանդիպման ընթացքում Աշոտ Համբարձումյանը խոսեց տարազի առանձնահատկությունների, տեսակների, օտար ժողովուրդների տարազների ազդեցության, ինչպես նաև տարբեր զարդերի և հարդարանքների մասին, որոնք լրացնում են հագուստը և ամբողջացնում հայկական տարազը: Նա անդրադարձավ նաև տարազի պատմությանը՝ ըստ տարածաշրջանների: Ներկայացրեց Շատախի, Խարբերդի, Գավաշի, Նոր Ջուղայի, Երևանի, Արցախի, Գյումրիի, Լոռվա և մի շարք այլ շրջանների տարազները: Այնուհետև ցուցադրվեցին տարազների տեսակները՝ ըստ հասարակության շերտերի և խավերի:

 

Աշոտ Համբարձումյանը նշեց, որ բազմիցս հանդիպել է մի խումբ ուսանողների հետ և փորձել են նորաձևության պահանջներին չհամապատասխանող հագուստը վերաձևել տարազներին բնորոշ նախշերի միջոցով, նոր շունչ հաղորդել, դարձնել ավելի արդիական:

 

«Երբ տարազներ ենք պատրաստում, վարպետների հետ աշխատանքի ժամանակ ես ոչ թե նկարում եմ և ասում, թե ինչ նախշ անեն, այլ բացատրում եմ, թե դա ինչ նախշ է և ինչպես կարող են նրանք դա անել՝ համապատասխանեցնելով իրենց բնավորությանը: Յուրաքանչյուրը անհատ է, այդ իսկ պատճառով յուրաքանչյուրն իր տեսակով պետք է անի այդ ամենը: Այդ դեպքում աշխատանքդ ավելի մեծ սիրով ես անում. աշխատում է քո էներգետիկան, այլ ոչ թե դառնում ես մեխանիկական կատարող»,- նշեց Աշոտ Համբարձումյանը:

 

Հանդիպման ավարտին Աշոտ Համբարձումյանը խոսեց նաև տարազները ձևելու յուրահատկությունների մասին:

Այլ նորություններ
«ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ՃԱՄՓՈՐԴ. ԵՐԵՎԱՆ». ԿԱՅԱՑԱՎ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ
Այսօր Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում առաջին անգամ ցուցադրվեց ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանի «Հազարամյակների ճամփորդ. Երևան» գիտահանրամատչելի ֆիլմը։
#ԵՎՐԱՍԻԱ 2018. ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Սեպտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում անցկացվեց «Եվրասիա 2018» միջազգային երիտասարդական կրթական ֆորումը, որին մասնակցեց Ռուս բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ Աննա Խիզանցյանը: