09.08.2017 | 
Ուսանողական
ԵՊՀ-ԱԿԱՆՆԵՐԸ՝ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐ
ԵՊՀ-ԱԿԱՆՆԵՐԸ՝ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐ
Մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադայից Հայաստանը ներկայացնող թիմը Բուլղարիայից վերադարձավ երկու ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե մեդալով։

ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանող Ալբերտ Գևորգյանը այս տարի ևս Հայաստանի հավաքականի կազմում էր։ Նախորդ տարի նվաճել էր ոսկե մեդալ և արդեն իսկ գրանցել Հայաստանի պատմության ռեկորդ: Այս տարի 15-րդն էր, չնայած հույս ուներ հայտնվել լավագույն տասնյակում։ «Նախամրցաշարային շրջանում այնքան էլ լավ միտք չէ սեփական շանսերը հաշվելը։ Շատ ավելի լավ միտք է քրտնաջան աշխատելը»,- նշում է Ալբերտը, հավելելով, որ այդ աշխատանքը պետք է արվի սիրով:

Ըստ Ալբերտի, հաճելի է այն գիտակցումը, որ չնայած այն փաստին, որ Մայր բուհը արդեն մոտ է հարյուրամյակը բոլորելուն, ինքը կարողանում է ԵՊՀ-ի անունից գերազանցել ռեկորդներ և այդպիսով դառնալ բուհի պատմության թեկուզ փոքրիկ մասնիկը: Ալբերտն ասում է, որ իրեն շատ է օգնում այն զգացումը, որ ծնողները, բարեկամներն և ընկերները միշտ աջակցում են Երևանից, հատկապես ոգևորվում է, որ իր հաղթանակներն անկեղծ ուրախացնում են շատերին: «Ես շատ ուրախացա, որ կարողացա պարոն Քեռյանի քրտնաջան աշխատանքը և տված գիտելիքները վերադարձնել նրան՝ արդյունքի տեսքով»,- նշում է Մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադայի ոսկեմեդալակիրը:



ԵՊՀ դասախոս Կարեն Քեռյանը, ով արդեն 5 տարի է Հայաստանի մաթեմատիկայի ուսանողական թիմի ղեկավարն է մայիսի վերջին կամ հունիսի սկզբին անցկացնում է նախընտրական մրցույթ, որը բաց է համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար: Մրցույթին առաջադրվում են միջազգային օլիմպիադայի ոճի խնդիրներ և 4 ամենաբարձր միավորներ հավաքած մասնակիցներից կազմվում է միջազգային օլիմպիադայի թիմը: Այս տարի Մայր բուհի թիմը ներկայացնող անդամներն էին Ալբերտ Գևորգյանը, Վազգեն Միքայելյանը (ոսկե մեդալ), Ավետիք Կարագուլյանը և Գևորգ Մնացականյանը (արծաթե մեդալ)։

Նշենք, որ Հայաստանը ներկայացնող թիմը Մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադային մասնակցում է 2005 թվականից: Միայն ԵՊՀ-ն ներկայացնող թիմին 2014 թվականից միացել են նաև Հայաստանի Ամերիկյան և Հայ-ռուսական Սլավոնական համալսարանների ուսանողները: Այս տարի օլիմպիադային մասնակցել են 75 հայտնի բուհերի թիմեր, առաջին տեղը զբաղեցրել է Իսրայելի ազգային թիմը, երկրորդ տեղը բաժին է հասել Պետերբուգի համալսարանի խմբին, իսկ երրորդը Մոսկվայի ֆիզիկատեխնոլոգիական ինստիտուտի թիմն էր:

Այլ նորություններ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ԻՐ ՓՈՐՁԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Այսօր ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հանդիպեց «Բանավեճի միջբուհական ակումբային առաջնություն-2017»-ի մասնակիցների հետ:
ԵՐԳԻՉ ՍԵՎԱԿ ԽԱՆԱՂՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՐ ԷՐ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի նախաձեռնությամբ Ե. Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-զրույց երգիչ Սևակ Խանաղյանի հետ: