08.05.2014 | 
Հասարակություն
ԿՀԻՄՆԱԴՐՎԻ ԵՐԱԽՏԻՔԻ ԾԱՌՈՒՂԻ
ԿՀԻՄՆԱԴՐՎԻ ԵՐԱԽՏԻՔԻ ԾԱՌՈՒՂԻ
Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ ԵՊՀ գրադարանի մուտքի մոտ կհիմնադրվի երախտիքի ծառուղի, որտեղ կտեղադրվեն հայանպաստ գործունեություն ծավալած օտարազգի հայտնի գործիչների կիսանդրիները:

Երևանի պետական համալսարանը Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ նախաձեռնել է երախտիքի ծառուղու հիմնում, որտեղ կտեղադրվեն 20-րդ դարի սկզբի մեծագույն ողբերգությունը հասարակական լայն շրջանակներում քննադատած, բողոքի ու կարեկցանքի խոսքեր արտահայտած, ինչպես նաև հայության մի ստվար հատվածին մահվան ճիրաններից փրկած ու բազմապիսի օգնություն ցուցաբերած օտարազգի հայտնի գործիչների կիսանդրիները:

 

Այդպիսի գործիչների թիվը, բնականաբար, շատ-շատ է, սակայն խորհրդանշական ընտրվել են 12 գործիչներ՝ Ֆրիտյոֆ Նանսեն, Ֆրանց Վերֆել, Յոհաննես Լեփսիուս, Կարեն Յեպպե, Հենրի Մորգենթաու, Ջեյմս Բրայս, Արմին Վեգներ, Անատոլ Ֆրանս, Յակոբ Քյունցլեր, Ռաֆայել Լեմկին, Պիեռ Քիառ և Ալմա Յոհանսոն:

 

Երախտիքի ծառուղին ստեղծելու նպատակով Մայր բուհը վարչական, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և այլ աշխատակիցների շրջանում նախաձեռնում է դրամահավաք:  

 

Յուրաքանչյուր ոք, ով ուզում է մասնակից դառնալ նախադեպը չունեցող իրադարձությանը, կարող է հնարավորության սահմաններում ֆինանսապես աջակցել Հայոց ցեղասպանության հիշատակը հարգող ծառուղու ստեղծմանը:

 

Գործընթացը կազմակերպելու համար ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումներում, մասնավորապես ֆակուլտետներում ստորաբաժանումների ղեկավարների, դասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք հավաքված գումարը սահմանված պարբերականությամբ և արձանագրությամբ կհանձնեն ԵՊՀ հաշվապահությանը:

 

Դրամահավաքն անցկացվում է բացառապես կամավորության հիմունքներով և անանուն, սակայն իրենց անունն ու գումարի չափը հրապարակել ցանկացողները կունենան այդ հնարավորությունը:

 

Հավելենք, որ այս նախաձեռնությունը ոչ միայն Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ Երևանի պետական համալսարանի երախտիքի խոսքն է հայության իրավունքների ու շահերի պաշտպանությամբ հանդես եկած օտարազգի մեծ մարդասերներին, այլև հայության դեմ իրագործված մեծագույն ոճիրը դատապարտող գաղափարի շուրջ համալսարանականների համախմբման յուրահատուկ մոտեցում է:           

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԴԵՄ Է ՆՇՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆԸ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ մամուլում տարածվեց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի մի հարցման պատասխան, որով Կոմիտեն տեղեկացնում էր, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ Աբովյան 52 հասցեում գտնվող գույքի (ավտոկայանատեղի, 197.27 մ2) օտարման վերաբերյալ ունեն առաջարկ, որը քննարկում են շահագրգիռ կողմերի հետ։
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը Միջազգային համագործակցության վարչության հետ «PRO EXTOUR» նախագծի շրջանակում կազմակերպել էր կոնֆերանս-քննարկում «Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում» խորագրով: