08.10.2014 | 
Հասարակություն
100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ԱՅՍՕՐՎԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՎԱՂՎԱ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ
100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ԱՅՍՕՐՎԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՎԱՂՎԱ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ
Այսօր ԵՊՀ-ում անցկացվեց «Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցը 100-ամյակին ընդառաջ» խորագրով դասախոսություն-քննարկումը:

Նախաձեռնողները Պատմության ֆակուլտետի ղեկավարությունն ու «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներն էին, ովքեր սովորում են ԵՊՀ-ում: Քննարկմանը մասնակցում էին ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներն ու դասախոսները, իսկ բանախոսներն էին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը և ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Լևոն Մկրտչյանը:

 

Քննարկման կազմակերպիչների առաջնային նպատակը ուսանողների շրջանում թեմայի նկատմամբ հետաքրքրության բարձրացումն էր: «Այսօրվա մեր պատմաբան հետազոտողներին ավելի շատ պետք է մտահոգի Հայոց դատի պաշտպանության խնդիրը: Պետք են մասնագետներ, որոնք մանրամասն կուսումնասիրեն պատմական փաստաթղթերը, մասնագետներ, որոնք հարցին կմոտենան տարբեր տեսանկյուններից՝ իրավական, տնտեսական, մշակութային և այլն: Մեզ հայրենազրկել են: Դրանք խնդիրներ են, որոնք պետք է հանել միջազգային հարթակ ու դնել քննարկման»,- նշեց Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:    

 

Նրա համոզմամբ՝ այսօր ամենաառաջնայինը Հայոց ցեղասպանության հարցը իրավական դաշտ տեղափոխելն է: Հենց այդ թեմային էլ նվիրված էր Լևոն Մկրտչյանի դասախոսությունը: Միջազգային պայմանագրեր, արձանագրություններ, իրավական ակտեր և այլն. բանախոսը համոզված է, որ հայկական կողմը պետք է դիմի միջազգային դատարան, իսկ նախքան այդ պետք են մասնագետներ՝ իրավաբաններ, բժիշկներ, տնտեսագետներ, հոգեբաններ և ուրիշներ՝ Ցեղասպանության հետևանքները հանգամանորեն ներկայացնելու համար:

    

Մյուս բանախոսը՝ Հայկազուն Ալվրցյանը, ներկայացրեց Արևմտյան Հայաստանի դեմոգրաֆիական պատկերը՝ անդրադառնալով հատկապես իսլամացած հայերին:

 

«Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի մյուս բնակավայրերում քրիստոնյա հայ համարվող 3000-5000 մարդ կա, իսկ իսլամացած հայերի թիվը տարբեր տվյալներով բավականին մեծ է: Նրանք հիմնականում բնակվում են Պոնտոսում (համշենահայերը), Կիլիկիայում, Փոքր Հայքում և այլն: Նրանք շատ կարևոր դերակատարություն ունեն իրենց տարածաշրջանում: Վերջին 20 տարում հայաստանցի հայերից, սփյուռքահայերից, արցախահայերից և ջավախահայերից բացի՝ առանձնացնում ենք հայերի ևս մեկ խումբ՝ կրոնափոխ հայեր, որոնք քաղաքական առումով մեզ համար շատ կարևոր են»,- փաստեց պարոն Ալվրցյանը:

 

Շուրջ 2 ժամ տևած քննարկմանը բավականին ակտիվ մասնակցում էին ուսանողները, հայտնում իրենց կարծիքները, որոշ դեպքերում էլ անում կոնկրետ առաջարկներ՝ այս կամ այն հարցի լուծման համար:  

 

«Շղթան սկսվեց ԵՊՀ պատմության ֆակուլտետից, սակայն մտադիր ենք այսպիսի միջոցառումներ անցկացնել նաև այլ բուհերում, քանի որ, մեր խորին համոզմամբ, հենց երիտասարդները, ուսանողները պետք է առաջ տանեն Հայ դատը և բարձրացնի Հայոց ցեղասպանության խնդիրը»,- նշեց «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Ռուսլան Բարսեղյանը:

 

Նշենք, որ Պատմության ֆակուլտետը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պատրաստվում է իրականացնել ևս մի քանի խոշոր միջոցառումներ:

Այլ նորություններ
 «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՉՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ». ՀԱՅԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Համավարակի հետևանքով տնտեսության և դրա ոլորտների առջև ծառացած խնդիրների ու դրանց լուծման հնարավոր ճանապարհների մասին զրուցել ենք ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանի հետ։
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Երևանի համալսարանի հիմնադրումը հայ ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն իրադարձություններից էր: Այն, ըստ էության, իրականացրեց մեր ժողովրդի կրթության ու լուսավորության ձգտումներն ու երազանքները: