03.04.2020 | 
Հասարակություն
‹‹ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՒՃԱՊ ԱՌԱՋԱՑՆԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԱՅԴ ՊԱՏՃԱՌՈՎ ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՆ ՈՒ ՀԱԳԵՑՆԵԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՐԱՎԸ››. ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
‹‹ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՒՃԱՊ ԱՌԱՋԱՑՆԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԱՅԴ ՊԱՏՃԱՌՈՎ ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ  ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ  ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՆ ՈՒ ՀԱԳԵՑՆԵԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՐԱՎԸ››.  ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ ֆակուլտետներն անցել են հեռավար ուսուցման:

Հեռավար ուսուցման շրջանակում  ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիրն այսօր ուսանողների համար կազմակերպել էր առցանց դասախոսություն՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի մասնակցությամբ:

 

Առցանց դասախոսության ընթացքում Բորիս Նավասարդյանը  ներկայացրեց արտակարգ իրավիճակներում լրատվության առջև ծառացած մարտահրավերները:

 

Վերջինս նշեց, որ այս օրերին լրագրողները բավականին հաճախ առնչվում են համավարակի թեմայի մասին տարածվող նորությունների իրավական և էթիկական խնդիրներին:

 

‹‹Այս օրերին հաճախ կարելի է հանդիպել նոր «COVID-19» համավարակի՝ նաև ‹‹Չինական վարակ›› անվանմանը,- փաստեց Բորիս Նավասարդյանը,- ինչը կարող է բացասական վերաբերմունք ձևավորել տվյալ երկրի նկատմամբ, ուստի լրագրողները պետք է խուսափեն նմանօրինակ բնորոշումներից››:

 

Ըստ բանախոսի՝ տարիներ առաջ այսպիսի բացասական վերաբերմունքի  արժանացել էր նաև Իսպանիան այնտեղ բռնկված ‹‹Իսպանական գրիպ››-ի պատճառով:

 

Հատկանշական են նաև վարակակիրներին վերաբերող տեղեկատվության տարածման  մոտեցումները. թեև տարբեր երկրներում դրանք տարբեր են, բայց բոլորի համար ընդհանուր է անձի նույնականացման խնդրից խուսափելը:

 

Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ, այս պահին որակյալ բովանդակություն ձևավորելու համար չպետք է համավարակին վերաբերող կանխատեսումների մասին տեղեկատվություն տարածել. ‹‹Այժմ շատ ավելի արժեքավոր է տեղեկացնել, թե ինչպես կարելի է սեփական անձը և միջավայրի մարդկանց պաշտպանել  համավարակից››:

 

Բացի դրանից, ըստ բանախոսի, շատ կարևոր է տիրապետել տեղեկատվական դաշտին, ինչպես նաև մրցակից լրատվամիջոցներին գերազանցել թեմայի մասին ունեցած հարուստ գիտելիքներով:

 

 

‹‹Մեր ժամանակներում լրագրողներին մրցակից են նաև սովորական օգտատերերը, որոնք ունեն հետաքրքիր մտքեր այս կամ այն թեմայի վերաբերյալ,- փաստեց  Բորիս Նավասարդյանը,- ուստի լրագրողը պետք է օգտագործի ձեռքի տակ եղած միջոցներն ու անընդհատ հարստացնի գիտելիքները նորերով››:

 

Բանախոսը նշեց, որ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս չստեղծելու տեղեկատվական սով, ինչը կարող է խուճապի պատճառ դառնալ. ‹‹Տեղեկատվության պակասը կարող է խուճապ առաջացնել հասարակության մեջ, այդ պատճառով  պետք է օգտագործել ժամանակակից  տեղեկատվական տեխնոլոգիաներն ու հագեցնել տեղեկատվական ծարավը››։

 

Անդրադառնալով ավանդական և նոր մեդիայի  մրցակցությանը՝ Բ. Նավասարդյանը փաստեց, որ այժմ կարելի է խոսել ոչ թե մրցակցության, այլ համակեցության մասին. ‹‹Այս օրերին մենք շատ հաճախ կարող ենք տեսնել, թե ինչպես է ավանդական և նոր մեդիան ապրում համակեցությամբ՝ օգտագործելով մեկը մյուսի նյութերն ու հնարավորությունները››:

 

Բանախոսն առցանց դասախոսությունը եզրափակեց՝ ներկայացնելով Հայաստանում դեռևս փորձարարական փուլում գտնվող լրագրողական դիտորդ մարմնի մասին տեղեկատվություն:

 

Նշենք, որ առցանց դասախոսությունների շարքը շարունակական է լինելու:

 

Անի Պողոսյան

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ապացույցների թույլատրելիության ինստիտուտի զարգացումը ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում» խորագրով սեմինար-քննարկում։