21.03.2020 | 
Կրթություն
ՄԱՐՏԻ 23-ԻՑ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ՝ ԸՍՏ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԱՍԱՑՈՒՑԱԿԻ
ՄԱՐՏԻ 23-ԻՑ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ՝ ԸՍՏ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԱՍԱՑՈՒՑԱԿԻ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը նախապատրաստել ու փորձարկել է առցանց դասախոսությունների հարթակը (տեսակապի միջոցով) և պատրաստ է լիարժեք կազմակերպել ուսումնական գործընթացը:

Մեզ հետ զրույցում Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ասաց, որ ֆակուլտետում դեռևս մարտի 2-8-ն ընկած ժամանակահատվածում, երբ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ դադարեցվել էր ուսումնական գործընթացը, իրականացվել է հեռավար ուսուցում:

 

«Այդ ժամանակ «Moodle» էլեկտրոնային ուսուցման համակարգի միջոցով տվյալ թեմայի վերաբերյալ ուսանողներին տրամադրվել էին նյութեր, ապա տրվել  առաջադրանքներ, ինչպես նաև դրանց կատարման վերաբերյալ պարզաբանող տեղեկատվություն։ Սահմանվել էր հստակ ժամկետ, որի ընթացքում ուսանողները կատարել էին հանձնարարությունները»,- պարզաբանեց ֆակուլտետի դեկանը:

 

Նրա փոխանցմամբ, ՀՀ տարածքում մեկ ամիս արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ հեռավար ուսուցումն ավելի համակարգված իրականացնելն արդեն անհրաժեշտություն դարձավ. «Ֆակուլտետը սկսեց լրջորեն նախապատրաստվել այդ գործընթացին»:

 

«Մարտի 16-ին մենք անցկացրինք առցանց քննարկում, որին մասնակցեցին նաև բոլոր կուրսերի ավագները, ինչպես նաև ուսանողական կառույցների ղեկավարները, և որոշեցինք կիրառել առցանց բոլոր հարթակները, մասնավորապես «Moodle» էլեկտրոնային ուսուցման համակարգը և դրա միջոցով իրականացվող «BigBlueButton» վեբկոնֆերենց հավելվածը՝ հնարավորինս արդյունավետ կազմակերպելու հեռավար ուսուցումը»,- պատմեց Գագիկ Ղազինյանը:

 

Իրավագիտության ֆակուլտետի դեկանի հավաստմամբ, ֆակուլտետի աշխատանքային խումբը՝ ի դեմս դեկանի օգնական Աշոտ Պետրոսյանի, Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի, ինչպես նաև Տեղեկատվական համակարգերի վարչության աշխատակիցների օժանդակությամբ արդեն ավարտին է հասցրել նախապատրաստական աշխատանքները:

 

«Մարտի 23-ից ֆակուլտետը պատրաստ է ըստ դասացուցակի իրականցնել ուսումնական գործընթացը՝ դասախոսությունները տեսակապի միջոցով, իսկ գործնական և սեմինար պարապմունքները` հիմնականում «Moodle» էլեկտրոնային ուսուցման համակարգի միջոցով»,- ասաց Գագիկ Ղազինյանը:

 

Մեզ հետ զրույցում նա պատմեց նաև, որ այս ընթացքում ֆակուլտետում իրականացվել են բազմաթիվ փորձնական դասեր: Առավել հաջողված են եղել Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանի՝ առաջինկուրսեցիների հետ անցկացված դասախոսությունները, որոնց ընթացում դասախոսությանը մասնակցող ուսանողների թիվը հասել է 96-ի:

 

«Առցանց այդ պարապմունքների ընթացքում ստուգվել են բոլոր հնարավորությունները, և այսօր մենք պատրաստ ենք լիարժեք կազմակերպելու ուսումնական գործընթացը: Դրա համար մենք որոշել ենք նաև, որ յուրաքանչյուր դասախոս իր դասընթացին էլեկտրոնային ուսուցման համակարգ հրավիրելու է  նաև ամբիոնի վարիչին, ինչը թույլ կտա վերջինիս հետևելու գործընթացին: Ամբիոնների վարիչները ոչ թե կմասնակցեն առցանց դասընթացներին, այլ կհետևեն, թե որ դասն է իրականացվել, քանի ուսանող է մասնակցել դրան և այլն, ապա կներկայացնեն հաշվետվություն»,- ասաց Գագիկ Ղազինյանը:

 

Նրա կարծիքով, ամեն ինչ կախված է ուսանողների ակտիվությունից. «Նրանց ոգևորելու համար մենք որոշել ենք, որ առցանց դասընթացների ժամանակ ուսանողների ակտիվությունը խրախուսվելու է, և եզրափակիչ քննությանը կախված ակտիվությունից, հանձնարարությունների կատարման որակից՝  նրանց տրվելու են լրացուցիչ միավորներ»:

 

Տեղեկացնենք, որ մարտի 23-ից Իրավագիտության ֆակուլտետում դասախոսությունները կանցկացվեն կից ներկայացվող դասատախտակով: Գործնական և սեմինար պարապմունքները կիրականացվեն ԵՊՀ  տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի կողմից մշակած «e-learning.ysu.am» և այլ առցանց հարթակների օգնությամբ:

 

1-ին կուրսի դասացուցակ

 

2-րդ կուրսի դասացուցակ

 

3-րդ կուրսի դասացուցակ

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՊՀ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ՆՈՐ ԳՈՐԾԻՔ
ԵՊՀ ուսուցման կառավարման առցանց հարթակում՝ https://e-learning.ysu.am-ում («Moodle»), բացի արդեն առկա առցանց դասախոսությունների իրականացման («Webinar», «Bigbluebutton») համակարգերից՝ ներդրվել է նաև «Zoom» (վիդեոկոնֆերանս, վեբկոնֆերանս) գործիքը։
«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ՝ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՂԱՆԱԿԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ, ԲԱՐՁՐ ԿՈՒՐՍԵՐՈՒՄ ՏԵՍԱՁԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ԿԴԱՌՆԱ ՀԻՄՆԱԿԱՆԸ». ԽԱՉԱՏՈՒՐ ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆ
Ելնելով մարտի 16-ին ՀՀ տարածքում հայտարարված արտակարգ դրությունից՝ ԵՊՀ ֆակուլտետները շարունակում են իրենց բնականոն ուսումնական գործընթացը՝ ըստ սահմանված դասատախտակի անցնելով հեռավար ուսուցման: