04.06.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ ԱՆՁԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է «ՔՆՆԱԿԱՆ ՍԹՐԵՍ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԵՊՀ ԱՆՁԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է «ՔՆՆԱԿԱՆ ՍԹՐԵՍ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնը, հաշվի առնելով քննական շրջանի մոտալուտ սկիզբը և դրա հետ կապված հնարավոր բացասական ապրումներն ու զգացողությունները, նախաձեռնել և կազմակերպել է «Քննական սթրես» թեմայով առցանց հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել է 27 ուսանող ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից:

Հանդիպումը վարել են ԵՊՀ «Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտներ Շուշաննա Հասասյանը և Վիկտորյա Ծատուրյանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ ինչ է սթրեսը, ինչպես է այն առաջանում, որոնք են քննական սթրեսի հետ կապված ապրումները, ինչպես կարելի է կառավարել այն, հատկապես որ ավտոմատ մտքերը և որ սովորություններն են նպաստում սթրեսի ապրմանն ու վերապրմանը քննություններին պատրաստվելիս և քննության ընթացքում:

 

Բանախոսները գործնական խորհուրդներ տվեցին, թե ինչպես կարելի է հաղթահարել սթրեսը և անհագստությունը, իսկ ուսանողները պատմեցին, թե իրենք ինչպես են հաղթահարում քննական շրջանում առաջ եկող անհանգստությունը:

 

Հետադարձ կապի միջոցով ուսանողների կողմից եղան դրական արձագանքներ և հետագա հանդիպումների թեմաների առաջարկներ:

 

 

Նշենք, որ Անձի հոգեբանության ամբիոնը վերջին մեկ տարում կազմակերպել է մի շարք վեբինարներ, որոնք նվիրված էին սթրեսի հաղթահարմանը և դիմակայունությանը՝ նպատակ ունենալով զարգացնելու հոգեկրթության գաղափարը և նպաստելու հոգեբանական գիտելիքի կիրառմանն այս դժվար ժամանակաշրջանում:

 

Առցանց հանդիպման համար ընտրվել է «Քննական սթրես» թեման, քանի որ շատ հոգեբանական բնույթի խնդիրներ կարող են խոչընդոտ դառնալ ակադեմիական առաջադիմության համար, մինչդեռ այդ խնդիրների հաղթահարումը կհանգեցնի ուսանողների անձնային աճին՝ նպաստելով նաև նրանց մասնագիտական զարգացմանը:

 

Հավելենք նաև, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու:

Այլ նորություններ
ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նախաձեռնությամբ ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ արդեն ավանդական դարձած հանդիպումը:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ՎԱՐԴԱՆ ԱՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Վարդան Ամալյանի անվան կրթաթոշակի համար հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփման արարողությունը: