10.04.2020 | 
Հասարակություն
«ՄՇԱԿՈՒՅԹԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՊԱՐԶԱՊԵՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ, ԱՅԼ ՆՐԱ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԸՆԴԱՐՁԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՔԱՆԻ ՈՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԿՅԱՆՔԻՆ ՏԱԼԻՍ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ». ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«ՄՇԱԿՈՒՅԹԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՊԱՐԶԱՊԵՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ, ԱՅԼ ՆՐԱ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԸՆԴԱՐՁԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՔԱՆԻ ՈՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԿՅԱՆՔԻՆ ՏԱԼԻՍ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ». ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ դեկան Նաղաշ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ, ամեն ուրբաթ կազմակերպում է առցանց հանդիպումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ:

Այսօրվա առցանց դասախոսության հյուրն էր հրապարակախոս, կինոգետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը:


Առցանց դասախոսությունը կրում էր ‹‹Արվեստը և ժուռնալիստիկան. փոխառնչություններ և հիմնախնդիրները›› խորագիրը։

Դասախոսության սկզբում Դավիթ Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ընձեռված հնարավորության համար՝ նշելով, որ առաջին անգամ է առցանց դասախոսությամբ հանդես գալու:

 

Անդրադառնալով դասախոսության թեմային՝ վերջինս փաստեց, որ մշակույթն այն ոլորտն է, որին լրագրողները մասնագիտական գործունեության ընթացքում հաճախ են անդրադառնում՝ լուսաբանելով  մշակութային կյանքը,  իրադարձությունները և մշակույթը ներկայացնող մարդկանց․ ‹‹Ըստ էության, մշակութային կյանքի լուսաբանումը լրագրողի մասնագիտական գործունեության էական կողմերից է››:

 

Առցանց հանդիպման ընթացքում Դավիթ Մուրադյանն անդրադարձավ մշակույթի  էությանն ու ժողովրդի կյանքում ունեցած նշանակալի դերին․ «Մշակույթը կյանքի ինքնուրույն ձև է, որը  գումարվում է մեր իրականությանը, ոչ միայն այն արտացոլելու, այլև այդ իրականությանն ինչ-որ բան ավելացնելու համար՝ բովանդակություն, փիլիսոփայություն, իդեալ, արժեհամակարգ, յուրահատուկ էություն››:

 

Ըստ Դավիթ Մուրադյանի՝ մշակույթը միայն ֆիլմը, երաժշտությունը կամ թատրոնը չէ․ հող մշակելը, որը  հետո պտղավորվելու ու բերք է տալու, տարածք, որ հայրենիք  պետք է դարձնել, սա նույնպես մշակույթ է:

 

 

‹‹Մշակույթը ստեղծվել է ոչ միայն  պարզապես իրականությունն արտացոլելու, այլ նրա սահմանները ընդարձակելու և այն հաղթահարելու համար, քանի որ մշակույթը կյանքին տալիս է լրացուցիչ տարածություն››,- նշեց բանախոսը:

Ըստ նրա՝ բոլոր հզոր պետությունների հիմքում ընկած է մշակութային խորը նախահյուսվածքը, որի մեջ կարևորագույնը լեզուն է․ ‹‹Լեզուն անկախություն է, քանի որ հենց  լեզուն է պայմանավորում մշակույթի ինչպիսին լինելը››:

 

Բանախոսն անդրադարձավ նաև հայերենին՝ համարելով այն  բացառիկ ինտելեկտուալ հնարավորություն ունեցող լեզու, որն իր մեջ ահռելի հիշողություն է կրում ՝ հընթացս մատնանշելով նաև հայոց լեզվի արդիական մարտահրավերները:

‹‹Գաղտնիք չէ, որ լրագրողի հիմնական աշխատանքային գործիքը լեզուն է, որքան լեզուն իջնի դեպի կենցաղ, այդքան մենք կամաց-կամաց կիջեցնենք մեր իսկ մարդկային հոգեձգտումների որակը››,-ասաց Դավիթ Մուրադյանը:

 

Առցանց դասախոսության վերջում Դավիթ Մուրադյանը պարզաբանեց, որ հայ մշակույթի դիմագիծն ուսումնասիրելիս  պարզ է դառնում, որ մենք և՛ արևելյան, և՛ արևմտյան մշակույթի տարրեր ենք կրում, ինչը հնարավորություն է տալիս այդ աշխարհների հետ հարաբերություններ ստեղծելու՝ տալով քաղաքական բանալիներ․ ‹‹Սա այն է, ինչ ես անվանում եմ հայկական մշակութային ֆենոմեն, որը եթե ապրում է մեր մեջ և մենք էլ իր մեջ, ուրեմն մենք պաշտպանված ենք››։

 

Անի Պողոսյան

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
ԵՊՀ աշխատողների, նրանց ընտանիքների և ուսանողների հանգիստը կազմակերպելու նպատակով հուլիսի 13-ից սկսվում է Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում սենյակների ամրագրման գործընթացը։
ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՆԳԻՍՏՆ ԱՌԱՎԵԼ ՄԱՏՉԵԼԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը պայմանավորվածություն է ձեռք բերել տուրիստական գործակալության հետ՝ համալսարանի աշխատողների հանգիստն առավել մատչելի դարձնելու համար: