ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից ամիսներ շարունակ իրականացվող ԵՊՀ հյուրընկալությունների և դպրոցներ այցելությունների նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և ուղղորդել դեպի ԵՊՀ:
Նշենք, որ աշակերտները ցանկություն էին հայտնել լինել հենց Իրավագիտության ֆակուլտետում և ծանոթանալ վերջինիս գործունեությանը:
Ապագա դիմորդներին ողջունեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
Վերջինս աշակերտներին ներկայացրեց ֆակուլտետի պատմությունը, անդրադարձավ ուսումնական գործընթացը կազմակերպող 7 ամբիոններին, պրոֆեսորադասախոսական կազմին, երիտասարդ մասնագետների հետ ունեցած համագործակցությանը:
Նա նշեց, որ Իրավագիտության ֆակուլտետը մյուս բոլոր ֆակուլտետներից առանձնանում է, քանի որ այստեղ դասավանդում են 7 սերնդի ներկայացուցիչներ:
«Որպես կանոն, լավագույն մտքերն ու գաղափարներն ունենում են երիտասարդները, իսկ ավելի փորձառուները՝ նպաստում դրանց իրագործմանը»,- ընդգծեց դեկանը:
Անդրադառնալով իրավագետի մասնագիտությանը՝ դեկանը շեշտեց. «Ամբողջ աշխարհում իրավագիտությունը համարվում է էլիտար մասնագիտություն, ինչպես և բժշկագիտությունն ու տնտեսագիտությունը: Մասնագիտության էլիտարությունը պայմանավորված է հասարակության պահանջով: Դուք չեք կարող գտնել հանրային կյանքի որևէ բնագավառ, որտեղ անհրաժեշտ չլինի իրավաբանի աջակցությունը»:
Գ. Ղազինյանը խոսեց նաև ՀՀ և եվրոպական առաջատար բուհերի հետ ունեցած համագործակցությունների և հետագա ծրագրերի մասին:
Հանդիպման ընթացքում աշակերտները հնչեցրին իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերում էին ընդունելության կարգին, ընթացքին, աշխատաշուկայում իրավագետի մասնագիտության պահանջարկին, աշխատատեղերին:
Իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Գոհար Ավագյանն էլ աշակերտներին պատմեց ֆակուլտետի ուսանողական ակտիվ կյանքի, տարաբնույթ մրցույթների, բանավեճ-քննարկումների, գիտաժողովների և պրակտիկաների մասին:
ysu.am-ը զրուցեց նաև Իրավագիտություն մասնագիտություն ընտրող դիմորդների հետ: Մոնա Նազարյանը դեռ մանկուց երազել է, որ լավ իրավաբան է դառնալու:
Դեկանի հետ հանդիպումից և ֆակուլտետի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալուց հետո Մոնան վստահ է, որ դառնալու է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող և լավ շրջանավարտ. «Ես ընտրելու եմ փաստաբանի մասնագիտացումը և կանեմ առավելագույնն այս ֆակուլտետի լավագույն շրջանավարտներից մեկը դառնալու համար»: