13.12.2019 | 
Հասարակություն
ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԴԱՏԱԽԱՂ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԴԱՏԱԽԱՂ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել վարչական դատավարության միջհոսքային դատախաղ:

Դատախաղը կազմակերպվել է Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ Տիգրան Խաչիկյանի և ֆակուլտետի ՈՒԳԸ-ի համատեղ նախաձեռնությամբ: Այն անցկացվել է երրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ Տիգրան Խաչիկյանի կողմից դասավանդվող «Վարչական դատավարություն» դասընթացի շրջանակում:

 

Մեզ հետ զրույցում դասընթացի ղեկավարն ասաց, որ դատախաղն ուսումնական տարվա ընթացքում ուսանողների ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն է, որը լավագույնս արդյունավետ իրականացնելու համար այն հնարավորինս նմանեցվել է իրական դատավարությանը:

 

«Ավելին՝ դատական նիստը, մեր խնդրանքով, վարում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը, ինչն անշուշտ բարձրացնում է ուսանողների պատասխանատվությունը դատախաղին պատշաճ ներկայանալու հարցում»,- ասաց Տիգրան Խաչիկյանը:

 

 

Դատախաղը կառուցված էր հետևյալ գործի հիման վրա. անձը մաքսային սահմանով տեղափոխել է ապրանք, որի մաքսային արժեքը գերազանցում է օրենքով թույլատրվող այն շեմը, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն: Կա հանգամանք. արարքը կատարելուց հետո ԱԺ-ն ընդունել է օրենք, որով այդ նորմն ապաքրեականացվել է, և այժմ ՊԵԿ-ն այդ անձին առաջադրել է վարչական պատասխանատվություն:

 

«Այսօր էլ վիճակվում է հարցն այն համատեքստում, որ եթե որևէ արարքի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, ապա պետք է լինի բացառապես քրեական պատասխանատվություն, և չպետք է առաջանան վարչաիրավական ներգործության միջոցներ»,- տեղեկացրեց Տիգրան Խաչիկյանը:

 

Նա փաստեց, որ դատախաղին պատրաստվելիս ուսանողները նախապես խմբային աշխատանք են տարել՝ միմյանց միջև բաժանելով դերերը, հստակեցնելով որդեգրված դիրքորոշումները, պատրաստելով հարցեր իրենց թիմի համար բարենպաստ և հակառակ կողմի վկաների համար, փորձելով կանխատեսել հակառակ կողմի հարցերը, ինչպես նաև պատրաստելով բացման խոսքերը և դատական ճառերը: 

 

Տիգրան Խաչիկյանի հավաստմամբ, դատախաղը շատ արդյունավետ է, քանի որ դրա շնորհիվ ուսանողները ձեռք են բերում ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև գործնական հմտություններ:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԻՍՊԱՆԱՑԻ ԳՐՈՂ, ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ ԳՈՆՍԱԼՈ ԳՈՒԱՐՉԻ ԲԱՑ ՆԱՄԱԿՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Ղարաբաղի Հանրապետության նախագահ մեծարգո պարոն Արայիկ Հարությունյանին
ԵՊՀ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ-ԱՐՇԱՎԻՆ՝ ՓՈԽԱՆՑԵԼՈՎ ԱՎԵԼԻ ՔԱՆ 55 ՄԼՆ ԴՐԱՄ
ԵՊՀ-ն հատուկ բացված հաշվեհամարին փոխանցել է ևս 30 մլն դրամ, Իջևանի մասնաճյուղը՝ 5.5 մլն դրամ, իսկ աշխատակիցները՝ ավելի քան 20 մլն դրամ։